Մատչելի հղումներ

Ի՞նչ վիճակում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի նավթագազային ոլորտը


Գազպրոմ
Գազպրոմ

Դիտորդների ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի նավթագազային ոլորտը, որը պուտինյան ռազմական մեքենայի գլխավոր ֆինանսավորողն է և որի նկատմամբ գործում են արևմտյան բավականին լուրջ պատժամիջոցներ։

Հաջորդ տարվանից Ուկրաինան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական գազի ու նավթի տարանցումը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Սլովակիան, Չեխիան և Հունգարիան նավթ են ստանում Ուկրաինայով անցնող «Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղի միջոցով, և Պոդոլյակը հիշեցրել է, որ Եվրամիության պատժամիջոցների համաձայն՝ այդ երկրները պետք է հնարավորություններ գտնեին դիվերսիֆիկացնելու իրենց էներգետիկ մատակարարումները։ Նույնը վերաբերում է բնական գազին։

Միխայիլ Պոդոլյակը հավելել է, որ Կիևը պատրաստ է Եվրոպա գազ տեղափոխել այլ երկրներից, մասնավորապես՝ Ղազախստանից և Ադրբեջանից։

Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցումը Չեխիայի համար խնդիր չի ստեղծի՝ կարծում է այդ երկրի էներգետիկ անվտանգության հարցերով հատուկ հանձնակատար Վացլավ Բարտուսկան։ «Դրուժբայից» կախված չլինելու համար Չեխիայի պետական խողովակաշարի օպերատորը՝ MERO ընկերությունը ժամանակին ներդրումներ էր կատարել Իտալիայից անցնող Գերմանիա TAL խողովակաշարի թողունակությունը մեծացնելու համար, որին էլ միացված է այն ճյուղին, որի միջոցով նավթ է հոսում Չեխիա: Մոտավոր ծավալը կազմում է տարեկան մինչև 8 միլիոն տոննա, և MERO-ի ծրագրերի համաձայն՝ 2025 թվականի սկզբին երկիրն այլևս ռուսական նավթի կարիք չի ունենա։

Ինչ վերաբերում է բնական գազին, ապա Ռուսաստանի խնդիրները կապված չեն միայն Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հետ, ինչը, անշուշտ, հերթական հարվածն է «Գազպրոմին»։ Սուղ իրավիճակում է հայտնվել նաեւ «Նովատեկ» ընկերությունը։ Այն մեծ գումարներ է ներդրել Arctic LNG-2-ում: Սակայն ամերիկյան պատժամիջոցները այդ նախագծի և Արկտիկայով երթևեկող գազակիրների դեմ վտանգի տակ են դրել նախագծի ապագան:

Այս ամենի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինի հետ։

«Ամերիկայի ձայն» «Ո՞վ է հիմնականում տուժելու «Դրուժբայով» տարանցման դադարեցումից»։

Միխայիլ Կրուտիխին. «[Կտուժեն այն] երկրները, որոնց սպասարկում է «Դրուժբայի» հարավային ճյուղը, հիմնականում՝ Հունգարիան և Սլովակիան: Բայց նրանց հնարավորություն տրվեց գտնել մատակարարման այլընտրանքային ուղիներ։ Երբ [Եվրամիության երկրները] պատժամիջոցներ սահմանեցին ռուսական նավթի արտահանման դեմ, նրանց համար ժամանակավոր բացառություն արվեց։ [Սակայն] նրանք անհրաժեշտ ջանք չեն գործադրել և այժմ հայտնվել են շատ ծանր վիճակում նավթի մատակարարման հարցում։ Դա հատկապես կազդի հունգարական MOL ընկերության վրա, որի հիմնական նավթը գալիս է «Դրուժբայի» միջոցով»:

«Ամերիկայի ձայն» «Այս համատեքստում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական գազի մատակարարման արգելքը»:

Միխայիլ Կրուտիխին. «Այս դեպքում ուկրաինացիներն ամբողջությամբ չեն փակում դուռը։ Նրանք ենթադրում են, որ ինչ-որ պայմանավորվածություն կարող է ծագել այլ երկրների հետ, օրինակ՝ Ադրբեջանի, որը տեսականորեն կարող է իր գազը ռուսական տարածքով մատակարարել եվրոպացի սպառողներին։ Չեմ հավատում այս տարբերակին մի քանի պատճառներով։ Նախ, Ադրբեջանը չունի ավելցուկային գազ։ Բացի այդ, եվրոպացիներին անհրաժեշտ կլինի համաձայնության գալ Բաքվի, այլ ոչ թե «Գազպրոմի» հետ։ Կա նաև ռուս-ուկրաինական սահմանին գազ վաճառելու տարբերակը, որպեսզի եվրոպացի գնորդն այնուհետև ուկրաինացիների հետ համաձայնություն կնքի։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է այսօր երկու երկրների՝ [Ուկրաինայի ու Ռուսաստանի] պետական սահմանը... Եվ այսպես շարունակ»։

«Ամերիկայի ձայն» «Ո՞վ է ամենաշատը տուժելու տարանցման դադարեցումից»։

Միխայիլ Կրուտիխին. «Միանշանակ՝ «Գազպրոմը»։ Ըստ ուկրաինական գնահատականների՝ ռուսական մոնոպոլիստը տարեկան ստանում է մոտավորապես 6 միլիարդ դոլար՝ ուկրաինական տարածքով Եվրոպա իր գազը մատակարարելու համար։ Եթե նա կորցնի այդ հնարավորությունը, ապա այդ գումարը չի հոսի ռուսական ռազմական բյուջե։ Այսպիսով, Կիևի գործողությունները միանգամայն տրամաբանական են։ Այժմ «Գազպրոմը» կարող է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր մղել Բուլղարիայի տարածքով, նույնքան էլ՝ Ուկրաինայի տարածքով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի արտահանման հնարավորությունները [Եվրոպայում] կկրճատվեն կիսով չափ։ «Գազպրոմն» արդեն սնանկ է։ Ընկերությունն ավելի շատ պարտք ունի, քան իր շուկայական կապիտալիզացիան է: «Գազպրոմի» դիրքերն էլ ավելի կվատթարանան։ Եվ եթե ի մի բերենք ընկերության եկամուտը, որը նա ստացել է «Դրուժբայի» միջոցով մատակարարումներից, ապա ընդհանուրը կազմում է 11 միլիարդ դոլար՝ դարձյալ ուկրաինական հաշվարկներով։ Այսպիսին են Ռուսաստանի կորուստները»։

«Ամերիկայի ձայն» «Արդյունքում ի՞նչ գին կվճարի «Նովատեկը», որը փորձել է շրջանցել Արկտիկայի LNG-2 նախագծի նկատմամբ կիրառված պատժամիջոցները»։

Միխայիլ Կրուտիխին. «Ընկերությունը հսկայական գումարներ է ներդրել նախագծում: Այն հանքավայր է մշակել Գիդան թերակղզում և կառուցել երկու տեխնոլոգիական գիծ գազի հեղուկացման համար։ Ենթադրվում էր, որ դրանց նախագծային հզորությունը տարեկան կկազմի ավելի քան 13 միլիոն տոննա։ Ավելին, առաջին գիծը պատրաստ էր շահագործման անցած տարվա դեկտեմբերի 1-ին, սակայն անգործության էր մատնված ամերիկյան պատժամիջոցների պատճառով, որոնց թվում էին Arctic LNG-2 և Arctic դասի գազակիրները։ Ավելին, պլաններում կար նաև երրորդ գիծը շարք մտցնել, բայց դրա կառուցումը հետաձգվեց առնվազն մինչև 2028 թվականը։ Ինչպես է «Նովատեկը» դուրս գալու այս վիճակից, ուր է ուղարկելու իր գազը և ով է ռիսկի ենթարկվելու՝ վերցնելով այն, հարց է»:

«Ամերիկայի ձայն» «Այս ֆոնին՝ ի՞նչ իրավիճակ է հեղուկ բնական գազի արդյունահանումն ընդլայնելու Ռուսաստանի մտադրությունների հետ կապված»:

Միխայիլ Կրուտիխին. «Ենթադրվում էր, որ մինչև 2035-2040 թվականներ ռուսական LNG-ի մասնաբաժինը շուկայում կաճի 8%-ից մինչև 30-40%: Այս ծրագրերը լիովին ձախողվել են։ Արգելվեց ոչ միայն Arctic LNG-2-ը, այլև այն նախագծերը, որոնք դեռ հեռու էին իրագործումից, բայց որոնց համար կային մեծ ծրագրեր։ «Նովատեկը» նույնպես չի կարողանա գործարկել Arctic LNG-1 նախագիծը, LNG գործարանը Մուրմանսկում և շատ ուրիշներ...։ Պակաս կարևոր չէ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները ոչ մի կերպ չեն ազդի գազի գլոբալ հաշվեկշռի վրա»։

XS
SM
MD
LG