Այս հուլիսին չինական ավտոմոբիլաշինության հսկան՝ BYD-ը, պայմանագիր է ստորագրել՝ Թուրքիայում մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարան կառուցելու վերաբերյալ: Գործարանը տարեկան կարտադրի 150 հազար ավտոմեքենա՝ հիմնականում Եվրամիության շուկայի համար։
Վերլուծաբաններն ասում են, որ պայմանավորվածությունը կարող է շրջադարձային լինել չին-թուրական հարաբերություններում:
Ստամբուլի Գեդիկ համալսարանի Ասիական-Խաղաղօվկիանոսյան բաժնի տնօրեն Սիբել Կարաբելն ասում է․ «Այս գործարքի արդյունքում կնվազի Թուրքիայի առևտրի դեֆիցիտը․ [երկիրը կսկսի ավելի շատ արտահանել]։ Չինաստանի համար այն կարևոր է, որովհետև այստեղ արտադրվող ապրանքները կազատվեն մաքսատուրքերից, քանի որ Թուրքիան ու Եվրամիությունը մաքսային միության մեջ են»։
Դիտորդների խոսքով, կառուցվելիք գործարանը Պեկինի համար գործուն միջոց է շրջանցել չինական մեքենաների նկատմամբ ԵՄ սահմանած նոր մաքսատուրքերը:
Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում Չինաստանի գծով փորձագետ Սերեն Էրգենչը նշում է․ «[Չինական] ներդրումները Թուրքիայում մեծ չեն, և պատճառն այն է, որ Չինաստանը Թուրքիան ընկալում է որպես տարածաշրջանում բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկիր»:
Արտերկրում բնակվող ույղուրական համայնքներում անհանգստացած են, թե Թուրքիան կարող է շրջվել իրենցից:
Ժամանակին Անկարան քննադատում էր Պեկինին՝ Չինաստանի մահմեդական ույղուր փոքրամասնության նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, և շատերին ապաստան է առաջարկել Թուրքիայում:
Դիտորդների խոսքով, ույղուր այլախոհները մտահոգ են, որ Պեկինի ներդրումները Թուրքիայում, թերևս, գործարքի մասն են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ձեռք է բերել վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ:
Չեն բացառում նաև, որ նման քայլը Չինաստանի ռազմավարության մասն է՝ ԱՄՆ հետ մրցակցության պայմաններում ընդլայնել Պեկինի ազդեցությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում:
Դիտորդները նաև հավելում են՝ Անկարան ու Պեկինը դիվանագիտական ընդհանուր լեզու են գտել միջազգային մի շարք հարցերում, օրինակ՝ Գազայի հակամարտության առնչությամբ։
Ստամբուլի Մարմարա համալսարանի վերլուծաբան Չագդաս Ունգորն ասում է․ «Ներկայում, Թուրքիայի և Չինաստանի քաղաքականությունը Գազայի հարցում համընկնում է, և այն շատ է տարբերվում արևմտյան երկրների մեծ մասի մոտեցումներից: Այնպես որ, տարածաշրջանային մակարդակով որոշակի հանգամանքներ կան, որոնց արդյունքում Չինաստանը շատ ավելի լավ գործընկեր է թվում, քան արևմտյան երկրները»։
Անկարան ողջունել է պաղեստինցի առաջնորդներին այս հուլիսին Պեկինում ցուցաբերած ընդունելությունը: Դիտորդների կարծիքով, Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը կարող է մերձեցնել Թուրքիային ու Չինաստանին։