Դրա մասին հայտնել է նախագահ Բայդենը: Նորընտիր նախագահ Թրամփը Նոր Օռլեանի իրադարձությունները կապել է անօրինական ներգաղթի հետ։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դաշնային իրավապահները և նրա ազգային անվտանգության թիմը իրեն տեղյակ են պահում Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության մասին, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 30-ը: Իրավապահներնն այն դիտարկում են որպես ահաբեկչական ակտ:
Հիշեցնենք, որ Նոր տարվա առաջին ժամերին Նոր Օռլեանի Քանալ և Բուրբոն փողոցների խաչմերուկում ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ։ Հետաքննություների Դաշնային Բյուրոն գլխավորում է հետաքննությունը և կատարվածը դիտարկում որպես ահաբեկչական գործողություն: Դրա մասին հայտնել է նախագահ Բայդենը։
Նախագահն ասել է, որ զեկույցներ է ստանում ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասից, գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյից, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Լիզ Շերվուդ-Ռանդալից և Նոր Օռլեանի քաղաքապետից։
Բայդենն իր թիմին հանձնարարել է, որ բոլոր ռեսուրսները հասանելի լինեն իրավապահներին, քանի որ վերջիններս դաշնային, նահանգային և տեղական մակարդակով ներգրավված են արագորեն բացահայտելու, թե ինչ է տեղի ունեցել և ապահովելու, որ այլևս սպառնալիք չկա:
«Որևէ տեսակի բռնությունն արդարացում չունի, և մենք չենք հանդուրժելու մեր երկրի որևէ համայնքի վրա հարձակումներ»,- ընդգծել է նախագահը։
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը կապել է անօրինական ներգաղթի հետ։
«Երբ ես ասացի, որ հանցագործները, որոնք գալիս են, շատ ավելի վատն են, քան մեր երկրում, դա ճիշտ է», - գրել է Թրամփը սոցիալական ցանցերում:
Թրամփը նաև պնդում է, որ երկրում հանցավորությունն «այն մակարդակի է, որ ոչ ոք երբևէ չի տեսել»։ Սակայն ՀԴԲ-ի տվյալներով՝ ողջ երկրում կտրուկ նվազել է բռնի հանցագործության մակարդակը: