Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արձակումը դիտել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ով բարձր է գնահատել հրթիռի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու ունակությունը։
Փհենյանի տվյալներով՝ հրթիռը թռչել է մոտ 1,500 կմ՝ նախքան Ճապոնական ծովին հարվածելը։ Սեուլը, սակայն, նշում է 1,100 կմ հեռավորության մասին։ Հարավկորեացի փորձագետները կարծում են, թե Ռուսաստանը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել այդ զենքի մշակման գործում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այդ օրերին Հարավային Կորեայում էր, դատապարտել է փորձարկումը՝ նշելով, որ այն խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները։ Նաև մտահոգություն է հայտնել, թե Ռուսաստանը ունակ է Փհենյանին տրամադրել տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաներ։
Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Սթարչակի խոսքով՝ հյուսիսկորեացի մասնագետներն այցելել են ռուսական արբանյակաշինական կազմակերպություններ։ Սակայն փորձագետը կասկածում է, որ Մոսկվան կփոխանցի հիպերձայնային տեխնոլոգիաները՝ ենթադրելով, որ դրանք կարող էին են հասնել Պեկինից։
Սթարչակի կարծիքով՝ իրական վտանգը կայանում է նրանում, որ Ռուսաստանը կարող է օգնել Հյուսիսային Կորեային ստեղծել լրտեսող արբանյակային համակարգ և մատակարարել հրթիռային վառելիք ու շարժիչներ։ Սակայն նա կասկածում է հիպերձայնային տեխնոլոգիաների փոխանցման առնչությամբ, քանի որ Փհենյանը կարող է վճարել միայն զինամթերքով և զինվորներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու նպատալով, իսկ այդքանը բավարար չէ նման տեխնոլոգիայի համար։
Դեռ 2012 թվականի դեկտեմբերին Հյուսիսային Կորեան դարձավ աշխարհի 10-րդ երկիրը, որն իրականացրեց տիեզերական արբանյակի հաջող արձակում։
Մաքսիմ Սթարչակի կարծիքով՝ ռազմական օժանդակություն տրամադրելով Փհենյանին՝ Կրեմլը փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ վրա։ Մասնավորապես, Մոսկվան կարող է ճանաչել Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն՝ լեգիտիմացնելով նրա միջուկային ծրագիրը։ Չնայած սա կհակասի Չինաստանի շահերին, որը նախընտրում է պահպանել ներկա իրավիճակը՝ օգտագործելով Փհենյանի միջուկային ծրագիրը որպես լծակ ԱՄՆ-ից զիջումներ կորզելու համար։
Իսրայելցի ռազմական փորձագետ Դեյվիդ Շարփը նշում է, որ տակավին հստակ չէ, թե ով է օգնում Հյուսիսային Կորեային ստեղծել գերձայնային հրթիռներ։ Սակայն ընդգծում է՝ պետք չէ գերագնահատել «հիպերձայնային» զենքի նշանակությունը՝ հիշեցնելով, որ ռուսական «Կինժալ» հրթիռներն արդեն ոչնչացվել են ամերիկյան ՀՕՊ-ի կողմից Ուկրաինայում։ Հարավկորեական հետախուզության գնահատմամբ՝ Փհենյանի փորձարկած հրթիռը սովորական, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր։
Ըստ Շարփի՝ Փհենյանը Մոսկվայի հետ համագործակցության դիմաց վճարում է թե՛ զինամթերքով, թե՛ իր զինվորականների կյանքով, որոնք ուղարկվում են Ռուսաստան։ Հավանաբար, փոխարենը ստանում է միջուկային և տիեզերական տեխնոլոգիաներ, թեև մանրամասներ հայտնի չեն։
Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն ճանաչելը կվնասի միջազգային անվտանգության համակարգին և կհանգեցնի զարգացող երկրների դժգոհությանը, որոնց հետ Կրեմլը փորձում է բարելավել հարաբերությունները՝ նշում է Դեյվիդ Շարփը և հավելում, որ Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի մերձեցման հիմքում Մոսկվայի նպատակն է աջակցություն ստանալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի ժամանակ և նման աջակցության համար Կրեմլը պատրաստ է վճարել լավ գին։