Մատչելի հղումներ

Ուկրաինայի զինուժը զբաղեցրել է Ռուսաստանի Կուրսկի մարզի Սուջա քաղաքի արվարձանները


Ռուսաստանի Կուրսկի մարզ
Ռուսաստանի Կուրսկի մարզ

Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք

Պաշտոնական Կիևը դեռ չի մեկնաբանել Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղի ունեցող
ռազմական գործողությունները, որոնք արդեն երրորդ օրն է միջազգային հանրության
ուշադրության կենտրոնում են։

Մոսկվան որևէ կապ չի հաստատել ուկրաինական կողմի հետ՝ Կուրսկի մարզում
գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանի հետ կապված զարգացումների պատճառով՝
հինգշաբթի հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն՝
հավելելով, որ ռուսական գազի տարանցումը Ուկիրաինայով շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ուժերը գրավել էին գազաչափիչ կայանը։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի համաձայն՝ չորեքշաբթի
օրվա դրությամբ ուկրաինական զորքերը 10 կիլոմետր խորացել էին Ռուսաստանի
տարածքում՝ գրավելով Կուրսկի մարզի մոտ 350 քառակուսի կիլոմետր տարածք,
սակայն այս տեղեկությունը հաստատել հնարավոր չէ։

Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ ուկրաինական
զորքերին հաջողվել է հաղթահարել ռուսական առնվազն երկու պաշտպանական գիծ, և
որ ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինան գրավել է ռուսաստանյան առնվազն 11
բնակավայր:

Ինստիտուտի հրապարակած քարտեզի համաձայն՝ ուկրաինական զինուժն արդեն
զբաղեցրել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքի արվարձանները, որտեղից ուղիղ
ճանապարհ կա դեպի մարզկենտրոն՝ Կուրսկ քաղաք։

Հինգշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե
ռուսական զորքերը Կուրսկի մարզում արդեն երրորդ օրն է ինչ կռվում են ուկրաինական
ուժերի դեմ՝ նշելով, թե հարյուրավոր ուկրաինացի զինվորներ 22-րդ մեքենայացված
բրիգադից՝ մոտ մեկ տասնյակ տանկերով և ավելի քան 20 զրահամեքենաներով
ներխուժել են Կուրսկի մարզ, որը սահմանակից է Ուկրաինայի Սումիի մարզին։

Ռուսական կողմի հավաստմամբ՝ չորեքշաբթի տեղ գտած հարձակումները հետ են
մղվել: Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝
ռուսական ուժերը «կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը դեպի ռուսական
տարածքներ»:

Սակայն այս խոսքերը, ըստ էության, հերքվել են ռուսաստանցի հայտնի ռազմական
բլոգերների կողմից։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ
Անդրեյ Կովալենկոյի ներկայացմամբ՝ Կրեմլը «ստում է, թե Կուրսկի մարզում
իրավիճակը վերահսկելի է»։

«Ռուսաստանը չի վերահսկում սահմանը», - երեքշաբթի նշել էր Կովալենկոն՝
խոստանալով, որ շուտով «Կուրսկի մարզից շատ նորություններ կլինեն»։
Սուջա քաղաքում գտնվող ականատեսները հրապարակել են տեղի ունեցած մարտերի
տեսանյութերը։ Տեսանելի են տասնյակ լքված քաղաքացիական մեքենաներ, լսվում են
պայթյունների ու կրակոցների ձայներ։

Հաղորդվում է, որ ուկրաինական զորքերը մոտեցել են Մալայա Լոկնյա բնակավայրին,
որը գտնվում է Սուջայից հյուսիս:

Կրկնենք՝ Ուկրաինայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն արձագանքել տեղի
ունեցողին, թեև նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական
Միխայիլ Պոդոլյակի խոսքով, Ռուսաստանի Կուրսկի մարզում առկա ակտիվությունը
կարող է ցույց տալ, թե «որքանով է ռուս բնակչությունն աջակցում պատերազմին»:

Ազգային անվտանգության գծով Սպիտակ տան հաղորդակցության համակարգող Ջոն
Քիրբին չորեքշաբթի հրաժարվեց մեկնաբանել Կուրսկի մարզում ընթացող
գործողությունները՝ նշելով, թե նախագահ Բայդենի վարչակազմը կապ է հաստատել
ուկրաինական կողմի հետ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել:

Սպիտակ տան խոսնակ Քըրին Ժան-Պիեռը նույն օրը հայտարարեց, թե Վաշինգտոնը
տեղյակ չի եղել Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի ծավալած ռազմական
գործողությունների մասին։ Միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները
«կշարունակի [ուկրաինացիներին] տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝
ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար»:

Սպիտակ տունը և պետքարտուղարությունը հաստատել են, որ ԱՄՆ-ը չի փոխել իր
քաղաքականությունը՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները ամերիկյան
զենքով խոցելու առումով:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը չորեքշաբթի երեկոյան՝
լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Վաշինգտոնը կապի մեջ է
ուկրաինական իշխանությունների հետ՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում նրանց
գործողությունների առնչությամբ և հավելել, թե Կիևը սովորաբար «չի տեղեկացնում
ստույգ գործողությունների մասին նախքան դրանք իրականացնելը»:

Միլլերը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զենք և խորհրդատվություն է
տրամադրում, «սակայն երբ խոսքը վերաբերում է ամենօրյա մարտավարությանը…
նրանք պետք է ինքնուրույն կայացնեն այդ որոշումները»:

Ավելի վաղ ուկրաինական կողմը տեղեկացրել էր, թե Ուկրաինայի Խերսոնի,
Կիրովոգրադի և Օդեսայի մարզերում խոցել են ռուսական երկու հեռակառավարվող
հրթիռներ և չորս անօդաչուներ։

Կիրովոգրադի մարզպետ Անդրեյ Ռայկովիչը Telegram-ում հայտնել է, որ այդ գրոհից
մարզը չի տուժել։

Խերսոնի մարզպետ Ալեքսանդր Պրոկուդինն էլ նշել է, որ ռուսական զորքերը
հրետակոծել են Խերսոնը, ինչի հետևանքով հրդեհվել է բնակելի մեկ շենք, վնասվել են
մի քանի շինություններ։

Դնեպրի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, դարձյալ, Telegram-ի միջոցով
տեղեկացրել է, որ ռուսական զորքերը՝ անօդաչուների և հրետանու միջոցով կրակի տակ
են առել Նիկոպոլ բնակավայրը, ինչի հետևանքով վնասվել են մի քանի տներ։

XS
SM
MD
LG