Տեսանյութում այն պահն է, երբ ԱՄՆ բանակի 42-ամյա վետերան Շամսուդ-Դին Ջաբբարը Ամանորի առաջին օրը Նոր Օռլեանում բեռնատարով մխրճվում է մարդկանց մեջ:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է «Իսլամական պետությանը» վերաբերող սև պաստառ, ինչը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին հիմք է տվել տեղի ունեցածը բնութագրել որպես ահաբեկչական գործողություն:
Միացյալ Նահանագների նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ դաշնային գործակալությունները հետաքննում են բոլոր հնարավոր տարբերակները։
«Դաշնային իրավապահ մարմինները և հետախուզության պաշտոնյաները ակտիվորեն հետաքննում են ցանկացած արտաքին կամ ներքին կապ, որն առնչվում է հարձակմանը»,- ասել է Բայդենը։
Հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, մի քանի տասնյակ հոգի վիրավորվել է։ Ջաբբարը սպանվել է ոստիկանների վրա կրակ բացելուց հետո։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի համաձայն՝ ի հավելումն, Շամսուդ-Դին Ջաբբարը ինքնաշեն պայթուցիկ սարքեր է թաքցրել խմիչքների համար նախատեսված սառնարաններում, որոնցից մեկը նա տեղադրել էր բանուկ խաչմերուկում:
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը կիրակի ABC-ի եթերում հայտարարել է. «Սա լուրջ սպառնալիք է, և մենք՝ որպես համայնք․․․, և ոչ միայն դաշնային կառավարությունը, այլ պետական ու տեղական պաշտոնյաներն ու բնակիչները պետք է զգոն լինենք և ձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ նման բաներից խուսափելու համար»:
Ինչպես հայտնի է, նույն օրը ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Նևադայում, ԱՄՆ բանակի կանաչ բերետավոր Մեթյու Լիվելսբերգերի վարձակալած Tesla Cybertruck-ը պայթեց Trump International Las Vegas հյուրանոցի դիմաց:
Իր ծառայության համար բարձր պարգևների արժանացած Լիվելսբերգերը, ըստ դատաբժշկի, տառապում էր հետտրավմատիկ խանգարումով և մահացել է ավտոմեքենայի պայթյունից առաջ՝ հրազենով ինքնասպանություն գործելով:
Իրավապահների համաձայն՝ պայթյունի պատճառով ոչ ոք լրջորեն չի տուժել, և առայժմ որևէ կապ չի հայտնաբերվել Նոր Օռլեանում տեղի ունեցածի հետ:
Նախագահ Բայդենը Նոր Օռլեան է այցելելու առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ։