Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը «ցինիկություն» է անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որը պաշտոնական Կիևից պահանջում է ձերբակալել և Մոսկվային արտահանձնել նրանց, ովքեր մեղավոր են Ղրիմի կամրջի ռմբակոծության, Ռուսաստանի պետական լրատվամիջոցների աշխատակիցների ու զինվորականների դեմ մահափորձերի և Ռուսաստանի տարածքում «Ռուսական կամավորական կորպուսի» գործողությունների համար, այդ թվում՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։
Նշված ցանկը ռուսաստանցի դիվանագետները «հարստացրել» են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի պատասխանատվությունն, ինչպես հայտնի է, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Զուգահեռաբար՝ Մոսկվայում չեն մոռացել հղում կատարել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնվենցիային։
«Փորձելով դիմել միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիային, Ռուսաստանի արտգործնախարարությունը մոռանում է, որ Պուտինը պաշտոնապես գտնվում է միջազգային հետախուզման մեջ և նրան սպասում են Հաագայի դատարանում՝ ուկրաինացի երեխաների առևանգման համար։ Ահաբեկչության մասին հայտարարությունները հատկապես ցինիկ են հենց ահաբեկչական երկրի կողմից՝ [ուկրաինական ուժերի կողմից] Բուչայի ազատագրման տարեդարձի և այնտեղ ռուսների կողմից իրականացված վայրագությունների ֆոնին»,- ասված է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամլո հաղորդագրությունում։
«Reuters»-ը վկայակոչելով երեք աղբյուրներ, հաղորդում է, որ Իրանը նույնպես «Crocus City Hall»-ի սպանդից առաջ նախազգուշացրել էր Մոսկվային՝ հնարավոր ահաբեկչության մասին։
Հիշեցնենք, նման նախազգուշացում Կրեմլին փոխանցել էր նաև Միացյալ Նահանգները։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, թե ռուսական իշխանությունները փորձում են օգտագործել ահաբեկչությունը և 144 զոհերին ու տեղի ունեցածի մեղքը բարդել Կիևի վրա։
Փաստաբան և բլոգեր Մարկ Ֆեյգինի խոսքով, նման հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական կառույցից վերածվում է քարոզչական գործակալության։
«Ակնհայտ է, որ [Լավրովի գլխավորած գերատեսչության] հայտարարության նպատակներից մեկը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության համար «ուկրաինական հետքի» վարկածին աջակցելն է։ Կրեմլը փորձում է օգտագործել այս ահաբեկչական հարձակումը, որն իրականացվել է իսլամիստ մոլեռանդների կողմից: Մի խոսքով, [Ռուսաստանի արտգործնախարարության] հայտարարությունը բացահայտ քարոզչական բնույթ ունի։ Այն գործնական նշանակություն չունի։ Ոչ ոք չի կարծում, թե Կիևը կձերբակալի Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարին»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Ֆեյգինը։
Մեր զրուցակիցը «սյուրռեալիստական» է անվանել Լավրովի ղեկավարած կառույցի հայտարարությունը. «Ագրեսոր երկիրը պահանջ է ներկայացնում Ուկրաինայի դեմ, ինչն ակնհայտ ցինիզմ է։ Մոսկվան ժամանակ առ ժամանակ փորձում է ցույց տալ, որ դեռ միջազգային իրավունքի մասն է՝ ըստ երևույթին, իր խոքերն ուղղելով նախևառաջ ներքին լսարանին»:
Միաժամանակ, փաստաբանը չբացառեց, որ Կրեմլը փաստաթղթեր է պատրաստում ինչ-որ միջազգային ատյանի դիմելու համար․ «Բայց նման փորձն դատապարտված է ձախողման։ Այն հեռանկար չունի։ Բոլորը լավ գիտեն, թե ինչ երկիր է պուտինյան Ռուսաստանը՝ ահաբեկչական պետություն, որն ամեն օր հարձակումներ է գործում Ուկրաինայում քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, և օրեցօր աճում է զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների թիվը»,- եզրափակեց Մարկ Ֆեյգինը:
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նատալյա Պելևինան համոզված է՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը պարզապես հետևել է Կրեմլի ցուցումներին։
«Գործնական իմաստով այս հայտարարությունը անիմաստ է և այլ բացատրություն չունի քան այն, որ փորձ է արվում առաջ մղել սեփական PR գիծը՝ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։ Ռուսաստանի ղեկավարությանն ամենևին չի հուզում, որ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը։ Որպես հիմնական վարկած Մոսկվայում անմիջապես առաջ քաշեցին «ուկրաինական հետքը» և չեն պատրաստվում շեղվել ճանապարհից»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Պելևինան։
Գործչի համոզմամբ, ակնհայտ է Կրեմլի ցանկությունը՝ սլաքներն ամեն կերպ ուղղել Կիևի կողմ և այդ նպատակով օգտագործվում են բոլոր միջոցները։ Նատալյա Պելևինայի խոսքով, նպատակը ներքին լսարանի վրա ներազդելն է, իսկ ցավալին այն է, որ զգալի թվով ռուսաստանցիներ հակված են հավատալ պաշտոնական քարոզչությանը․ «Իհարկե, սա չափազանց ցինիկ է թվում, բայց դա [ռուսաստանյան] իշխանություններին չի անհանգստացնում։ Հիշեցնենք, նախագահ Պուտինը հետախուզվում է միջազգային քրեական դատարանի կողմից՝ ուկրաինացի երեխաներին առևանգելու համար։ Ուստի, երբ միջազգային հանցագործի գլխավորած երկիրը սկսում է խոսել միջազգային իրավունքի մասին, այն հատում է բոլոր սահմանները»,- եզրափակեց Նատալյա Պելևինան։