Մատչելի հղումներ

Խառնաշփոթ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին. միգրանտներին վերաբերող Title 42 օրենքի ժամկետը լրացել է


Քովիդ-19-ի ժամանակ կիրառված Title 42 օրենքի գործողության ժամկետը լրացել է։ Այն իրավունք էր տալիս հենց ամերիկա-մեքսիկական սահմանից արտաքսել միգրանտներին՝ իրենց հայրենի երկրներ:

ԱՄՆ անցնելու հույսով Մեքսիկայում գտնվող միգրանտների ապագան անորոշ է: Համավարակի ժամանակ կիրառված օրենքը, որը թույլ էր տալիս անհապաղ արտաքսել միգրանտներին Մեքսիկա կամ իրենց հայրենի երկրներ, դադարել է գործել։ ԱՄՆ սահմանին կուտակված միգրանտները շփոթված են:

Նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ նոր սահմանափակումներ է սահմանել ապաստան հայցողների համար։ Ներգաղթի հարցերով իրավաբան Պրիսցիլա Օրթան, ում գրասենյակը Տեխաս նահանգի Բրաունսվիլ բնակավայրում է, ամեն շաբաթ անցնում է Մեքսիկայի սահմանը՝ միգրանտներին բացատրելու, թե ինչ ընթացակարգ է իրենց սպասվում:

Օրթան խորհուրդ է տալիս միգրանտներին օգտագործել CBPOne բջջային հավելվածը՝ ընդունելության գրանցվելու, և նախազգուշացնում է՝ եթե սահմանը հատեն առանց թույլտվության, անմիջապես կարտաքսվեն:

Սակայն CBPOne հավելվածը նույնպես չի փրկում․ ընդունելության համար գրանցվելու լրացուցիչ հազար հնարավորությունների պարագայում նույնպես մարդիկ պետք է որոշ ժամանակ սպասեն:

Կուբացի միգրանտ Ներիզ Արուազը սպասում է իր ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ։ «Նույնը, նույնը, նույնը։ Տարածք պարզապես չկա։ Հուսահատ ենք, ոչ ոք չգիտի ինչ անել»,- ասում է նա «Ամերիկայի ձայնին»։

Արուազը Մեքսիկայի սահմանային Մատամորոս բնակավայր է ժամանել մեկ ամիս առաջ և տակավին անտեղյակ է, թե երբ կկարողանան անցնել ԱՄՆ: Կուբայում հաշվապահ էր։ Եթե անցնեն ԱՄՆ, ծրագրեր ունի՝ ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ «ընտանիքը առաջ տանելու համար»:

Միգրանտների մեծ հոսքը Բրաունսվիլում նորություն չէ:

Քեմերոնի շրջանի դատավոր Էդդի Տրևինոյի տվյալներով, ավելի քան երկու հազար միգրանտ է ժամանում ամեն օր։

Տրևինոն ասում է, որ սահմանի երկայնքով գտնվող համայնքները պատրաստվում են վատթարագույնին:

«Մարդիկ անընդհատ խոսում են սահմանների անվտանգության մասին կամ ակնարկում, որ սահմանն անապահով է ու վտանգավոր, և ես համաձայն եմ: Մենք ունեցել ենք ներգաղթյալների թվի աճ, ինչը պարզապես այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ներգաղթի մեր համակարգը խափանվել է»,- ասում է նա։

Սահմանապահ ծառայության աշխատակիցների համար իրենց առաջադրանքը պարզ է՝ առանձնացնել այն միգրանտներին, որոնք համապատասխանում են Ապաստան հայցողների ներկայիս ուղեցույցին, և արտաքսել մյուսներին:

«Սահմանը բաց չէ։ Եթե մուտք չեք գործում անցակետերով, ապա անօրինական եք անցել ԱՄՆ: Title 8 օրենքի համաձայն, կարտաքսվեք և ձեզ հինգ տարի կարգելվի կրկին մուտք գործել ԱՄՆ»,- ասում է սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ֆիդել Բական։

Իսկ նրանց համար, ովքեր արդեն անցել են ԱՄՆ, ճանապարհորդությունը չի ավարտվում: Ռոզի Կարիլյոն ապաստան է խնդրում։ Ներգաղթի հետ կապված նրա դատավարությունը նախատեսված է 2024 թվականի մայիսին: Կարիլյոն Ատլանտա է գնում:

«Հույս ունեմ, որ ի վերջո կբերեմ իմ երեխաներին: Շատ եմ կարոտում նրանց: Անչափ դժվար է բաժանվել ընտանիքից։ Չեմ աշխատում, չեմ կարողանում օգնել նրանց: Իմ երազանքն է՝ նրանց այստեղ բերել»,-ասում է նա։

Ներգաղթի հարցերով ԱՄՆ պաշտոնյաները միգրանտներին կոչ են անում օգտվել CBPone հավելվածից, եթե նպատակ ունեն ապաստան խնդրել, քանի որ առաջիկա օրերը խիստ ծանրաբեռնված են լինելու։

XS
SM
MD
LG