ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի Թել Ավիվում հանդիպել էր իսրայելցի պատանդների հարազատներին: Սա նրա յոթերորդ այցն է տարածաշրջան՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» արյունալի հարձակումից ի վեր: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նպատակն է հրադադար հաստատել Գազայի հատվածում, որի դիմաց պետք է ազատ արձակվեն պաղեստինցիների ձեռքում գտնվող իսրայելցի պատանդները:
Բլինքենն ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այցելել են Գազայի հատված: Բլինքենն ասել է, որ Իսրայելը կարևոր զիջումների է գնացել՝ թույլ տալով ավելի շատ օգնություն հասցնել պաղեստինցիներին՝ հավելելով, թե սպասում են «Համասի» որոշմանը՝ ընդունել սեղանին դրված պայմանները:
««Համասը» պետք է որոշի, թե արդյոք կընդունի այս պայմանները և կփոխի իրավիճակն այն մարդկանց համար, որոնց մասին հոգ է տանում: Ժամանակ չկա»,- ասել է Բլինքենը։
Իսրայել, Հորդանան և Սաուդյան Արաբիա կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղարը վերադարձել է՝ առանց կրակի դադարեցման մասին պայմանավորվածության:
Դիտորդները սպասում էին ավելի լայն պայմանավորվածության կայացում, որը կներառեր Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը, և որը, հնարավոր է, վերջ կդներ Գազայում ռազմական գործողություններին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ չէ դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց՝ հավելելով, թե ծրագրված ցամաքային գործողությունը Ռաֆահում տեղի կունենա:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերլուծաբան Բրայան Քաթուլիսն անդրադարձել է իրավիճակին․ «Կարծում եմ, իրական խոչընդոտ է, որ Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ, կտրականապես դեմ են պաղեստինյան պետությանը: Իսկ սաուդացիները շատ հստակ ասել են, որ ցանկանում են Գազայում հնարավորինս շուտ հրադադար հաստատել: Նրանք նաև ցանկանում են տեսնել Պաղեստին պետության ստեղծումը»:
Քաթուլիսի խոսքով, մեծ առաջընթաց է գրանցվել Վաշինգտոնի և Ռիյադի միջև՝ պաշտպանական պայմանագրի կնքման ուղղությամբ, բայց ոչ Իսրայելի հետ լայն համաձայնության կայացման հարցում: