Մատչելի հղումներ

Պենտագոնի ղեկավարը անցկացնելու է Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի հանդիպումը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

Հանդիպումը տեղի կունենա Կիևին ամերիկյան աջակցության փաթեթի ընդունումից հետո։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուրբաթ առցանց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի հետ՝ Կիևին ամերիկյան լայնածավալ աջակցության փաթեթի ընդունումից հետո առաջին անգամ:

«Նոր եռանդով ենք ձեռնամուխ լինում կոնտակտային խմբի աշխատանքներին։ Հավանություն տալով այդ աջակցությանը՝ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր առաջատար դերը Ուկրաինային օգնելու հարցում։ Նաև հարգանք ենք տածում մեր դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ, ովքեր նույնպես քայլեր են ձեռնարկում ադ ուղղությամբ»,- ասել է Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան՝ մեկնաբանելով առաջիկա հանդիպումը:

Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը ներառում է մոտ 61 միլիարդ դոլար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից օրիանգիծը ստորագրելուց անմիջապես հետո Պենտագոնը հայտարարեց օգնության առաջին խմբաքանակի առաքման մասին:

Մոտ 1 միլիարդ դոլար կազմող այդ խմբաքանակի նպատակն է ամրապնդել ուկրաինական զինուժի կարողությունները և մարտի դաշտում նախաձեռնությունը փոխանցել Կիևին: Փաթեթում առկա են հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանու արկեր, զրահատեխնիկա և հակատանկային միջոցներ և այլն։

Այդ մեկ միլիարդանոց փաթեը կդառնա 56-րդը՝ 2021 թվականի օգոստոսից ի վեր, որը Պենտագոնի պահեստներից առաքվում է Ուկրաինա։

Անդրադառնալով կոնտակտային խմբի հանդիպմանը՝ Պենտագոնի պաշտոնյան հավելել է, որ ամերիկյան այդ փաթեթին զուգահեռ Ուկրաինա կառաքվի նաև այլ օգնություն՝ արևմտյան դաշնակիցների կողմից։

«Միասնաբար, կոնտակտային խմբի անդամները 2022 թվականի փետրվարից 89 միլիարդ դոլարի աջակցություն են ցուցաբերել անվտանգության ոլորտում: Նախորդ շաբաթներին տեսանք, որ դաշնակիցներն ու գործընկերները շարունակում էին կատարել իրենց պարտավորությունները։ Օրինակ, Չեխիան նախաձեռնեց երրորդ երկրներից հրետանու հարյուր հազարավոր արկեր գնելը: Գերմանիան որոշել է նվիրաբերել ևս մեկ Patriot՝ հակաօդային պաշտպանության համակարգ և այլ միջոցներ։ Մեծ Բրիտանիան հայտարարել է Կիևի համար նախատեսված ռազմական տեխնիկայի ամենամեծ փաթեթի առաքման մասին»,- ասել է Պենտագոնի պաշտոնյան։

Կարևոր է նշել նաև, որ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ անվտանգության ոլորտում համագործակցության երկարաժամկետ երկկողմ համաձայնագրեր են կնքել Ուկրաինայի հետ:

«Երբ պետքարտուղար Օսթինը առաջին անգամ կազմակերպեց կոնտակտային խմբի հանդիպումը, ասաց, որ այն արտահայտում է համախմբված աշխարհը։ Երկու տարի անց՝ պատկերը նույնն է»,- եզրափակել է Պենտագոնի ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG