42-ամյա տեխասցի Շամսուդ-Դին Ջաբարը, որը մեղադրվում է Նոր Օռլեանում Ամանորյա տոնակատարություններին տասնյակ մարդկանց բեռնատարով վրաերթի ենթարկելու մեջ, ԱՄՆ բանակի վետերան էր, ով իր ծառայությունից հետո աշխատում էր անշարժ գույքի ոլորտում:
Դաշնային իշխանությունները և Նյու Օռլեանի տեղական իրավապահ մարմինները հայտնել են, որ Ջաբարը միայնակ չի գործել, և որ նրանք փնտրում են նրա հանցակիցներին: Հետաքննությունների դաշնային բյուրոն ասել է, որ Ջաբարի բեռնատարի վրա եղել է «Իսլամական պետության» դրոշը և հարձակումը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչական ակտ: «Իսլամական պետությունը» սուննի մահմեդական զինյալ խմբավորում է, որը հարձակումներ է իրականացրել ամբողջ աշխարհում:
Մինչ հետաքննությունը շարունակվում է, իշխանությունները չեն հրապարակել հնարավոր դրդապատճառները, թե ինչու է Տեխասում մեծացած ԱՄՆ քաղաքացի Ջաբարը Նյու Օռլեանում ակնհայտ միտումնավոր վրաերթի ենթարկել մարդկանց: Ջաբարը սպանվել է դեպքի վայրում՝ ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում, հայտնել են պաշտոնյաները:
Ջաբարը ԱՄՆ բանակի վետերան էր, հայտնել են ՀԴԲ-ի աշխատակիցները: Ի հավելումն իր զինվորական ծառայության, Ջաբարը 2004 թվականի օգոստոսին զորակոչվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր՝ տարկետումային զորակոչի ծրագրով, սակայն մեկ ամիս անց զորացրվեց, Reuters-ին ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:
Իր անշարժ գույքի բիզնեսի համար պատրաստած և 2020 թվականին YouTube-ում հրապարակված գովազդային տեսանյութում կասկածյալի անունն ունեցող տղամարդն ասում է, որ 10 տարի ծառայել է բանակում՝ որպես մարդկային ռեսուրսների և ՏՏ ոլորտի մասնագետ՝ սովորելով այնտեղ լուրջ մոտեցում ցուցաբերել բիզնեսին։
«Ես օգտագործել եմ այս հմտությունները անշարժ գույքի գործակալի իմ կարիերայում, որտեղ կարծում եմ, որ այն, ինչ ինձ առանձնացնում է մյուս գործակալներից, կոշտ բանակցող լինելու իմ կարողությունն է», - ասել է նա՝ խրախուսելով հաճախորդներին կապվել իր հետ:
Տեսանյութում նա ներկայացրել է իրեն որպես Blue Meadow Properties LLC-ի մենեջեր, տեխասյան ընկերություն, որի լիցենզիայի ժամկետը լրացել է 2022 թվականին։ Նա գրանցված է եղել որպես անշարժ գույքի գործակալ չորս տարի մինչև 2023 թվականի փետրվարը, վկայում են գրառումները։
Ջաբարը ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքում: Reuters-ին չի հաջողվել կապվել տեսանյութում նշված Ջաբարի հեռախոսահամարով կամ կապ հաստատել նրա հարազատների հետ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն կարծում է, որ Ջաբարը վարձել է Ford պիկապ բեռնատարը, որով նա վրաերթի է եննթարկել մարդկանց Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում չորեքշաբթի՝ հունվարի 1-ի վաղ առավոտյան: Այնուհետեւ Ջաբարը կրակ է բացել ոստիկանների վրա՝ վիրավորելով 35-ին, սպանելով 10-ին։
Բեռնատարի վրայի ԻՊ դրոշը դրդել է հետաքննություն անցկացնել կասկածյալի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր կապերի վերաբերյալ: Մեքենայում հայտնաբերվել է զենք և ենթադրյալ պայթուցիկ սարք, իսկ Ֆրանսիական թաղամասի տարածքում՝ պոտենցիալ այլ պայթուցիկ սարքեր։
«Մենք չենք հավատում, որ Ջաբարը միայնակ է գործել: Մենք ակտիվորեն հետաքննում ենք բոլոր ուղղություններով, ներառյալ նրա հայտնի համախոհների մասին տեղեկությունները», - հայտնել են ՀԴԲ-ից: