Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ժամանել է Մոնղոլիա, և որևէ նշան չէր հուշում, թե այնտեղ կարող են ձերբակալել Կրեմլի ղեկավարին, քանի որ Մոնղոլիան Հռոմի ստատուտը վավերացրած երկրներից է, իսկ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է իջեցրել դեռ անցած տարվա մարտին՝ մեղադրելով նրան ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեջ։
Սա Պուտինի առաջին այցն է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը
ճանաչած երկիր՝ նման օրդերից հետո, և Ռուսաստանի նախագահի ժամանումից
առաջ Ուկրաինան կոչ էր արել Մոնղոլիային՝ Պուտինին հանձնել Հաագայի
դատարան։ Մտահոգություն էր հայտնել Եվրամիությունը, թե Մոնղոլիան կարող է
չկատարել Միջազգային քրեական դատարանի կարգադրությունը։ Անցած շաբաթ
Կրեմլի խոսնակը ընդգծել էր՝ այդ հարցով Մոսկվան մտահոգված չէ։
Միջազգային քրեական դատարանի օրդերը, ակնհայտորեն, դժվար կացության մեջ է
դրել Մոնղոլիայի կառավարությանը։ Դատարանի հիմնադիր պայմանագրի՝ Հռոմի
կանոնադրության կամ ստատուտի համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են
ձերբակալել կասկածյալներին, եթե դատարանը նման օրդեր է իջեցրել։ Սակայն
Մոնղոլիան, որ որը սահմանակից է Ռուսաստանին ու Չինաստանին, մեծապես
կախված է Մոսկվայից, օրինակ, էներգակիրների ստացման հարցում։ Մյուս կողմից,
փաստն այն է, որ դատարանը իր կարգադրությունները կյանքի կոչելու մեխանիզմ
չունի։
Ռուսաստանի առաջնորդին դիմավորեցին մայրաքաղաք Ուլան Բատորի գլխավոր
հրապարակում՝ պատվո պահակախմբով։ Զինվորականները կրում էին վառ կարմիր
և կապույտ համազգեստ՝ 13-րդ դարի Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ
Խանի անձնական պահակախմբի համզգեստի նմանությամբ։
Նախքան նախագահական շենք մտնելը Պուտինն ու Մոնղոլիայի նախագահ
Ուխնաագին Խուրելսուխը բարձրացան կարմիր գորգով ծածկված աստիճաններով և
խոնարհվեցին Չինգիզ Խանի արձանի առջև։
Ցուցարարների մի փոքր խումբ փորձեց վեր պարզել ուկրաինական դրոշը Պուտինին
ողջունելու արարողությունից առաջ, սակայն ոստիկանությանը հեռացրեց նրանց։
Արդեն երկկողմ բանակցությունների ժամանակ Պուտինը ընդգծեց, որ Ռուսաստանի
ու Մոնղոլիայի հարաբերությունները «զարգանում են բոլոր ոլորտներում»: Նա
հրավիրեց Մոնղոլիայի նախագահին մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որը
տեղի կունենա այս հոկտեմբերի վերջին Ռուսաստանի Կազան քաղաքում, և ըստ ռուսական պետական լրատվական գործակալություն «ՌԻԱ Նովոստիի»՝ Խուրելսուխը ընդունել է հրավերը։
Այս ամենի ֆոնին՝ երկուշաբթի Եվրամիությունը մտահոգություն հայտնեց, որ
Մոնղոլիայի իշխանությունները կարող են անտեսել Միջազգային քրեական
դատարանի օրդերը։
«Մոնղոլիան, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնել իր
միջազգային կապերը՝ ելնելով իր շահերից։ [Բայց] Մոնղոլիան 2002 թվականից ի վեր
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն
է, և ունի պարտավորություններ»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Նաբիլա
Մասրալին։
Զուգահեռաբար, արտերկրում գտնվող ավելի քան 50 հայտնի ռուսաստանցիներ բաց
նամակ են հղել՝ կոչ անելով Մոնղոլիայի կառավարությանը «անհապաղ
կալանավորել Վլադիմիր Պուտինին նրա ժամանելուն պես»։ Ստորագրողների թվում
է Վլադիմիր Կարա-Մուրզան, ով անցած ամիս ազատվեց ռուսական բանտից՝ Սառը
պատերազմից ի վեր Արևմուտքի ու Կրեմլի միջև տեղի ունեցած գերիների ամենամեծ
փոխանակման արդյունքում:
Մյուս կողմից՝ հարցին անդրադարձել է Ռուսաստանի նախկին նախագահ,
ներկայում այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի
Մեդվեդևը՝ Պուտինին առնչվող Միջազգային քրեական դատարանի օրդերն
անվանելով «անօրինական», իսկ նրանց, ովքեր կփորձեն այն կիրարկել, կոչել է
«խելագարներ»։
Նախորդ հինգ տարիների ընթացքում առաջին անգամ այցելելով Մոնղոլիա՝ Պուտինը
նաև ներկա է գտնվելու Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չինաստանի հյուսիս-
արևելքում՝ Մանջուրիայում, ճապոնական բանակի նկատմամբ խորհրդային և
մոնղոլական զորամիավորումների համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված
արարողությանը:
«Շատ ուրախ եմ, որ Պուտինը ժամանել է Մոնղոլիա։ Ճակատամարտի մասին
խոսելիս՝ պետք է հիշենք, որ ռուսներն էին, որոնք օգնեցին ազատագրել
Մոնղոլիան»,- ասում է թոշակառու տնտեսագետ Յանսանջավ Դեմդենդորջը։
Հայտնի է, որ նախորդ ամիսներին Պուտինը մի շարք արտասահմանյան այցեր է
կատարել՝ փորձելով ի ցույց դնել, թե Ռուսաստանի միջազգային մեկուսացման
մասին խոսակցություններն իրականության հետ կապ չունեն։ Մայիսին այցելել է
Չինաստան, հունիսին՝ Հյուսիսային Կորեա և Վիետնամ, հուլիսին մեկնել էր Ղազախստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ օգոստոսին Ադրբեջանում էր։
Անցած տարի նա հեռակապով միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում
անցկացվող BRICS գագաթնաժողովին, երբ աֆրիկյան այդ երկրի կառավարությունը,
փաստորեն, հասկացրեց, որ Պուտինի այցը ցանկալի չէ։ Հարավաֆրիկյան
Հանրապետություն ևս Միջազգային քրեական դատարանի անդամ է, և սուր քննադատության ենթարկվեց 2015 թվականին, երբ իրավապահները չձերբակալեցին այդ երկիր ժամանած Սուդանի այն ժամանակվա նախագահ Օմար ալ-Բաշիրին, որի առնչությամբ Հաագայի դատարանը ձերբակալության օրդեր էր իջեցրել, անգամ երկուսը՝ 2009 թվականին ու 2010 թվականին։
Մոնղոլ Էնխգերել Սեդեդի կարծիքով, ով Մոսկվայի համալսարաններից մեկի
ուսանող է, «պատմականորեն բարեկամական հարաբերություններ ունեցող
երկրները չեն կարող ձերբակալել միմյանց ղեկավարներին պաշտոնական այցերի
ժամանակ»:
«Մեր երկիրը պարտավորություններ ունի միջազգային հանրության առաջ։ Բայց…
կարծում եմ, որ այս դեպքում տեղին չի լինի ձերբակալություն իրականացնել»,-
ասում է Սեդեդը: