Մատչելի հղումներ

Բայդենի ու Թրամփի ընտրապայքարի կենտրոնում հայտնվել է Միչիգան նահանգը


Բայդեն Թրամփ
Բայդեն Թրամփ

ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփն այս շաբաթ ծրագրում է նախընտրական քարոզարշավ անցկացնել Միչիգանում։ «Տատանվող» նահանգների շարքին դասված Միչիգանը կարող է լուրջ ազդեցություն թողնել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Միչիգանի ընտրողների մեծ մասը 2016 թվականին իրենց ձայնը տվել էին Դոնալդ Թրամփին, իսկ 2020 թվականին՝ Ջո Բայդենին: Երկու մրցակից թիմերում էլ վստահ են՝ այս տարի իրենք են հաղթելու Միչիգանում:

Միչիգանում Թրամփի նպատակն է իր կողմը գրավել ավտոմոբիլաշինության ոլորտի աշխատակիցներին, որոնց աշխատատեղերը, ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի, վտանգված են՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ Բայդենի ծրագրերի և էլեկտրական մեքենաների արտադրության սուբսիդավորմանն ուղղված ԱՄՆ ներկայիս քաղաքականության պատճառով:

Բայդենի ու Թրամփի ընտրապայքարի կենտրոնում հայտնվել է Միչիգան նահանգը
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00

Թրամփը հենց այս ուղերձն է պատրաստվում հղել չորեքշաբթի Միչիգանում՝ նախընտրական հավաքին:

«Լինելու ենք Միչիգանում։ Մի նահանգ, որը նա [Բայդենը] ավերել է ավտոարդյունաբերության պատճառով: Միչիգանում [այլևս] աշխատատեղեր չենք ունենա: Միչիգանում ավտոարդյունաբերության ոլորտում աշխատատեղեր չեն մնա: Նրանք՝ [ընկերությունները] բոլորը գնում են Չինաստան և այլ վայրեր՝ այդ ծիծաղելի էլեկտրամեքենաների պատճառով»,- ասում է Դոնալդ Թրամփը:

Այդուհանդերձ, Միչիգանի ավտոմոբիլային ոլորտի աշխատակիցներին ներկայացնող հիմնական արհմիությունն իր աջակցությունն է հայտնել Բայդենին՝ Թրամփի փոխարեն:

«Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ունի Միչիգանի խոշոր կորպորացիաների աջակցությունը։ Նրանք են, որոնք, իրականում, զսպում են բանվոր դասակարգի վերելքը: Ուստի նա չի կարող ասել, թե Միչիգանում աջակցություն է վայելում։ Միչիգանում նա չունի աշխատող մարդկանց աջակցությունը։ Նա ունի 1%-ի [աջակցությունը]»,- ասում է արհմիության ներկայացուցիչ Փոլ Տորենտեն։

Սա, իրականում այն ուղերձն է, որ հնչեցնում է Բայդենը՝ արհմիությանը մաս կազմող ընտրողներին իր կողմը գրավելու համար, որոնք, ըստ NBC News-ի սոցհարցման, դեռ գերադասում են նրան Թրամփից, սակայն ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների միջև տարբերությունը նվազել է, քան 4 տարի առաջ էր:

«Ամերիկայի մասին Դոնալդ Թրամփի տեսլականը վրեժի և հատուցման մասին է: Պարտված նախկին նախագահ, ով աշխարհին նայում է [իր ամառանոցից]՝ Մար-ա-Լագոյից և խոնարհվում միլիարդատերերի առաջ, բայց վերևից է նայում ամերիկյան արհմիությունների անդամներին: Նա չի աջակցում [ձեզ], նա մեզ վերևից է նայում»,- ասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Միչիգանում Բայդենի կողմնակիցների թվում են նաև այն մարդիկ, ովքեր դեմ են Գազայում ընթացող ռազմական գործողություններին և Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան աջակցությանը:

Օմար Սուլեյմանը Դետրոյթի իսլամական կենտրոնի իմամն է:

«Կարծում եմ, [Բայդենը] միտումնավոր վարում է մի քաղաքականություն, որը ոչ միայն անմարդկային և զզվելի է բոլորի համար, ովքեր այլ բանի հույս ունեին, բայց նաև իր հետևանքները կունենա 2024 թվականի նոյեմբերին»- ասում է Սուլեյմանը:

Միչիգանի Ադամս Թաունշիփ բնակավայրի ընտրողներ մտահոգված են ներգաղթի հարցով, որը, նրանց կարծիքով, Բայդենի բացթողումն է։

«Տեսեք, թե որքան են [անօրինական միգրանտները]։ Վատ իմաստով չեմ ասում, բայց տեսեք, թե քանի հոգի են մտել [մեր երկիր], որոնց չգիտենք: Տեսեք, թե ինչքան վատ մարդիկ են մտել։ Թրամփի կառուցած] պատը կփակեր [նրանց ճանապարհը]»,- ասում է Միչիգանի բնակիչ Ռենդի Ջոնսոնը:

Թրամփն ընդգծում է՝ Միչիգանդի բնակիչները հոգնել են Բայդենից։

«Այս նոյեմբերին Միչիգան մեծ նահանգը խաբեբա Ջո Բայդենին կասի, որ դու հեռացված ես աշխատանքից, դուրս կորիր այդտեղից»,- ասում է Թրամփը:

Բայդենի խոսքով, արհմիություններն այն ուժն են, որ կօգնեն իրեն հաղթել:

«Դուք լավագույնն եք աշխարհում: Դուք իմ թիկունքին էիք 2020 թվականին և ձեր շնորհիվ եմ այստեղ կանգնած որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Ձեր շնորհիվ: Եվ սա է փաստը։ 2024 թվականին մենք նորից Դոնալդ Թրամփին պարտության կմատնենք»,- ասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Անցած շաբաթ Միչիգանի ընտրողների շրջանում անցկացված CBS News-ի սոցհարցման համաձայն, Ջո Բայդենը փոքր առավելություն ունի Դոնալդ Թրամփի նկատմամբ, իսկ Միչիգանդի բնակիչների գրեթե երկու երրորդի համոզմամբ, այս տարվա նախագահական ընտրություններն ավելի կարևոր են, քան չորս տարվա վաղեմությանը:

XS
SM
MD
LG