Աբորտ կատարելու իրավունքի հարցը դարձրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի կարևոր կետերից մեկը: Փոխնախագահ Քամալա Հարիսը Ֆլորիդայում էր, երբ աբորտն փաստացի արգելող նահանգային օրենքը մտավ ուժի մեջ:
«Սա պայքար է հանուն ազատության: Սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու հիմնարար ազատությունը իշխանությունը չպետք է սահմանափակի»,- ասել է Հարիսը:
Ֆլորիդայում հղիության արհեստական ընդհատման մասին նոր օրենքը ամենից շատ սահմանափակումներն ունի: Այս նոյեմբերին հարցը դրվելու է քվեարկության՝ արդյո՞ք օրենքը պետք է ներառել նահանգի սահմանադրության մեջ:
Հղիության արհեստական ընդհատման հարցը 2022 թվականին ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ փոխանցվեց նահանգների իրավասությանը:
Հատկանշական է, որ երկրի գերագույն դատարանի վեց դատավորներից երեքին ժամանակին նշանակել էր Թրամփը: Հարիսի խոսքով, հետևաբար՝ պատասխանատուն Դոնալդ Թրամփն է։
«Ողջ երկրում ականատես ենք լինում աբորտ կատարելու ազատության դեմ նահանգներում իրականացվող հարձակումներին: Հասկացեք, թե ով է մեղավոր: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այդ արեց»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Չնայած Թրամփի խոսքով, Ֆլորիդայի նոր օրենքը «շատ հեռուն է գնացել», բայց նա տակավին կողմ է հարցը նահանգային իշխանություններին թողնելուն:
«Նահանգները շատ տարբեր են։ Որոշներն ունեն ավելի շատ պահպանողական օրենքներ, քան մյուսները: Ի վերջո, այս ամենը ժողովրդի կամքն է: Դուք պետք է հետևեք ձեր սրտին, կամ շատ դեպքերում՝ ձեր կրոնին կամ ձեր հավատքին»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ֆլորիդայի Ֆորտ Փիրս քաղաքի կանանց առողջության կլինիկայի այցելու Ջեռնեկան մտահոգ է, թե նոր օրենքի հետևանքով ավելի շատ երիտասարդ կանայք կմահանան:
«Աբորտներ կլինեն՝ օրինական, թե անօրինական: Դրանք տեղի կունենան անպահով վայրերում»,- ասել է Ջեռնեկան:
Կլինիկայի սեփականատեր Քենդեյս Դայնի խոսքով, աբորտների մասին նոր օրենքից առաջ հիվանդների հերթ էր․ «Բազմաթիվ աղջիկներ նույնիսկ չգիտեն, որ հղի են՝ մինչև վեց շաբաթը: Նրանք կարծում են, որ չորս շաբաթական հղի են: Երբ հետազոտում ենք, հիմնականում արդեն վեց շաբաթական հղիություն է լինում»։
Բողոքի ակցիա են իրականցնում աբորտի դեմ հանդես եկողները։ Թեմի Հոլին ասում է․ «Այստեղ եմ, քանի որ աբորտն ինձ ցավ է պատճառել։ Չեմ ուզում, որ այլ կանայք ևս դա ապրեն: Նրանք ներս են մտնում այս դռնով և երբեք նույնը դուրս չեն գալիս։ Անկախ նրանից, թե որչափ են նրանք փորձում բնականոն կյանքի անցնել, երբեք նույնը չեն լինի»:
Չնայած աբորտի արգելքը բազմաթիվ հանրապետական ընտրողների սրտով է, Թրամփը, ըստ երևույթին, գիտակցում է, որ խոցելի է այս հարցում:
«Մենք պետք է հաղթենք։ Մենք այլևս չենք կարող ձախողակ ազգ լինել: Մեր ազգը շատացնելու ենք»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի խոսքով, Թրամփի հանրապետական դաշնակիցները Կոնգրեսում ցանկանում են համապետական արգելք սահմանել աբորտի համար: