Իսրայելական բանակը տեղեկացրել է, թե Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում իսրայելցի վեց պատանդների դիակներ է հայտնաբերել: Սպանվածների թվում է Հերշ Գոլդբերգ Փոլինը, ով ուներ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություններ:
«Նրանք դաժանաբար սպանվել են «Համասի» ահաբեկիչների կողմից: Նրանց առևանգել էին [անցած տարվա] հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Ռաֆահի մարտերի ժամանակ ստորգետնյա թունելում՝ մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա այն թունելից, որտեղից մենք մի քանի օր առաջ փրկեցինք Ֆարհան Ալկադիին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դենիել Հագարին։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի բանակի մոտենալը, թերևս, դրդել է «Համասին» սպանել պատանդներին՝ մտավախություն ունենալով, որ իսրայելցիները կարող են փրկել նրանց։ Հաղորդվում է, որ վեց սպանվածներից երեքը պետք է ազատ արձակվեին հրադադարի առաջին փուլում, այդ թվում՝ Գոլդբերգ Փոլինն ու երկու կանայք:
Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաների դուրս եկած մարդկանց համոզմամբ՝ Բենիամին Նեթանյահուհի կառավարությունը սաբոտաժի է ենթարկում հրադադարի հաստատմանն ու հետևաբար՝ պատանդների ազատ արձակմանը միտված գործընթացը, քանի որ նպատակ ունի իսրայելական զինուժ տեղակայել Գազայի ու Եգիպտոսի սահմանի երկայնքով:
Իսրայելական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Նեթանյահուի կառավարության կողմից նման որոշում է կայացվել մի քանի օր առաջ, դեռ ավելին՝ Նեթանյահուն խոստովանել է, որ այն, հավանաբար, կհանգեցնի հրադադարի շուրջ բանակացությունների տապալմանը։
Այդուհանդերձ, վեց պատանդների սպանությունից հետո Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համասին»՝ հրադադարի շուրջ պայմանավորվածության չգելու մեջ:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ մինչ իրենք ինտենսիվ բանակցություններ են վարում միջնորդների հետ՝ համաձայնության հասնելու համար, «Համասը» շարունակում է մերժել որևէ առաջարկ:
Այս ամենի ֆոնին անցկացվող սոցհարցումների համաձայն՝ իսրայելական հանրության մեծամասնությունը կողմ է հրադադարի հաստատմանը, որը հանգեցնելու է ողջ մնացած պատանդների ազատ արձակմանը։
«Ռազմական ճնշումը պատանդներին չի ազատի։ Գործողությունների արդյունքում ութ պատանդ է փրկվել: Գազայում դեռ 100 պատանդ կա։ Մենք հասկացանք, որ ռազմական ճնշումը նրանց չի փրկի, այլ հակառակն է տեղի ունենում»,- ասել է «Համասի» հետ բանակցություններ վարող իսրայելցի բանագնաց Գերշոն Բասկինը:
Ինչևէ, Իսրայելում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նեթանյահուի կառավարության քաղաքականության դեմ: Երկուշաբթի երկրում համընդհանուր գործադուլ էր։