ԱՄՆ պատմության մեջ ընտրությունների արդյունքների ամենաաղմկահարույց հաստատումից չորս տարի անց, հանգիստ մթնոլորտում, այս երկուշաբթի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատեց, որ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի նախագահական ընտրություններում: Սենատի նոր մեծամասնության առաջնորդ, հանրապետական Ջոն Թունը ողջունել է հաղթանակը:
«Հանրապետականները բարելավել են իրենց դիրքերը Միացյալ Նահանգների շրջանների գրեթե 90%-ում և ընդլայնել են [իրենց ցուցաբերվող] աջակցությունը ժողովրդագրական գրեթե բոլոր խմբերում: Հանրապետական կոալիցիան լայն է, ուժեղ և աճող: Հիմա մեկնարկում են մեր օրակարգի իրագործման աշխատանքները, և պարոն նախագահ, հանրապետականները պատրաստ են առաջ շարժվել»,- նշել է Թունը։
Չնայած պարտությանը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կատարեց իր սահմանադրական պարտականությունը՝ նախագահելով ընտրությունների արդյունքները վավերացնող Միացյալ Նահանգների Սենատի նիստը:
Նման փորձ են ունեցել միայն ԱՄՆ երկու գործող փոխնախագահներ՝ Ռիչարդ Նիքսոնը 1961 թվականին և Ալ Գորը 2001 թվականին:
Երկուշաբթի՝ ավելի վաղ ձայնագրված հայտարարությամբ Հարիսը հանդես եկավ իշխանության խաղաղ փոխանցման կարևորության մասին:
«Այս պարտականությունը սուրբ պարտավորություն է, որը ես կկատարեմ՝ առաջնորդվելով երկրի հանդեպ ունեցած սիրով, հավատարմությամբ մեր Սահմանադրությանը և իմ անսասան հավատով առ ամերիկյան ժողովուրդ»,- ասել է Քամալա Հարիսը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի օրենսդրական հարցերի ծրագրի տնօրեն Քեյսի Բուրգաթը կարևորել է ամերիկյան քաղաքական համակարգում ավանդաբար առկա հարգանքը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ:
«Սա նրա դերն է, որը նա պատրաստվում է իրականացնել։ Իրականացնել՝ նպատակաուղղված և ըստ նախատեսվածի: Դա պարզապես ցույց է տալիս հանձնառությունը իշխանության խաղաղ փոխանցման նկատմամբ։ Հատկապես, եթե դուք ընտրություններում պարտված կողմն եք: Դա ցույց է տալիս ուժ և հավատարմություն այս իդեալներին, մի բան, որը մենք տևական ժամանակ համարել ենք սովորական և այժմ պետք է վերագնահատենք այն»,- ասել է Բուրգաթը:
Ինչևէ, այս ամենի ֆոնին՝ Կոնգրեսի դեմոկրատ անդամները պնդում են, թե այդուհանդերձ 2021 թվականի հունվարի 6-ը չպետք է մոռանալ:
«Բազմաթիվ անհատներ փորձել են վերաշարադրել հունվարի 6-ի պատմությունը, փորձել են ճշմարտությունը կոծկել և ձևացնել, թե այդ օրը հիանալի օր էր կամ նույնիսկ մեծ հայրենասիրության պահ: Պարզից էլ պարզ է, որ սուտ է»,- ասել է Սենատում դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը:
Հիշեցնենք՝ 2022 թվականին Կոնգրեսի անդամ յոթ դեմոկրատներից և երկու հանրապետականներից կազմված հատուկ հանձնաժողովը 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերի համար մեղադրեց Թրամփին՝ ընտրակեղծիքների մասին սուտ տեղեկություն տարածելու համար և իր կողմնակիցներին ուղղորդելու գրոհել ԱՄՆ Կապիտոլիումը:
Սակայն Թրամփը և նրա կողմնակիցները չեն ընդունել հանձնաժողովի եզրակացոսւթյունը՝ այն որակելով կողմնակալ, և առաջարկել հունվարի 6-ի գործով մեղադրյալներին ներում շնորհել:
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության երդմնակալության արարողությունը այս հունվարի 20-ին է։