Մատչելի հղումներ

Ի՞նչ գին է վճարում Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում


Ռազմի դաշտում ռուսական բանակի կորուստները շարունակում են աճել և մարդկային զոհերը չեն դադարում։ Ըստ դիտորդների, ռուսական զինուժի ներկայիս կորուստներն ամենից մեծն են Երկրորդ աշխարհամարտից հետո։

Медиазона-ի և BBC-ի համատեղ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր՝ 2022 թվականի փետրվարից սպանվել է ավելի քան 50 հազար ռուսաստանցի զինվորական։ Նրանց անունները հայտնի են դարձել բաց աղբյուրների հիման վրա։

Տվյալները թարմացվել են այս ապրիլի 5-ին։ Մարտի վերջին հրապարակված նախորդ զեկույցից հետո զոհերի թիվն ավելացել է հազարով։ Ընդ որում, հետաքննող լրագրողների համոզմամբ, ռուսական կողմի մարդկային կորուստների իրական թիվն անահամեմատ մեծ է՝ իրենց գնահատմամբ, առնվազն երկու անգամ։

Conflict Intelligence Team-ի ներկայացմամբ, Медиазона-ի և BBC-ի կողմից կազմված ցանկն իրականում, ներառում է 2022 թվականաի փետրվարից ի վեր հողին հանձնված ռուսաստանցի զինվորականների թվի մոտ 40%-60%-ը: 2024 թվականի փետրվարին հրապարակված Conflict Intelligence Team-ի ուսումնասիրության համաձայն, Ռուսաստանի ընդհանուր կորուստները տատանվում են 130-ից 270 հազար՝ սպանված ու վիրավոր։

Ի՞նչ գին է վճարում Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում
please wait

No media source currently available

0:00 0:06:41 0:00

Ըստ անցած տարվա դեկտեմբերին գաղտնազերծված ԱՄՆ հետախուզական զեկույցի, Ուկրաինայի դեմ ագրեսիան արդեն այդ ժամանակ Ռուսաստանին արժեցել էր 315 հազար սպանված ու վիրավոր, ինչը կազմում է լայնամասշտաբ ներխուժման սկզբում ներգրավված ռուսական զինուժի անձնակազմի գրեթե 90%-ը։

Медиазона-ի և BBC-ի լրագրողներն նաև ներկայացրել են ուկրաինական պատերազմում զոհված ռուսաստանցի 101 ժամկետային զինծառայողների անուններ, չնայած Վլադիմիր Պուտինը բազմիցս հրապարակավ խոստացել է մարտական գոտի չուղարկել զինակոչիկների։

«Քաղաքացի։ Բանակ» նախագծի ղեկավար և Мемориал միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի խորհրդի անդամ Սերգեյ Կրիվենկոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է, որ լիովին վստահում է Медиазона-ի և BBC-ի հրապարակած վիճակագրությանը, քանի որ տեղյակ է դրանց կազմման մեթոդաբանությանը։ Նրա խոսքով, լրագրողների ստացած բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվել և հաստատվել են։

«Բայց, վստահաբար, սա նվազագույն ցուցանիշն է, որը իրավապահ մարմիններն իրենք չեն թաքցնում։ Ես այդ թիվը կհասցնեի 80 հազարի, որովհետև, օրինակ, ոչ բոլոր սպանվածներն են հայտնաբերվել։ 2022 թվականին, երբ ուկրաինական զինված ուժերն անցան հակահարձակման, Ուկրաինայի տարածքում մնացին [ռուսաստանցի զինծառայողների] բազմաթիվ դիեր, որոնց մասին դեռ ճշտված տեղեկություն չկա»,- ասում է Կրիվենկոն։

Զոհված ժամկետային զինծառայողների մասով նշում է․ «Առաջին հերթին դրանք «Մոսկվա» հածանավի և Սևծովյան [ռուսական] ռազմական նավատորմի այլ նավերի անձնակազմի անդամներն են, [որոնք խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից]: Մեր տվյալներով՝ զոհվել են մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ։ Այո՛, նրանցից շատերը նշված են որպես անհետ կորած: Բայց դա պայմանավորված է նրանով, որ տարբեր պատճառներով ոչ բոլոր հարազատներն են դիմել դատարան՝ ճշմարտությունը իմանալու համար։ Գումարած՝ Ուկրաինային սահմանակից տարածքներում գնդակոծության հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահանում։ Նրանց ուղարկում են սահմանապահ ծառայության»։

Հայտնի է, որ 2023 թվականի դեկտեմբերին ուկրաինական ռազմուժի կողմից ռուսական Новочеркасск դեսանտային նավի ոչնչացման հետևանքով զոհվեց առնվազն 74 նավաստի:

Ըստ իրավապաշտպանի, պատահական չէ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փորձում է ամեն կերպ թաքցնել մարդկային կորուստների վիճակագրությունը, քանզի արյունալի թվերն արդեն գերազանցում են Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային և ռուսական բանակների կրած բոլոր կորուստները։

The Insider առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովի փոխանցմամբ, իրենք ևս հատուկ ուսումնասիրություն են անցկացրել՝ ստուգելու ռուսական բանակի մարդկային կորուստների իրական թիվը՝ կիրառելով նաև Google ու Yandex որոնողական համակարգերը և համեմատելով ստացված արդյունքները Медиазона-ի և BBC-ի թվերի հետ։

«Եվ մենք շատ հստակ համահարաբերակցություն ենք հաստատել սպանվածների թվերի դինամիկայի միջև, չնայած, որ մեր հետազոտության մեթոդները բոլորովին այլ են։ Մահացության թվերի տատանումները համընկնում են Медиазона-ի և BBC-ի տվյալների հետ»:

Ըստ Դոբրոխոտովի, հաջորդ կարևոր հարցն է, թե ինչպես ճիշտ տարածել սպանվածների թիվը՝ բացահայտելու ընդհանուր կորուստների չափը. «Սա ավելի բարդ խնդիր է, որը կարելի է լուծել տարբեր ձևերով։ 50 հազար զոհվածը բավականին պահպանողական գնահատական է։ Լրագրողների կարծիքով, այս թիվը պետք է բազմապատկել երկուսով։ Հետևաբար, ընդհանուր չվերականգնվող կորուստներն էլ ավելի մեծ կլինեն՝ հաշվի առնելով ծանր վիրավորներին, անհետ կորածներին և գերիներին։ Եթե օգտագործենք գործակիցը, որը սովորաբար օգտագործվում է այս դեպքերում 1:3 – 1:4, ապա ընդհանուր կորուստները կկազմեն մոտ կես միլիոն»։

Սա՛ է Ռուսաստանի վճարած գինը մի պատերազմի համար, որը հեռու է ավարտից՝ ընդգծում է լրագրողը։

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը ևս վստահ է՝ 50 հազարը մահերի նվազագույն թիվն է, իսկ, իրականում, այդ թիվը նկատելիորեն բարձր է։

«Ցավոք, զոհերի ոչ մի շեմ չի հարկադրի Կրեմլին ուշքի գալ և սկսել խաղաղ լուծումներ որոնել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում հասարակական կարծիքին, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է։ Բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում Ռուսաստանից և գալիս եմ եզրակացության, որ հասարակությունն դեպրեսիայի մեջ է։ Ընդ որում, իրավիճակն ազդել է ոչ միայն պատերազմին դեմ արտահայտվողների վրա, իսկ նրանց թիվը գնալով շատանում է, այլև նրանց, ովքեր նախկինում հանդես են եկել պատերազմի օգտին։ Վերջիններս այժմ, մեծամասամբ, ջղագրգիռ վիճակում են»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Զուբովը։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ չնայած հսկայական զոհողություններին, պատերազմը շարունակվում է, վերջը չի երևում․ «Այս ամենը մարդկանց վրա ճնշող ազդեցություն է ունենում։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները լռում են զինվորականների մահվան դեպքերի մասին, տեղեկություններն ու խոսակցությունները պտտվում հասարակության մեջ։ Իսկ նման իրավիճակներում մարդիկ սկսում են ուռճացնել ամեն ինչ»։

Պատմաբանի խոսքով, անարդար պատերազմ մղելը անառողջ մթնլորոտ է ձևավորում հանրությունում․ «Սա նույնպես կարելի է ռազմական կորուստ համարել։ Ընդ որում, շատ զգայուն։ Հիշենք, թե որքան դժվար ու ցավոտ էր վիետնամական սինդրոմը ԱՄՆ համար։ Ուկրաինական սինդրոմը, կարծում եմ, ոչ պակաս ցավոտ կլինի Ռուսաստանի համար, ինչը լավ բան չի խոստանում երկրին։ Էլ չասած, որ ավտորիտար ռեժիմն ինքնին կործանարար է։ Գումարած՝ մահացած երիտասարդների հսկայական թիվը ակնհայտորեն կվատթարացնի ժողովրդագրական վիճակը։ Պատերազմը դեռ երկար է արձագանքելու»։

XS
SM
MD
LG