2024 թվականի ապրիլի 4-ին լրացավ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակը, որը, հիշեցնենք, ստեղծվել է մարդկության պատմության ամենաարյունալի, ամենակործանարար պատերազմից՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, և նպատակն է արևմտյան՝ ժողովրդավարական երկրների պաշտպանությունը:
Այս հուլիսին ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ալյանսի հոբելյանական գագաթնաժողովին:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը պատճառ հանդիսացավ վերաիմաստավորելու ՆԱՏՕ-ի դերն ու նշանակությունը, և Կրեմլի արյունալի ագրեսիայից հետո դաշինքը բռնեց ընդլայնման ուղին՝ ՆԱՏՕ-ի անդամ դարձան Ֆինլանդիան ու Շվեդիան:
Տասնամյակներ շարունակ սահմանափակ ֆինանսավորում հատկացնելուց հետո ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ-պետությունները սկսեցին ավելացնել պաշտպանական ծախսերը և ամրապնդել իրենց ռազմական կառույցները:
Վաշինգտոնյան առաջիկա հանդիպումը, ըստ ամենայնի, անցնելու է ոչ միայն ուկրաինական պատերազմի, այլև մերձավորարևլյան ճգնաժամի և աշխարհի այլ մասերում ծագած լարվածությունների ֆոնին։
Դաշինքի անդամ-երկրները, ԱՄՆ դաշնակիցները ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի ալյանսի մասը հանդիսացող պետությունների ռազմական արդյունաբերության զարգացման, պաշտպանական նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև դաշինքի արևելյան թևը ամրապնդելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում է ալյանս Ուկրաինային հրավիրելու հարցը, որի վերաբերյալ որոշումը հետաձգվեց նախորդ գագաթնաժողովում։
Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնում կայացել է քննարկում՝ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունների վերաբերյալ։
Ի՞նչ է տեղ գտնելու ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի օրակարգում
Նախորդ՝ անցած տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալած Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաուշչյունասը բացել է քննարկումը՝ ընդգծելով, որ «[գալիք] գագաթնաժողովի մեկնարկային կետը պետք է լինի ռուսական ռազմական սպառնալիքը», և որ դաշինքը «թերագնահատել է իրավիճակին հարմարվելու Կրեմլի կարողությունը»։
«Մոսկվան, չնայած պատժամիջոցներին, իր տնտեսությունը տեղափոխել է ռազմական ռելսերի վրա՝ հաշվի առնելով, որ ավտորիտար ռեժիմի պայմաններում այն կարիք չունի անհանգստանալու երկրում սոցիալական բարեկեցությամբ»,- ասել է լիտվացի նախարարը՝ հավելելով, թե Մոսկվայի ունակությունների թերագնահատման պատճառն էր, որ երբ փորձել են «հասկանալ թշնամուն՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմք են ընդունել արևմտյան մոտեցումն ու չափանիշները»։
«Հասարակության առջև պատասխանատվության բացակայությունը, զորահավաքային կարողությունների դաժան կերպով ի մի բերումը, որը կարող է հասնել 25 միլիոն մարդու, Ռուսաստանը դարձնում են ամենավտանգավոր հակառակորդներից մեկը, որին դաշինքը ստիպված կլինի դիմակայել տարածաշրջանում»- նշել է Կաուշչյունասը:
Լիտվայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, այս և այլ սպառնալիքների առնչությամբ արևմտյան դաշնակիցները «պետք է շատ բան փոխեն ՆԱՏՕ-ի աշխատանքում», և առաջին հերթին՝ ալյանսի արևելյան թևում հասունացել է «արձագանքման և զսպման ավելի ճկուն համակարգի հիմնման անհրաժեշտությունը, որը նշանակում է դաշինքին մաս կազմող տարածաշրջանային ուժերին ավելի շատ լիազորությունների հատկացում»։
Երկրորդ, այլևս ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 2% հասցնելը ընդամենը ստորին շեմն է և այն պետք է ավելացվի։
Երրորդ, ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները պետք է լրջորեն արդիականացնեն և ուժեղացնեն իրենց ռազմա-արդյունաբերական համալիրները։
Չորրորդ, հարկ է սկսել «Ուկրաինան դիտարկել որպես Եվրոպայի և Արևմուտքի դեմ ուղղված ագրեսիան զսպելու գործիք», հետևաբար՝ եվրաատլանտյան անվտանգության ապահովման տարր ու «ի վերջո, լուծել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը»։
Վերջապես, ըստ Լաուրինաս Կաուշչյունասի, ՆԱՏՕ-ն պետք է «դադարի դիտարկել Ռուսաստանի հետ առճակատումը «սրացում-ապասրացում» տրամաբանությամբ․ «Քանի որ Կրեմլը հասկանում է միայն ուժը, պետք է մշակենք ակտիվ պաշտպանության համակարգ, որը թույլ չի տա Մոսկվային սպառնալ, թե կսրի հակամարտությունը»։
Անվտանգության ի՞նչ երաշխիքներ պետք է լինեն, որպեսզի չհանգեցնեն հակամարտության սրմանը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, հայազգի Օքսանա Մարկարովան հիշեցրել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հայտնի հուշագրով Կիևի համար սահմանված անվտանգության երաշխիքները կոպտորեն խախտվել են փաստաթուղթը ստորագրած Ռուսաստանի կողմից։ Ուկրաինան, հրաժարվելով աշխարհի երրորդ ամենամեծ միջուկային զինանոցից, որը ժառանգել էր ԽՍՀՄ-ից, փաստացի մնաց անպաշտպան։
«Իհարկե, աշխատում ենք որոշ երկրների հետ՝ 10 տարվա կամ ավելի երկարատև անվտանգության համաձայնագրերի ուղղությամբ, և այն կարևոր է, քանզի մեզ հիմք է տալիս պլանավորումներ կատարել, բայց եկեք չշեղվենք այն քննարկումից, որ անվտանգության միակ երաշխիքն է, երբ մենք միասին՝ մեկ ընտանիքի նման կպաշտպանենք միմյանց»,- ասել է տիկին դեսպանը։
Արդյո՞ք ուկրաինական պատերազմի սրման վտանգ կա
ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսը հիշեցրել է, որ «պատերազմի սկզբում վախը մեծ էր, թե հակամարտությունը կհասնի միջուկային բախման», բայց «ավելի շատ խոսակցություն էր, քան իրական սպառնալիք»։
Օքսանա Մարկարովան հավելել է, թե «Ուկրաինայի համար ռուսական այդ՝ պատերազմը սրելու մարտավարությունը ծանոթ է դեռ 2014 թվականից»։
«Ռուսաստանը միշտ խոսելու է պատերազմը սրելու մասին, քանզի [Կրեմլի] նպատակն է հետ պահել այլ երկրներին այս պայքարում մեզ օգնելուց: Մոսկվան ցանկանում է բռնազավթել ողջ Ուկրաինան և այն օգտագործել որպես հետագա սրացման հիմք։ Լայնամասշտաբ ներխուժման երկու տարվա ընթացքում տեսանք, թե ինչպես են հատվում [ռուսական] բազմաթիվ «կարմիր գծերը», որոնց պետք է հետևեր սրացումը, բայց ոչինչ տեղի չունեցավ: Հաստատակամ, վճռական գործողությունները միակ լեզուն են, որ ռուսները հասկանում են»,- ասել է Ուկրաինայի դեսպանը:
Ի՞նչ անվտանգային իրավիճակ է ՆԱՏՕ-ի արևելյան թևում
Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաուշչյունասն իրավիճակը բնութագրել է «զգուշավոր լավատեսությամբ»։
Ըստ նրա, մի կողմից «ներկայում Կալինինգրադում առկա Ռուսաստանի ցամաքային և ռազմածովային ուժերը մեծ վտանգ չեն ներկայացնում», քանի որ Կրեմլի հիմնական կարողությունները Ուկրաինայում են, բայց «անհրաժեշտ է հասկանալ, որ Մոսկվան կարող է արագ համալրել իր զինանոցը և մարդուժը անկլավում»
Նախարարի խոսքով, այդ առումով առանձնահատուկ դեր է խաղում Բելառուսը, «որն, ըստ էության, անկախ պետություն չէ»։
«Նրանց՝ [Բելառուսի] տարածքից հարձակումը շատ հավանական է», - ասել է Կաուշչյունասը: Որպես օրինակ հիշեցրել է «կառավարվող միգրացիոն ճգնաժամը», որը կազմակերպել էր Լուկաշենկոյի ռեժիմը Եվրամիության երկրների հետ սահմանն։
Արդյո՞ք բավարար ուժեր կան՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար
Լիտվայի պաշտպանության նախարարի ներկայացմամբ, «չնայած ռազմական ինքնաթիռների և տանկերի առկայությանը», որոնք թույլ են տալիս Եվրոպային վստահ զգալ, «ընդհանուր առմամբ, առանց Միացյալ Նահանգների օգնության, Եվրոպայի անվտանգությունն անհնար է ապահովել»:
«Բալթյան երկրների նպատակն է հասնել ՀՆԱ-ի համեմատ պաշտպանական ծախսերի 3% մակարդակի։ Բացի այդ, անհրաժեշտ է ծածկել որոշ բացեր։ Ամրապնդել հակաօդային պաշտպանության համակարգը, և, որ ամենակարևորն է, լուծել Ուկրաինայի հարցը՝ նրան հրավիրել ՆԱՏՕ»,- ասել է Լաուրինաս Կաուշչյունասը։
Որո՞նք են Ուկրաինայի առաջնահերթություններն առաջիկա ամիսներին
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Մարկարովայի հավաստմամբ, իր երկրի «առաջնահերթությունները չեն փոխվել 2014 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը առաջին անգամ հարձակվեց Ուկրաինայի վրա»:
«Ե՛վ այն ժամանակ, և՛ այսօր մեզ անհրաժեշտ է ավելի շատ զենք, ավելի շատ աջակցություն, ավելի շատ պատժամիջոցներ [Կրեմլի նկատմամբ] և Ռուսաստանի մեկուսացում»,- ասել է նա՝ հավելելով, որ «օգնության վերաբերյալ որոշման հետաձգումը վեց ամսով բացասաբար է ազդել Ուկրաինայի հնարավորությունների վրա ռազմաճակատում»:
Օքսանա Մարկարովան կոչ է արել ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, որպեսզի երկրի բնակիչները կարողանան պայքարել և վերականգնել այն, ինչ ավերել են ռուսական ուժերը։
Ինչպե՞ս է Ուկրաինային տրամադրվող աջակցությունը բաշխվում Եվրոպայի ու ԱՄՆ միջև
Ուկրաինայի դեսպանի խոսքով, Կիևն «իր բյուջեի ավելի քան 30%-ը ծախսում է երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, և այդ պատճառով եվրոպական ուղղակի ֆինանսական ներարկումները երկրի բյուջե մեծ նշանակություն ունեն»։
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ցուցաբերվող օգնության շարունակման համար՝ Մարկարովան նաև տեղեկացրել է, որ այլ պետությունները նույնպես, օրինակ՝ Ճապոնիան, 2024 թվականի առաջին եռամսյակում զգալի աջակցություն են ցուցաբերել Կիևին։
«Եթե հաշվեք, թե իրենց ՀՆԱ-ի համեմատ երկրներն ինչ աջակցություն են ցուցաբերել [Ուկրաինային], ապա կտեսնեք, որ բալթյան և սկանդինավյան երկրները առաջատարներ են։ Չնայած եվրոպական այլ երկրներ շարունակում են օգնել։ Հուսով ենք, որ կարևոր սպառազինությունը, օրինակ՝ հեռահար հրետանին տեղ կհասնի ոչ միայն ԱՄՆ-ից, այլև եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Գերմանիայից։ Ընդհանրապես, պետք չէ մրցել, թե ով է աջակցության գործում առաջատարը։ Պետք է գործենք արագ ու միասնաբար»,- նշել է Մարկարովան։
ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսը հույս է հայտնել, որ «Եվրոպայից և ԱՄՆ-ից մատակարարվող զենքի փաթեթները աստիճանաբար կփոխեն իրավիճակը ռազմաճակատում»։ Սակայն հավելել է՝ գլխավորը «այլևս կանգ չառնելն է, ինչպես վերջերս եղավ՝ վեց ամսով»։
Նորվեգիայի դեսպանը նշել է, որ, իր տվյալներով, «Եվրոպայի ընդհանուր ծախսերն Ուկրաինային օգնելու գործում գրեթե հավասար են ԱՄՆ օգնությանը»։
«Միգուցե Եվրոպան սկզբում շատ դանդաղ էր գործում: Վերջապես Եվրամիությունը հասկացավ, որ քանի որ մեր մայրցամաքում պատերազմ է ընթանում, մեզ համար այն առաջնային է։ Բայց չենք կարող փոխարինել ԱՄՆ ցուցաբերած օգնությունը։ Այդ հարցում ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատար, և մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում ողջ աշխարհին՝ Մերձավոր Արևելքին, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին և այլն»,- հավելել է Կրուտնեսը:
Նորվեգիայի դեսպանը հատուկ անդրադարձել է հակաօդային պաշտպանության նորվեգական NASAMS համակարգի, F-16 կործանիչների մատակարարմանը և իր երկրի «մասնակցությանը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զսպման գործում», ուր, ըստ նրա, «Ուկրաինայի հետ հաջող համագործակցություն է հաստատվել»։
«Նորվեգիայի կառավարությունը պարտավորվել է պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ-ի 3%-ի մակարդակին»,- ընդգծել է Աննիկեն Կրուտնեսը։
Ինչպե՞ս պետք է գործի ՆԱՏՕ-ն՝ հաշվի առնելով սեփական և Ուկրաինայի կարիքները
Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ջեյմս Ռոսկոն ընդգծել է, որ «դաշինքը հավաքական անվտանգության միջոց է, որը կոչված է պաշտպանել դաշնակից երկրների մոտ մեկ միլիարդ քաղաքացիներին»:
Ռոսկոյի խոսքով, Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ ինքը «շարունակում է հանդիսանալ ՆԱՏՕ-ի ամենամեծ և անմիջական վտանգը»։ Հետևաբար՝ ալյանսի առաջիկա գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ-երկրները «պետք է համոզվեն, որ մոտ ապագայում նրանք կարող են զսպել Մոսկվային»՝ միաժամանակ հատկացնելով Ուկրաինային այն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու և համոզվելու, որ «Կրեմլը կձախողվի Ուկրաինայում»։
«Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ ռազմա-արդյունաբերական համալիրը կարևոր է, և պետք է շարունակենք ներդրումներ կատարել այնտեղ։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մինչև 2030 թվականը պատրաստվում է պաշտպանական ծախսերը հասցնել երկրի ՀՆԱ-ի 2․5%-ի: Պատրաստվում ենք ներդրումներ կատարել կիբեռանվտանգության զարգացման ուղղությամբ՝ սպառնալիքներին դիմակայելու համար, քանզի հենց այս ոլորտում կարող է [լուրջ] հակամարտություն սկսվել 10-20 տարի հետո»,- ասել է Ջեյմս Ռոսկոն։
ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման գծով ավագ տնօրեն Թոմաս Ռայթը նշել է, որ դաշինքի անդամ-երկրները չպետք է կենտրոնան 2% թվի վրա․ «Բոլորը ստիպված կլինեն մեծացնել իրենց ռազմական ծախսերը։ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցները նույնպես պատրաստ են մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, քանի որ նրանք դիտարկում են մեր և իրենց անվտանգությունը որպես փոխկապակցված»։
Ի՞նչը կարող է օգնել Ուկրաինային` հաղթանակի հասնելու
ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը զորեղ քայլ կլինի, և ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան, անշուշտ, համաձայն էր։
Վերջինիս կարծիքով, «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, օրինակ՝ բոլոր ռուսական բանկերի դեմ, քանի որ մինչ այժմ միայն 55 ռուսական բանկ է գտնվում սահմանափակումների ներքո, նույնպես գործուն միջոց կլինեն՝ զսպելու Կրեմլին»՝ ի հավելումն ռուսաստանյան պետական «սառեցված միջոցների և ակտիվների բռնագրավման», որոնք կարող են փոխանցվել Կիևին։
Արդյո՞ք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթանաժողովում կարող են վերստին ի հայտ գալ տարաձայնություններ՝ ալյանսին Ուկրաինայի անդամակցության շուրջ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական պլանավորման գծով ավագ տնօրեն Թոմաս Ռայթը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կլինի «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի առանցքային մասը»:
