Մատչելի հղումներ

Ֆլորիդայի և Կուբայի միջև ընկած ջրերում ԱՄՆ առափնյա պահպանությունը պայքարում է ապօրինի միգրանտների դեմ


միգրանտներ
միգրանտներ

ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակիցները պարեկություն են իրականացնում Քի Ուեսթի և Կուբայի միջև ընկած ջրերում՝ նպատակը ապօրինի միգրանտներին հայտնաբերելն է, որոնք փորձում են անօրինական ճանապարհով մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Ֆլորիդայի նեղուցի ամենից նեղ հատվածը 150 կիլոմետր է և 1 800 մետր խորություն ունի:

«Այս վտանգավոր ջրերը նրանք փորձում են անցնել փոքրիկ նավակներով: Փորձում են հասնել ԱՄՆ։ Մեր գործն է նաև համոզվել, որ նրանք ապահով են»,- ասում է ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակից Քաննինգհեմը՝ մանրամասնելով, որ միգրանտները հիմնականում ինքնաշեն նավակներով են։

Ամերիկյան առափնյա պահպանության աշխատակիցները ցույց են տալիս իրենց գործունեության արդյունքը՝ առգրավված ինքնաշեն նավակ։

ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակից Բլեյն Ուիլիսը պատմում է. «Շարժվեցինք նավակի ուղղությամբ։ Տեսանք, որ այն երկու հոգանոց անձնակազմ ունեցող փչովի նավակ է, որի հետևի մասում խոտեր էին հավաքվել»:

Երբ ամերիկյան առափնյա պահպանությունը հայտնաբերում է ինչ-որ տարօրինակ նավակ, մոտենում է: Երբեմն ուղևորներն ինքնակամ հանձնվում են։

ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակից Ռոբերտ Դեպի խոսքով, միգրանտների արձագանքը տարբեր է․ «Փորձում են խուսափել մեզնից։ Փորձում են թաքնվել, ծածկվել բրեզենտով։ Իսկ երբեմն փորձում են ցույց տալ, թե որտեղ են գտնվում»:

Ընդամենը մի գիշերվա ընթացքում հաջողվել է ձերբակալել ավելի քան հարյուր կուբացիների: Նրանց մեծ մասը հետ է ուղարկվել Կուբա։

«Շատ հոգնեցուցիչ գիշեր էր, բայց, անկասկած, այդ նավակներից մի քանիսը խորտակվելու էին, եթե չհայտնաբերեինք և փրկեինք մարդկանց»,- ասում է լեյտենանտ Սեմուել Կրակովերը։

Կրակովերի թիմը նաև պարեկում է Հայիթիին մոտ ջրերում: Պատմում է, որ այդ հատվածում մեկ նավի վրա այնքան մարդ է լինում, որքան սովորաբար լինում է 20 կամ 30 կուբայական նավերում։

Անցած տարի իրենց երկրներ են վերադարձվել 1 800 հայիթցիներ և ավելի քան 6 600 կուբացիներ։

XS
SM
MD
LG