Մատչելի հղումներ

Ռուսաստանի իշխանական համակարգում Պուտինի փոփոխությունները հիմք են մտածելու, որ Ուկրաինայում Կրեմլը պատրաստվում է երկարատև պատերազմի


Ռուսաստանի նախագահ Պուտինը
Ռուսաստանի նախագահ Պուտինը

Ռուսաստանի պաշտպանության նորանշանակ նախարարը տեխնոկրատ է համարվում, ով, ըստ տեղեկությունների, հեղինակել է երկրի կառավարության տնտեսական գործողությունները պատերազմական շրջանում։ Դիտորդների գնահատմամբ, նման նշանակումը վկայում է, որ Մոսկվան պատրաստվում է երկարատև ու ծախսատար պատերազմի։

Երկրորդ աշխարհամարտում հաղթանակին նվիրված տոնակատարությունները, թերևս, վերջինն էին, երբ Սերգեյ Շոյգուն հանրության առջև էր որպես Ռուսաստանի պաշտպանության նախարար: Երեք օր անց, Վլադիմիր Պուտինը հեռացրեց նրան այդ պաշտոնից` ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելով տնտեսագետ Անդրեյ Բելոուսովին, ում շատերը վերագրում են այն գործողությունների մշակումը, որ ձեռնարկում է Կրեմլը՝ արևմտյան պատժամիջոցների դեմ։

Նման նշանակումը, ըստ վերլուծաբանների, վկայում է, որ Պուտինը պատրաստվում է ծախսատար ու երկարատև պատերազմի, և Բելոուսովը կոչված է ապահովել Ռուսաստանի ռեսուրների արդյունավետ օգտագործումը:

«Այժմ, երբ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի, [ռուսները] ցանկանում են համոզվել, որ այն կարող են տանել։ Հետևաբար, տնտեսագետը լավագույնն է, ով կարող է այդ անել»,- ասում է բրիտանական վերլուծական կենտրոններից՝ Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ խորհրդատու Քեյր Ջայլսը։

Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, Ուկրաինայի պատերազմն արդեն իսկ Ռուսաստանին արժեցել է ավելի քան 200 միլիարդ դոլար։

Հատկանշական է, որ Մոսկվայում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ռուսական ուժերը նոր՝ լայնածավալ գրոհ են ձեռնարկել Ուկրաինայի հյուսիս-արևելյան՝ Խարկովի մարզի ուղղությամբ:

Այս հարձակումը լրացուցիչ վկայություն է, որ Կրեմլը չի պատրաստվում խաղաղության։

«Պուտինը ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել [երկրի] պաշտպանական բյուջեն։ Այնպես որ, չեմ կարծում, թե այն նշան է, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն Ուկրաինայում Պուտինի ռազմավարության հետ կապված»,- ասում է Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Նատիա Սեսկուրիան։

Այս մարտին կայացած «ընտրություններից» հետո՝ 71-ամյա Պուտինը, փաստորեն մտադիր է ևս վեց տարի մնալ Կրեմլում։

XS
SM
MD
LG