Մատչելի հղումներ

50 հազար զոհ․ Կրեմլը թաքցնում է իր զոհերի թիվն ուկրաինական պատերազմում


Ռուս զոհերի գերեզման
Ռուս զոհերի գերեզման

Կրեմլից կախում չունեցող ռուսական լրատվամիջոցների հավաքագրած տվյալները վկայում են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ սպանված ռուսաստանցի զինվորականների թիվը մոտ 50 հազար է։ Այս թվից, սակայն, Պուտինի վարչակազմը փորձում է ամեն կերպ հեռու մնալ։

Բռնազավթված Ղրիմում տեղի պաշտոնյաները արարողություն էին կազմակերպել՝ ի հիշատակ մի ռուս զինվորի։ Նման արարողություններն ու տեղական լրատվամիջոցներում մահախոսականներն են Ռուսաստանից դուրս գործող ռուսական Mediazona լրատվամիջոցի աղբյուրները, որոնց հիման վրա էլ այն կազմում է Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը։

Ընդհանուր թիվը մոտ 50 հազար է․ բոլորը զոհվել են պատերազմում՝ նախորդ ավելի քան երկու տարիներին:

Mediazona-ի կողմից իրականացվող աշխատանքի նպատակն է լույս սփռել Պուտինի նվաճողական պատերազմի համար զոհված ռուսաստանցիների թվի վրա, որը Կրեմլում փորձում են ամեն կերպ թաքցնել հանրությունից։

Կրեմլը թաքցնում է իր զոհերի թիվն ուկրաինական պատերազմում
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

«Պետության համար դժվար է թաքցնել բաց աղբյուրները: Օրինակ, չես կարող թաքցնել գերեզմանոցները։ Նոր գերեզմանոցների արբանյակային պատկերները բավականին օբյեկտիվ աղբյուր են»,- ասում է բաց աղբյուրների ուսումնասիրության գծով մասնագետ Առնո Ռոյզերը։

Անգամ նման թվերի պարագայում՝ որոշ դիտորդներ վստահ են, որ այն ավելի փոքր է, քան ռուսական բանակի իրական կորուստներն Ուկրաինայում:

Հայտնի է, որ ռուսաստանյան հանրությունն այլևս չի օգտագործում սոցցանցերը՝ քաղաքական կամ ռազմական հարցերի մասին քննարկումներ ծավալելու համար, ինչպես նախկինում՝ ասում է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի գիտաշխատող Պավել Լուզինը. «Տասը տարի առաջ մարդիկ ավելի բաց էին։ Շատ քիչ մարդիկ կային, ովքեր փակ էին պահում իրենց էջերը: Կարելի էր գործնականում բացել ցանկացածի էջ և տեսնել, թե ինչ է մտածում»։

Կասկածի տակ է նաև ուկրաինական կողմի ներկայացրած թիվն իր զոհերի մասին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս փետրվարին հայտարարել էր, որ 31 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր:

Շատերն են ռազմի դաշտում Մոսկվայի կիրառած մարտավարությունը որակում «մսաղաց», և չնայած ռուսական կողմի ահռելի զոհերին, դիտորդների մեծ մասը որևէ նշան չի տեսնում, թե Կրեմը մտադիր է փոխել պատերազմելու իր ռազմավարությունը։

«Ռուսաստանի հարձակման մարտավարությունը հետևյալն է՝ եթե ավելի շատ զոհ ունեն առաջնագծում, քան Ուկրաինան փամփուշտ, ուրեմն Մոսկվան հաղթում է»,- ասում է վերլուծաբան Քեյր Ջայլսը։

Դիտորդները պնդում են՝ Կրեմլը մտադիր չէ ռուսաստանյան հանրությանը տեղեկացնել ռազմի դաշտում իր իրական կորուստների մասին։

XS
SM
MD
LG