Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատում քննարկում են Թրամփի առաջարկած նախարարների թեկնածուներին


ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը։ Նոյեմբերի 21, 2024թ․։
ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը։ Նոյեմբերի 21, 2024թ․։

Շուտով ԱՄՆ Սենատում քվեարկելու են նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած նախարարական թեկնածուների հաստատման համար, և Սպիտակ տան նոր ղեկավարի առաջ քաշած մարդիկ բախվելու են իրենց համոզմունքների ու որակավորումների մասին ոչ այդքան էլ դյուրին հարցերին։

Ամերիկյան նոր վարչակազմի ձևավորման աշխատանքները այս պահին կենտրոնացել են Կապիտոլիումում, ուր սենատորները պետք է որոշում կայացնեն՝ արդյո՞ք նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած թեկնածուները, որ արդեն իսկ հանդիպումներ են սկսել Սենատում, արժանի են Կոնգրեսի վերին պալատի կողմից հաստատման։

«Ութ տարի Ֆլորիդայի գլխավոր դատախազ լինելը, նախկին փորձը, վստահ եմ, լավ է նախապատրաստել ձեզ այս աշխատանքի համար»,- ասում է հանրապետական սենատոր Չակ Գրասլին:

Սպասվում է, որ Թրամփի օրոք ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարելու է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ում թենածությունը, կարծես, խոչընդոտների չպետք է հանդիպի…։

«Նախագահը սահմանում է արտաքին քաղաքականությունը. մեր գործը՝ պետքարտուղարությունում լինելու է այն իրականացնելը»,- ասում է Ռուբիոն:

ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։ Հուլիսի 16, 2024թ․։
ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։ Հուլիսի 16, 2024թ․։

Սակայն հայտնի է, որ Փիթ Հեգսեթը՝ Թրամփի ընտրյալը Պենտագոնը ղեկավարի աթոռին, երբեք ղեկավար պաշտոն չի զբաղեցրել բանակում, նա հաղորդավար է Fox News-ում։

«Մեզ համար առաջին տեղում են [մեր] զինվորականները։ Սա այն է, ինչ ինձ ասել է Դոնալդ Թրամփը: Ձեր խնդիրն է Պենտագոնին վերադարձնել պատերազմ մղելու ոգին»,- ասում է Հեգսեթը:

Հեգսեթը Թրամփի ներկայացրած թեկնածուներից մեկն է, ում անցյալում տեղ են գտել շատերի գնահատմամբ վիճելի քաղաքական հայտարարություններ, որոնք կարող են դժվարություններ առաջացնել որոշ հանրապետական սենատորների համար՝ կողմ քվեարկելու Fox News-ի հաղորդավարի թեկնածության հաստատմանը։

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն՝ Փիթ Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն՝ Փիթ Հեգսեթը։

«Նախագահ Թրամփը չպետք մտածի, թե նրանք՝ [սենատորները] հետևելու են իր խոսքին, քանզի կլինեն հանրապետական սենատորներ, որոնց եթե պատշաճ ուշադրություն և հարգանք չցուցաբերվի, կարող են, իրոք, բարդացնել [Թրամփի] կյանքը»,- ասում է Տեխասի համալսարանի ներկայացուցիչ Շենոն Օ'Բրայենը։

Սենատի մեծամասնության ապագա առաջնորդ, հանրապետական Ջոն Թունը խոստացել է արագ կարգով քվեարկություն անցկացնել Թրամփի առաջարկած թեկնածուների հարցով:

«Ամեն ինչ կանենք, որպեսզի նրա՝ [Թրամփի] առաջադրումները արագ անցնեն [Սենատի հավանության գործընթացով], հաստատվեն իրենց պաշտոններում և սկսեն իրականացնել նրա օրակարգը»,- ասում է Թունը:

Թրամփն առաջարկել է նշանակել թեկնածուներին, քանի դեռ Սենատը արձակուրդում է, ինչը վիճահարույց տարբերակ է, որը թույլ է տալիս անտեսել ամերիկացի օրենսդիրների սահմանադրական դերը:

«Ի՞նչ կլինի, եթե նախագահը փորձի միտումնավոր հետաձգել Կոնգրեսի նիստը՝ օգտագործելով արձակուրդում գտնվող սենատորների հանգամանքը նշանակումներ անելու համար: Նման բան երբեք չի եղել: Բայց երբ նա ասում է, թե ցանկանում է նման բան անել, միակ ճանապարհը Կոնգրեսի նիստի հետաձգումն է, ինչի շուրջ [բանավեճը] կավարտվի դատարաններում»,- ասում է Օ'Բրայենը:

Հանրապետական սենատորներն արդեն իսկ չեն թաքցնում իրենց ընդդիմությունը նման տարբերակին։

«Դա խնդիր է. Ակնհայտ է՝ չեմ կարծում, թե պետք է շրջանցենք Սենատի պարտականությունների [ի կատար ածումը]»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը:

ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունները ներկայացնող երկրի նախագահները նախկինում նման եղանակով կատարել են նշանակումներ, սակայն Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը սահմանափակեց այդ հնարավորությունը նախագահ Բարաք Օբամայի օրոք։

XS
SM
MD
LG