ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում չեն բացառում, որ Միացյալ Նահանգներում կարող է իրականացվել ահաբեկչական խոշոր հարձակում՝ մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցածի նման:
Նման հայտարարությամբ է հանդես եկել բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների տան Հատկացումների հանձնաժողովում։
«Իրավապահ մարմիններում իմ կարիերայի ընթացքում չի եղել այսպիսի ժամանակ, երբ հանրային ու ազգային անվտանգությանը սպառնացող այսքան վտանգներ մեջտեղ գային միաժամանակ: Բայց հիմա՝ այդպես է»,- ասել է Ռեյը:
Հիշեցնենք, այս մարտի 22-ին Մոսկվայի մոտ գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 144 մարդ, ինչը նախորդ 20 տարիներին Ռուսաստանում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունն էր։
Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն - Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը։
Մերձավորարևելյան հակամարտության սրացման պատճառով՝ ԱՄՆ իրավապահ մարմինները վաղուց են անհանգստացած՝ երկրում ահաբեկչական գործողությունների հավանականության աճի կապակցությամբ: Ռուսաստանում տեղի ունեցածից հետո Հետաքննությունների դաշնային բյուրոյում մտահգությունը խորացել է՝ «ԱՄՆ-ում համակարգված հարձակման հնարավորության առնչությամբ՝ նման նրան, ինչին շաբաթներ առաջ ականատես եղանք ռուսաստանյան համերգասրահում»։
Քրիստոֆեր Ռեյի խոսքով, իր նպատակն է համոզել օրենսդիրներին երկարաձգել կասկածելի անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող ծրագիրը, որի գործունեության ժամկետը լրանում է այս ամիս:
Չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների տանը հանդես են եկել ծրագրի փոփոխությունների դեմ։ Որոշ օրենսդիրներ պնդում են, թե այս հարցում, իրականում, հարկավոր է սահմանափակել կառավարության լիազորությունները:
«Ծրագրի ընդլայնումը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Մենք գտնվում ենք կրիտիկական իրավիճակում»,- ընդգծել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը։