Մատչելի հղումներ

Թրամփն ընտրել է պատվաստումները քննադատող Քենեդի-կրտսերին՝ ղեկավարելու ԱՄՆ Առողջապահության նախարարությունը


Դոնալդ Թրամփը և Ռոբերտ Քենեդի-կրտսերը
Դոնալդ Թրամփը և Ռոբերտ Քենեդի-կրտսերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է Ռոբերտ Քենեդի-կրտսերին առաջադրել ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության ղեկավարի պաշտոնում։ Նորություն չէ Քենեդի-կրտսերի անհամաձայնությունը գիտական հանրության մեծ մասի հետ՝ հատկապես պատվաստանյութերի առնչությամբ:

Թե ինչ է ցանկանում է Դոնալդ Թրամփը ԱՄՆ առողջապահական համակարգից, թերևս, հակիրճ ներկայացրել է ինքը՝ ԱՄՆ նորընտիր նախագահը, երբ խոսում էր իր գալիք վարչակազմում ոլորտի պատասխանատուի գործառույթների մասին։

Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ տեղի ունեցած հանրահավաքում ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարեց. «Նրան թույլ կտամ ազատ գործել առողջապահության, սննդի, դեղորայքի ոլորտներում»:

Միացյալ Նահանգների առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում Քենեդի-կրտսերը, փաստորեն, ղեկավարելու է երկրի հանրային առողջապահական գործակալությունները, բժշկական գիտա-հետազոտական կառույցները, կառավարության կողմից ֆինանսավորվող առողջապահական ապահովագրության համակարգը, որը վերաբերում է ավելի քան 140 միլիոն մարդու:

«Մի՞թե արժանի չենք Միացյալ Նահանգների [այնպիսի] նախագահի, ով պատրաստվում է վերստին առողջացնել Ամերիկան»,- հայտարարել է Ռոբերտ Քենեդի-կրտսերը։

ԱՄՆ առողջապահության ապագա նախարարը բնապահպանական հարցերով իրավաբան է: Հայտնի ընտանիքից է․ նրա հորեղբայրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին էր, իսկ հայրը՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին։

Ռոբերտ Քենեդի-կրտսերն այս տարի առաջադրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնի համար՝ որպես, այսպես կոչված, անկախ թեկնածու՝ հեռանալով Դեմոկրատական կուսակցությունից:

«Այն դարձել է գրաքննության կուսակցություն»,- ասել էր նա։

Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Քենեդի-կրտսերը չվարանեց հանդես գալ կեղծ պնդումների օգտին, թե այդ ամենի հետևում մեծ դավադրություն է և իբր նպատակ կա փորձարկել COVID պատվաստանյութերը սևամորթ ու իսպանախոս ամերիկացիների վրա:

Քենեդի-կրտսերի խոսքով՝ դեմ չէ պատվաստումներին, սակայն դեմ է, որ դրանք պարտադիր լինեն. «Ով ցանկանում է պատվաստանյութ ընդունել, չեմ պատրաստվում խանգարել: Եթե ցանկանում եք պատվաստանյութ ընդունել կամ եթե ցանկանում եք պատվաստել ձեր երեխաներին, պատվաստանյութերը հասանելի կլինեն»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութերն անվանել է «գլոբալ հաջողության պատմություն», որը փրկել է միլիոնավոր կյանքեր։ Ուշագրավ է, որ այս մոտեցումը ՄԱԿ-ի այդ կառույցը վերահաստատեց անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Քենեդի-կրտսերին ԱՄՆ առողջապահության նախախարի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեթ Հարիսն ասում է․ «Պատվաստանյութերի շնորիվ է, որ մարդիկ ապրում են ավելի շատ, քան երբևէ»:

Պատվաստանյութերի վերաբերյալ Քենեդի-կրտսերի մոտեցումը կարող է իր ազդեցությունն ունենալ և հանգեցնել, որ կառավարության կողմից ֆինանսավորվող ապահովագրական ընկերությունները կրճատեն այդ ուղղությամբ ծախսերը՝ ասում է Բայդենի վարչակազմում կորոնավիրուսի համավարակի դեմ աշխատանքները համակարգած բժիշկ Աշիշ Ջանը:

«Քենեդի-կրտսերը, կարծում եմ, տասնամյակների ընթացքում ցույց է տվել, որ իրեն խորթ են գիտական մտածողությունն ու վերլուծության հիմունքները: Ասում է բաներ, որոնք ուղղակի սխալ են։ Նա զբաղվում է դավադրապաշտական տեսություններով»,- ասել է Ջանը:

\Հանրային առողջապահության գծով տարբեր գործիչներ իրենց մտահոգություն են հնչեցրել Քենեդի-կրտսերի նմանանտիպ այլ տեսակետների շուրջ, օրինակ՝ որ ԱՄՆ-ում խմելու ջուրը չպետք է ֆտոր պարունակի:

Ինչևէ, եթե ԱՄՆ Սենատը հաստատի Քենեդի-կրտսերի թեկնածությունը, նա գլխավորելու է ավելի քան 80 հազար աշխատակիցներից բաղկացած գերատեսչություն՝ տարեկան մոտ 1,7 տրիլիոն դոլար բյուջեով:

XS
SM
MD
LG