Մատչելի հղումներ

Լիբանանի հարավում ծանր մարտեր են Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև։ Հրթիրակոծվում է Իսրայելի հյուսիսը


Իսրայելի հարվածների հետևանքները Լիբանանի հարավում
Իսրայելի հարվածների հետևանքները Լիբանանի հարավում

Երեքշաբթի շարունակվեցին ծանր մարտերը Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև։ Իսրայելական ռազմուժի գրոհները Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտների ուղղությամբ չեն դադարում: Լիբանանցի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ:

Հարավային Լիբանանի տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները՝ նախորդ օրերին Իսրայելի շարունակվող ավիահարվածների ֆոնին, որոնց հայտարարված թիրախը «Հեզբոլլահին» պատկանող օբյեկտներն են։ Երուսաղեմը մեղադրել է Լիբանանում գործող շիական խմբավորմանը, թե այն իր հրթիռներն ու ռազմամթերքը միտումնավոր պահում է խաղաղ բնակավայրերում՝ նման կերպ դրանք թիրախ դարձնելով իսրայելական ռազմուժի համար։ Իսրայելը հորդորել է տեղի բնակիչներին լքել ռազմական գործողությունների գոտին:

«Նրանք հարվածեցին հենց մեր տան կողքին, և մեր շենքը ցնցվում էր: Շատ վախեցանք։ Ուստի, եկանք այստեղ: Մեզ ասացին, որ այստեղ անվտանգ է: Ընդհանուր իրավիճակը ողբերգական է»,- ասում է Թուլ գյուղից տեղահանված Ֆաթմա Իբրահիմ Շեհաբը:

Իսրայելի ու Լիբանանի սահմանին իրավիճակն աստիճանաբար սրվում է
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Նախորդ մեկ տարվա ընթացքում Իսրայելը չորրորդ անգամն է հարվածներ հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Հրեական պետության պաշտպանության բանակի պնդմամբ՝ թիրախը «Հեզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման ղեկավարն էր։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա սպանվել է։

Լիբանանի իշխանությունների ներկայացմամբ՝ նախորդ երկու օրերի ընթացքում զոհվածների թվում եղել են առնվազն 94 կին և 50 երեխա:

Իսրայելի պաշտոնյաների խոսքով՝ նախորդ շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահին» լուրջ հարված է հասցվել՝ հատկապես այն բանից հետո, երբ կառույցի անդամներին պատկանող հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են:

«Ընդհանուր առմամբ, «Հեզբոլլահի» հրամանատարների և ղեկավարության ոչնչացումը մեծ հաջողություն է: Լիբանանում խոցել ենք կարևոր թիրախներ: Բայց պետք է համեստ լինել։ Սա միայն սկիզբն է: «Հեզբոլլահի» կարողություններին վերջ տալու համար երկար ժամանակ կպահանջվի»,- ասում է պաշտոնաթող գեներալ, Ամերիկայի ազգային անվտանգության հրեական ինստիտուտի հետազոտող Յակով Ամիդրորը։

«Հեզբոլլահը» նույնպես շարունակել է հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը: Ավելի քան 100 հրթիռներ են արձակվել նախորդ օրերին, ինչի հետևանքով վիրավորվել են մի քանի իսրայելցիներ: Տեղի բնակիչներն օրվա մեծ մասն անցկացնում են ապաստարաններում:

Չնայած ծանր մարտերին, երկու կողմերն էլ, կարծես, ձեռնպահ են մնում լայնածավալ պատերազմի անցնելուց: Իսրայելը ցամաքային գրոհ չի ձեռնարկել Լիբանանի ուղղությամբ, իսկ «Հեզբոլլահը» չի թիրախավորում կենտրոնական Իսրայելի տարածքը:

Սակայն Ամիդրորը նշում է, որ Իսրայելը ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Լիբանանի սահմանից մինչև Լիտանի գետ:

«Եթե դրսից ինչ-որ մեկը՝ ամերիկացիները, ֆրանսիացիները, ովքեր էլ որ լինեն․․․, ի վիճակի չլինի համաձայնության հասնել, ըստ որի «Հեզբոլլահը» կքաշվի Լիտանիից հյուսիս, հավանաբար, պետք է ցամաքային ուժեր ուղարկենք՝ տարածքը հրթիրներ արձակող կայաններից մաքրելու համար՝ ստեղծելով անվտանգության գոտի, ուր թույլ չենք տա «Հեզբոլլահի» անդամներին մուտք գործել»,- պնդում է Ամիդրորը:

Զուգահեռաբար՝ միջազգային հանրության շրջանում աճում է անհանգստությունը Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև թափ հավաքող հակամարտության առնչությամբ, որը կարող է վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի:

«Պետք է շարունակենք պահանջել հրադադարի անհապաղ հաստատում շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև՝ Գազայում: Այս երկու հարցերը փոխկապակցված են: Այն, ինչ կատարվում է Գազայում, հանգեցնում է պատերազմական այլ զարգացումների»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, թե վճռական է կանխելու տարածաշրջանային պատերազմը և կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել Իսրայելի ու «Հեզբոլլահի», ինչպես նաև Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող հակամարտությունների համար:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ «Հեզբոլլահն» ու «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություններ:

XS
SM
MD
LG