Ռուսաստանի հրետակոծությունների հետևանքով մարտի վերջին այլևս ոչնչացված էր Ուկրաինայի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների 50%-ը՝ հայտարարել է է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու համար երկիրը դիմել է ամերիկյան էներգետիկ հսկա «Վեսթինգհաուսին»՝ հաջորդ սերնդի միջուկային ռեակտորների բլոկներ հիմնելու համար
Մինչև 2022 թվականի Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, միջուկային էներգիան կազմում էր Ուկրաինայի էներգետիկ ողջ կարողությունների մոտ կեսը, իսկ Կիևը կախված էր Մոսկվայից միջուկային ծառայությունների և վառելիքի հարցով:
Բայց պատերազմը վերջ դրեց երկկողմ այդ առևտրին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական հարձակումները ոչնչացրել են երկրի էլեկտրաէներգիայի արտադրության կարողությունների մոտ կեսը։
«Ուկրաինայի էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրավիճակը կտրուկ փոխվել է Զապորոժիեի ատոմակայանի գրավումից հետո, կանաչ էներգետիկ ենթակառուցվածքների գրեթե մեկ երրորդի օկուպացմամբ և ջերմային էներգիայի արտադրության հսկայական հնարավորությունների ոչնչացմամբ»,- ասում է Ուկրաինայի վերականգնվող էներգիայի ասոցիացիայի խորհրդի ղեկավար Ստանիսլավ Իգնատիևը:
Բայց այստեղ՝ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Խմելնիցկու անվան ատոմակայանում, կառուցվում են երկու նոր միջուկային բլոկներ՝ ԱՄՆ էներգետիկ հսկա «Վեսթինգհաուսի» օգնությամբ:
«Խմելնիցկի ԱԷԿ-ի տեղանքն այժմ պատրաստ է շինարարության, քանի որ օժանդակ համակարգերի, տարածքների պլանավորման, նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրների մեծ մասը լուծված են»,- ասում է Անդրի Կոզյուրան՝ Խմելնիցկի ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը։
«Վեսթինգհաուսը» տասնամյակներ շարունակ աշխատում է Ուկրաինայում, սակայն ռուսական ներխուժումից հետո նրա համագործակցությունը «Էներգոատոմի» հետ ակտիվացել է և օգնել է փոխարինել ռուսական «Ռոսատոմ» էներգետիկ ընկերությանը՝ ասում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը Հերման Հալուշչենկոն:
«Դեռ պատերազմից առաջ մենք դիվերսիֆիկացրել էինք վառելիքի մատակարարումը։ Եվ հիմա միասին վառելիք պատրաստեցինք VVER 440 տեսակի ռեակտորների համար՝ վերացնելով «Ռոսատոմի» մենաշնորհը: Ապագային միտված հսկայական ծրագրեր ունենք, համատեղ ծրագրեր»,- ասում է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հալուշչենկոն։
2022 թվականին «Վեսթինգհաուսը» և «Էներգոատոմը» պայմանավորվեցին Ուկրաինայում իրականացնել ամերիկյան տեխնոլոգիայի հիման վրա ինը նոր՝ AP1000 ռեակտորների համատեղ կառուցման ծրագիր։
«Կիրառվում է վերջին և ամենաարդիական, ամենաանվտանգ տեխնոլոգիան՝ լրացուցիչ անվտանգության առանձնահատկություններով»,- ասում է «Էներգոատոմի» գլխավոր տնօրեն Պետրո Կոտինը:
Մեկ ռեակտորի կառուցումը տևում է մոտ հինգ տարի և արժե մոտ հինգ միլիարդ դոլար։
«Էներգաբլոկի կառուցումը երկար գործընթաց է։ Բայց [էլեկտրաէներգիայի] բաշխված արտադրությունը, կանաչ էներգիան, գազամխոցային էլեկտրակայանները, արևային, քամու և բիոէներգիան, սա այն է, ինչը կարող է իրականացվել կարճաժամկետ հեռանկարում, և կօգնի հաղթահարել ձմեռային սեզոնը, քանի որ չենք կարող հույս դնել հիմնվելիք ատոմային էներգիայի վրա, երբ հիմա արդեն իսկ խնդիր ունենք»,- նշում է «Խմելնիցկիի էներգետիկ կլաստեր» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ստեփան Քուշնիրը։
Հզորությունների ավելացման արդյունքում «Խմելնիցկիի» ԱԷԿ-ը կփոխարինի «Զապորիժիեինը»՝ որպես Եվրոպայի ամենամեծ ատոմակայան՝ հայտնում է Kyiv Independent պարբերականը։
Հիշեցնենք՝ Երևանը ևս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ ամերիկյան օգնությամբ նոր ատոմակայան կառուցելու հարցով: Հայաստանի կառավարությունն այս օգոստոսի սկզբին ստեղծել է պետական ընկերություն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու համար։
Հայտնի է, որ Երևանը դիմել է Վաշինգտոնին՝ Հայաստանի հետ ստորագրել Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրներին քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ Եվ միայն այդ փաստաթղթի ստորագրմամբ Երևանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
«ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը ուսումնասիրում է Երևանի դիմումը։ «ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց կարող ենք ասել, որ պետքարտուղարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին։ Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Հիշեցնենք նաև՝ Երևանն ու Վաշինգտոնը 2022 թվականին ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Հոդվածը պատրաստվել է Տետյանա Կուկուրիկայի նյութի հիման վրա