Մատչելի հղումներ

Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակման հետքերը տանում են «Իսլամական պետություն»


Նոր Օռլեանում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նախնական հետաքննության արդյունքները մտահոգիչ են
Նոր Օռլեանում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նախնական հետաքննության արդյունքները մտահոգիչ են

Նոր Օռլեանում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նախնական հետաքննության արդյունքները մտահոգիչ են ամերիկյան հանրության և իրավապահ համակարգի համար:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հաստատել է տեղեկությունները, որ կասկածյալը «Իսլամական պետություն» խմբավորման դրոշ է ունեցել ավտոմեքենայում, որով չորեքշաբթի վրարթի էր ենթարկել Բուրբոն փողոցում հավաքված մարդկանց։

Ենթադրյալ հանցագործը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Նույն օրը երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտատարեց, թե ՀԴԲ-ն պարզել է, որ «հարձակումից ընդամենը ժամեր առաջ» կասկածյալը հրապարակավ հայտարարել է «Իսլամական պետությանը» աջակցելու մասին:

Սպիտակ տան ղեկավարի փոխանցմամբ՝ ԱՄՆ 42-ամյա քաղաքացի և նախկին բանակային Շամսուդ-Դին Ջաբարը «սոցցանցերում տեսանյութեր էր հրապարակել՝ ցույց տալով, որ ոգեշնչված է «Իսլամական պետությունից»»։

«Իրավիճակը անորոշ է։ Իրավապահ մարմինները և անվտանգության ծառայությունները շարունակում են փնտրել [ահաբեկչական գործողության] այլ [հնարավոր] մասնակիցների»,- ասել է Բայդենը:

Քննչական գործողությունների շրջանակում Նոր Օռլեանում և ԱՄՆ այլ նահանգներում անցկացվել են խուզարկություններ: ՀԴԲ-ն քննության է առել, թե արդյոք Լաս Վեգասի Trump հյուրանոցի դիմաց Tesla Cybertruck-ի պայթյունը կապված է Նոր Օռլեանի հարձակման հետ:

«Այն, ինչ տեսանք, համապատասխանում է [«Իսլամական պետության»] ընդհանուր վարքագծին։ Նրանք տարիներ շարունակ կոչ են արել մեքենաների միջոցով հարձակումներ կազմակերպել»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի աշխատակից Աարոն Զելինը։

«Իսլամական պետությանը» վերագրվող և ավտոմեքենայի կիրառմամբ նմանատիպ առաջին հարձակումներից մեկը տեղի է ունեցել 2016 թվականին Ֆրանսիայի Նիս քաղաքում: Թունիսում ծնված 31-ամյա ֆրանսիացին՝ ամուսնալուծված և դեպրեսիայի ներքո գտնվող, Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը վրաերթի ենթարկեց տասնյակ մարդկանց՝ սպանելով ավելի քան 80 հոգու:

Ամիսներ անց մեկ այլ թունիսցի՝ 24-ամյա տղամարդը բեռնատարով մխրճվեց Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց մեջ՝ սպանելով 13-ին: Հարձակումից առաջ տեսանյութ էր հրապարակել՝ հավատարմության երդում տալով «Իսլամական պետությանը»։

«Իսլամական պետությունը» նաև պատասխանատվություն է ստանձնել 2017 թվականի նոյեմբերին Նյու Յորքում բեռնատարի միջոցով իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով զոհվեց ութ հոգի։ Ըստ ոստիկանության՝ ահաբեկիչը հետևել էր «Իսլամական պետության» հրահանգներին:

Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում «Իսլամական պետության» պարտություններից հետո էլ ահաբեկչական կազմակերպության պարագլուխները չհրաժարվեցին աշխարհի այլ հատվածներում ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

«Աֆղանստանում... «Իսլամական պետություն-Խորասանը» շարունակում է ծրագրել արտաքին գործողություններ և նպատակ ունի հայտնվել անգլալեզու լրատվամիջոցների էջերին»,- 2023 թվականի հոկտեմբերին Կոնգրեսին ուղղված գրավոր զեկույցում նախազգուշացրել էր ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։

Անցած տարվա սեպտեմբերին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականի համաձայն՝ «Իսլամական պետությունը» ն այլ ահաբեկչական խմբավորումներ, օրինակ՝ «Ալ-Քայիդան», «պահպանում են հարձակումներ իրականացնելու մտադրությունը»։ Ամերիկյան հատուկ ծառայությունները «բարձր» էին գնահատել սպառնալիքի մակարդակը:

Ըստ նույն գնահատականի՝ «Իսլամական պետության» առցանց գործող հարթակները ձգտում են շահարկել Իսրայել – «Համաս» հակամարտությունը՝ Մերձավոր Արևելքում «դաժան գործողություններ հրահրելու համար»:

ԱՄՆ ՀԴԲ բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյի խոսքով՝ իր գլխավորած կառույցում կուտակվել են «Իսլամական պետությանը» վերաբերող մի քանի հազար գործեր:

Միացյալ Նահանգների Ազգային հակաահաբեկչական նորարարության, տեխնոլոգիաների և կրթության կենտրոնի ավագ գիտաշխատող Սեյմուս Հյուզի ժողոված տվյալները փաստում են, որ 2014 թվականից ի վեր ավելի քան 250 անձ մեղադրվել է «Իսլամական պետության» հետ կապված գործողությունների մեջ:

Ընդ որում, գործերի մեծ մասը ավարտվել է դատապարտմամբ: Դատախազները միայն մեկ գործ են պարտվել դատարանում:

ՀԴԲ-ն հաջողություններ ունի նաև «Իսլամական պետության» կապված ահաբեկչական գործողությունների կանխարգելման գործում: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերին իրավապահ մարմնի գործակալները Օկլահոմա Սիթիում ձերբակալեցին 27-ամյա Աֆղանստանի քաղաքացու՝ մեղադրելով նրան և նրա անչափահաս համախոհին ընտրությունների օրը մարդաշատ վայրում հրազեն կիրառելու փորձի մեջ:

Թեև «Իսլամական պետությունը» չի ստանձնել պատասխանատվություն Նոր Օռլեանի ահաբեկչության համար, սակայն Զելինի խոսքով՝ արյունալի հարձակումն ոգևորություն է առաջացրել սոցցանցերում՝ «Իսլամական պետության» կողմնակիցների շրջանում:

Ահաբեկչության դեմ պայքարի գծով ամերիկացի պաշտոնյաներն անհանգստացած են, որ նման ոգևորությունը կարող է պարարտ հող հանդիսանալ նմանատիպ նոր գրոհների համար։

«Նրանց կարծիքով՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելը ավելի կարևոր է, քան զոհված մարդկանց քանակը»,- նոյեմբերին Վաշինգտոնում հայտարարեց ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Բրետ Հոլմգրենը:

Ահաբեկչության դեմ պայքարի գծով որոշ պաշտոնյաներ և փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր նոր հարձակումները կարող են ավելի մահացու լինել:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնը զգուշացրել է, որ «Իսլամական պետությունը» բարելավել է իր ֆինանսական դրությունը, Սիրիայում ստեղծել արտաքին պլանավորման ստորաբաժանում՝ կենտրոնանալով ԱՄՆ դեմ հարձակումների ուղղությամբ:

«Անցած տարվա ընթացքում «Իսլամական պետության» հարձակումները քանակն աճել է։ Անցած տարի արձանագրել ենք Միացյալ Նահանգներում հարձակման հինգ փորձ։ Մինչդեռ, 2023 թվականին այդ թիվը զրո էր»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Զելինը։

Ահաբեկչական խմբավորման հարձակումները, սակայն, կարող են չսահմանափակվել ԱՄՆ-ով, և դիտորդները հիշեցնում են «Իսլամական պետության» արյունալի գրոհները Իրանում ու Ռուսաստանում:

XS
SM
MD
LG