Մատչելի հղումներ

Վտարանդի ռուսական ընդդիմությունը փորձում է միասնական ռազմավարություն մշակել Թրամփի վերադարձից առաջ


Ռուսական ընդդիմության ականավոր դեմքերը
Ռուսական ընդդիմության ականավոր դեմքերը

Վտարանդի ռուսաստանյան ընդդիմությունը փորձում է ընդհանուր ռազմավարություն մշակել՝ Դոնալդ Թրամփի նոր նախագահությանն ընդառաջ, որը, ինչպես հայտնի է, խոստացել է վերջ տալ ուկրաինական պատերազմին։ Ռուսաստանյան ընդդիմությունում մտահոգ են՝ դրան կարող է հաջորդել Կիևի համար ամերիկյան աջակցության կորուստը։

Ուկրաինայում շուրջ երեք տարի շարունակվող պատերազմի ֆոնին՝ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդդիմադիր ռուսաստանյան հասարակական-քաղաքական ուժերը, կարծես, հայտնվել են բարդ իրավիճակում:

Ռուսական ընդդիմության ականավոր դեմքերը կա՛մ արտերկրում են, կա՛մ ռուսաստանյան բանտերում, կա՛մ կնքել են իրենց մահկանացուն։ Դիտորդներն ընդգծում են՝ ընդդիմադիր շարժումը առաջնորդների կարիք ունի։

Բեռլինում «Ամերիկայի ձայնը» զրուցել է ռուսաստանցի ընդդիամդիր Իլյա Յաշինի հետ։ Արևմտյան երկրների ու Կրեմլի միջև այս օգոստոսին կայացած բանտարկյալների հայտնի փոխանակումցի հետո Յաշինը բնակվում է Գերմանիայի մայրաքաղաքում։

«Ռուսական ընդդիմությունն ուներ առաջնորդ՝ Բորիս Նեմցովը։ Նրան սպանեցին։ Ռուսական ընդդիմությունն ուներ մեկ այլ առաջնորդ՝ Ալեքսեյ Նավալնին։ Նրան ձերբակալեցին ու թունավորեցին բանտում։ Այսօր մեկ անձի շուրջ համախմբվելու խնդիր չկա։ Շատ ավելի կարևոր է համախմբվել ընդհանուր արժեքների շուրջ»,- ասում է Յաշինը:

Այս նոյեմբերին Բեռլինում ռուսաստանցի ընդդիամդիրների անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ պահանջների հիմքում ազատության և արդարության արժեքներն էին։ Կրեմլին քննադատող գործիչները պահանջում էին դուրս բերել ռուսական օկուպացիոն զորքերը Ուկրաինայից, ազատել ռուսաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալներին և պատասխանատվության ենթարկել Պուտինին:

Բայց հաջորդ ամիս Վաշինգտոնում նախատեսված իշխանափոխությունը անհանգստության տեղիք է տվել վտարանդի ռուսաստանյան ընդդիմության շրջանում, որի համար պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելու է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային:

Ինչպես հայտնի է, Թրամփը խոստացել է հնարավորինս արագ ավարտել ուկրաինական պատերազմը, թեև չի մանրամասնել՝ ինչպե՞ս: Այս սեպտեմբերին կայացած նախընտրական բանավեճի ժամանակ Թրամփը հրաժարվեց հայտարարել, թե ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում:

«Առայժմ [ԱՄՆ] Կոնգրեսում և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները համաձայն են, որ Ուկրաինային պետք է աջակցել, և որ Պուտինն ագրեսոր է։ Կգա մեկ այլ նախագահ, բայց կարծում ենք, որ Կոնգրեսը կշարունակի գումար հատկացնել Ուկրաինային»,- ասում է Մոսկվայի Պեչատնիկի շրջանի պատգամավոր և ներկայում արտերկրում բնակվող Սերգեյ Վլասովը:

Դիտորդների խոսքով՝ հաշվի առնել միայն ամերիկյան նոր վարչակազմի գործողություններն ու մտադրությունները սխալ է, քանզի միամտություն է մտածելը, որ Պուտինը խաղաղություն է ուզում:

«Պուտինի տեսանկյունից ռուսական բանակը առաջ է գնում, տնտեսությունը շարունակում է դիմանալ։ Հիմա Կրեմլի կարծիքով՝ փոխզիջման գնալու կարիք չկա։ Թրամփը, իրոք, կփորձի [հասնել խաղաղության], բայց վաղ թե ուշ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կվերադառնա՝ օգնելու Ուկրաինային, և պատերազմը կշարունակվի»,- ասում է Riddle Russia պարբերականի խմբագիր Անտոն Բարբաշինը:

Ինչևէ, այս ամենի ֆոնին ուկրաինական ռազմաճակատներում մարտերը սուր բնույթ են ստացել։ Թերևս, բոլորը սպասում են Թրամփի նոր պաշտոնամուտին և ամերիկյան առաջարկներին՝ ձգտելով ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը։

Ձեռքերը ծալած չեն նստել նաև ռուսաստանյան վտարանդի ընդդիմության ներկայացուցիչները՝ փորձելով գտնել առաջ շարժվելու ուղիներ:

XS
SM
MD
LG