Չորեքշաբթի Փարիզում կալանքից ազատ է արձակվել Telegram մեսինջերի ղեկավար Պավել Դուրովը՝ 5,6 միլիոն դոլար գրավի դիմաց: Նա շարունակում է գտնվել դատական հսկողության ներքո, նրան արգելված է լքել Ֆրանսիան։
Իրավական հարցերով փորձագետ Թի Ջեյ Մակինթայրն ասում է․ «Մեղադրանքները բավականին ընդգրկուն են՝ սկսած Telegram-ում թմրամիջոցների վաճառքի դեմ անգործությունից, մինչև երեխաների նկատմամբ սեռական բռնությունը նկարագրող տեսանյութերի տարածումը չկանխելը։ Telegram-ում օգտատերերի մասին [իրավապահներին] տեղեկություններ չտրամադրելը։ Փողերի լվացման մեղադրանքներ»:
Դուրովի փաստաբան Դավիդ-Օլիվյե Կամինսկիի պնդմամբ՝ Telegram-ը համապատասխանում է Եվրամիության օրենքներին. «Բացարձակ անհեթեթություն է կարծել, թե սոցցանցի ղեկավարը կարող է ներգրավված լինել հանցավոր արարքների մեջ, որոնք իրեն ուղղակի կամ անուղղակի չեն վերաբերում»:
Դուրովը, ով Ռուսաստանի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է, հիմնադրել է Telegram-ը 2013 թվականին: Ընկերության կենտրոնակայանն այժմ Դուբայում է։ Դուրովի կարողությունը գնահատվում է ավելի քան 15 միլիարդ դոլար: Ֆրանսիացի իրավապահների ներկայացմամբ՝ Telegram-ը չի հետևել բովանդակությունը մոդերացիայի ենթարկելու մասին օրենքներին:
Դուրովի հետ տեղի ունեցածին անդրադարձել է Իլոն Մասկը՝ X սոցհարթակի սեփականատերը, պաշտպանեով Telegram-ի տիրոջը։ Մակինթայրի խոսքով՝ Մասկը, ամենայն հավանականությամբ, անհանգստացած է հետևանքներից։
Հայտնի է, որ Telegram-ն ունի ավելի քան 900 միլիոն օգտատեր: Այն լայնորեն օգտագործվում է ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ուկրաինացի զինվորականների կողմից:
Դուրովը կարող է գործարքի գնալ դատախազների հետ՝ շարունակում է Մակինթայրը. «Տեխնիկապես հնարավոր է, որ Telegram-ին հասանելի լինի մարդկանց հաղորդակցության բովանդակությունը, ովքեր կարող են մտածել, որ դրանք գաղտնագրված են: Դա ստեղծում է տվյալների գանձարան, և հետախուզական ծառայությունները կցանկանային հասնել դրանց: Հնարավոր է, որ այդ տվյալներին հասանելիություն տալը կարող է դառնալ սակարկության առարկա»:
Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն՝ նշելով, թե Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէր, և որ «օրենքի կիրարկումը պետք է ապահովի դատական իշխանությունը՝ լիարժեք անկախության պայմաններում»: Մակրոնը հավելել է՝ Ֆրանսիան հավատարիմ է խոսքի ազատությանը։
Այստեղ հիշեցնենք, որ Ռուսաստանը նախկինում փորձել է արգելափակել Telegram-ը՝ երկրում առկա քաղաքական այլախոհությունը ճնշելու նպատակով, և չնայած նման պատմությանը, Կրեմլը հինգշաբթի հորդորել է Ֆրանսիային Պավել Դուրովի հետաքննությունը չվերածել «քաղաքական հետապնդման»։