Թերահավատ էր, որ ալյանսի նախորդ գագաթնաժողովում Ուկրաինայի հետ կապված «շփոթությունը կկրկնվի»՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները ևս մեկ անգամ «համոզվեցին, որ Ուկրաինայի մարտունակ բանակն այն ուժն է, որը կարող է ապագայում պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը»։
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Յուրի Քիմը ասել է, որ գագաթնաժողովը «բոլոր երկրներին հնարավորություն կտա տեսնել, որ Արևմուտքը նախապատրաստում է Ուկրաինային ՆԱՏՕ-ի համար, և որ երկիրը շուտով կարող է դառնալ մեր դաշինքի մի մասը»։
«Ինձ համար խնդրահարույցն այդ չէ, այլ այն, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է։ Անվտանգության խորհրդի անդամ, որը ներխուժեց իր հարևան երկիր և ոտքի տակ առավ միջազգային հարաբերություններում հաստատված կանոնները նախորդ 80 տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո»,-ասել է Քիմը։
ԱՄՆ-ում Գերմանիայի փոխդեսպան Աքսել Դիտմանը կարծիք է հայտնել՝ կարևոր է գագաթնաժողովի ընթացքում ցույց տալ, որ դաշինքի բոլոր անդամներն աշխատում են գործնական հարցերի լուծման՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի, մասնավորապես՝ Patriot համակարգերի անհապաղ տրամադրման, ինչպես նաև Ուկրաինայի համար զինամթերք արտադրող նոր գործարանների կառուցման ուղղությամբ:
Դեսպան Մարկարովայի խոսքով, Գերմանիայի այն քաղաքականությունը, ըստ որի Բեռլինը զսպվածությունն էր ցուցաբերում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, հնացել է։
«Ռուսաստանի հետ խաղաղություն պահպանելու համար բուֆերային, գորշ գոտիներ ստեղծելու քաղաքականությունը չի աշխատում։ Ռուսաստանը միշտ սպառնալիք է եղել բոլորիս համար. Ռուսաստանը պատերազմներ է մղել 1990-ականների սկզբին, 2008 թվականին հարձակվեց Վրաստանի վրա։ Ուկրաինան, Վրաստանը և այլ երկրները չեզոք էին, բայց դա չխանգարեց Ռուսաստանին հարձակվել նրանց վրա։ 16 տարի տևած քննարկումներից հետո դեռ պատասխան չկա, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ն ամրապնդել մարտերում թրծված իր բանակով, որն, ըստ էության, միակն է այսօր, որն օգնում է դաշինքին զսպել սպառնալիքն իր արևելյան թևում»,- ասել է Մարկարովան:
Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը համոզմունք է հայտնել, որ «առաջիկա գագաթնաժողովի հիմնական նպատակը պետք է լինի հստակ ուղերձը Մոսկվային, որ Արևմուտքը կշարունակի աջակցել Ուկրաինային, քանի դեռ նա չի հաղթել»:
«2008 թվականից մեզ համար պարզ էր, որ Ուկրաինան դառնալու է դաշինքի անդամ, և մենք դա հաստատեցինք [անցած տարի տեղի ունեցած ՆԱՏՕ-ի] Վիլնյուսի գագաթնաժողովում, երբ ասացինք, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ն է, բայց մենք պատրաստ չէինք անցած ամառ պատշաճ հրավեր ուղարկել Ուկրաինային։ Չեմ ակնկալում, որ դաշինքն այդ կանի այս ամառ, բայց ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը Ուկրաինային կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս պահին»,- հայտարարել է Սմիթը։
Ի՞նչ եզրակացություններ պետք է անի Կրեմլը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո
Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանն ամփոփել է Կրեմլին ուղղված ՆԱՏՕ-ի ուղերձը՝ հետևյալ խոսքերով. «Միասնական ենք Ուկրաինային աջակցելու հարցում և կաջակցենք նրան, քանի դեռ Կրեմլը չի պարտվել։ Նրանք՝ [ռուսները] պետք է սկսեն մտածել իրեն «պլան Բ»-ի մասին»։