Ռեյչել Դալլեթն ԱՄՆ-ից տեղափոխվեց Իսրայել՝ կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլի խաղերին մասնակցելու նպատակով:
Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը։ Ասում է, որ իրեն անապահով էր զգում, երբ քայլում էր իր դպրոցի մոտ տեղակայված պաղեստինամետ ցուցարարների ճամբարի մոտով՝ այն բանից հետո, երբ 2023 թվականին Իսրայելի ու «Համասի» միջև բռնկվեցին մարտական գործողություններ:
Պատմում է՝ իր վրա, նույնիսկ, ինչ-որ առարկա են նետել, երբ իր ուսերին կրում էր Իսրայելի դրոշը:
«Պատերազմը խորացրեց իմ կապը իսրայելցի ժողովրդի, հրեական հայրենիքի հետ և ստիպեց ինձ լինել ինձ նման մարդկանց հետ: Ծագել եմ Վիսկոնսինի հրեաների փոքր համայնքից, իսկ այստեղ մեծամասնությունը հրեա է, և պարզապես ամեն օր շրջապատված լինել նրանցով հատուկ զգացողություն է»,- ասում է իսրայելցի ներգաղթյալ Ռեյչել Դալլեթը:
Դալլեթն ասում է, որ ընտանիքը հպարտ է Իսրայելում իր ձեռքբերումներով, բայց անհանգստացած է իր անվտանգության համար:
«Ծնողներիս տեսանկյունից ավելի սարսափելի է թվում, և նրանք մտահոգ են իմ անվտանգության համար, բայց ես երբեք ավելի ապահով չեմ զգացել: Իսրայելցիներն ապրում են իրենց առօրյա կյանքով, նրանք այնքան են գնահատում կյանքը»,- հավելում է նա:
Իսրայելի ներգաղթի հարցերով նախարար Օֆիր Սոֆերը ասում է, որ անցած տարվա ընթացքում 33 հազար ներգաղթյալ է ժամանել Իսրայել՝ չնայած պատերազմին և Իսրայելի տարածքի չդադարող հրթիռակոծություններին:
Հյուսիսային Ամերիկայից ներգաղթյալները աջակցություն են ստանում Nefesh B’Nefesh կազմակերպությունից, որը դյուրացնում է հրեական ներգաղթը: Կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ նախորդ մեկ տարում ներգաղթի դիմումների 60% աճ է գրանցվել, թեև իրենք վստահ չեն, որ բոլորը կտեղափոխվեն հրեական պետություն:
«Երբ պատերազմը սկսվեց, կարծում եմ, որ մարդկանց մոտ անհավանական զգացմունքային կապ առաջացավ: Առաջինը ցնցումն ու սարսափն էր: Բայց հետո որոշ մարդիկ տեսան, որ իրենց կապը [Իսրայելի հետ] ամրապնդվել է և տեսան, որ իրենց տեղը Իսրայելում է»,- ասում է Nefesh B’Nefesh կազմակերպության փոխնախագահ Մարկ Ռոզենբերգը:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Համասի» արյունալի հարձակման ժամանակ բրիտանացի ձեռնարկատեր Փիթեր Շուգարմանն ու իր կինը՝ որդու և թոռների հետ Իսրայելում էին։ Ստիպված էին ժամեր շարունակ մնալ հյուրանոցի ռմբապաստարանում:
Ուղիղ մեկ տարի անց՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Փիթերն ու կինը տեղափոխվեցին Իսրայել՝ դառնալով ներգաղթյալներ։
«Դրանից հետո ես ու կինս զգացինք, որ եկել է ժամանակը, որպեսզի ջանքեր գործադրենք՝ այդ օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում Իսրայել տեղափոխվելու համար։ Զգում էինք, որ հրեա ժողովրդին աջակցելու լավագույն միջոցը՝ նրա հետ ավելի շատ լինելն է, իսկ դա նշանակում էր գալ Իսրայել»,- ասում է Շուգերմանը:
Սակայն Իսրայել ժամանող ներգաղթյալների ֆոնին՝ բազամթիվ իսրայելցիներ հեռանում են իրենց երկրից։
Վիճակագրության կենտրոնական բյուրոյի համաձայն՝ ավելի քան 82 հազար իսրայելցիներ են տեղափոխվել արտերկիր 2024 թվականին։ Նախորդ տարիներին միջին թիվը մոտ 35 հազար էր:
Շատերը հեռանալու պատճառ են նշում շարունակվող պատերազմը և Իսրայելում քաղաքական անկայությունը:
Ինչևէ, ներգաղթյալներին, կարծես, այդ խնդիրները չեն հուզում։ Շատերն ասում են, թե սովորում են ապրել հաճախակի հրթիռակոծությունների ներքո և սպասում են տեսնել խաղաղ Իսրայել: