Չնայած լայնածավալ ապատեղեկատվական արշավին, Կրեմլը չկարողացավ ապացույցներ ներկայացնել անցած ուրբաթ Մոսկվայի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը Ուկրաինայի և Արևմուտքի մեղսակցության մասին։ Անգամ «Իսլամական պետության» կողմից պատասխանատվություն ստանձնելուց և տեղի ունեցածի տեսագրությունները հրապարակելուց հետո պուտինյան վարչակազմը շարունակում էր պնդել, թե սպանդի հետևում Կիևն ու Արևմուտքն են։
Մարտի 22-ին մերձմոսկովյան համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից շատ չանցած, ինչի հետևանքով ցայսօր զոհվել է առնվազն 144 մարդ, Ռուսաստանը լայնածավալ ապատեղեկատվական արշավ սկսեց՝ մեղադրելով Ուկրաինային և Արևմուտքին ողբերգության կազմակերպման մեջ:
Ապատեղեկատվության տարածման գործում ներգրավվեցին անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների ղեկավարներ, պետական լրատվամիջոցներն ու Կրեմլի վերահսկողության ներքո գտնվող տրոլների բանակը՝ առաջ մղելով անհիմն վարկածներ:
Ռուսաստանում որոշեցին ուշադրություն չդարձնել, որ «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը և նույնիսկ՝ հրապարակեց տեսագրություններ, որոնք ենթադրաբար նկարահանվել էին գորհայինների կողմից հարձակման ժամանակ և պատկերում էին, թե ինչպես են ահաբեկիչները կրակում մարդկանց վրա:
«Իսլամական պետության» հայտարարությունից հետո Կրեմլը միայն ընդլայնեց իր ապատեղեկատվական արշավը։
Պուտինին մոտ կանգնած Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը ներկայում երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն է, հենց ահաբեկչության օրը՝ երեկոյան կոչ արեց սպանել ուկրաինացի պաշտոնյաներին։
«Եթե պարզվի, որ դրանք կիևյան ռեժիմի ահաբեկիչներ են, նրանց բոլորին պետք է գտնել և անխնա ոչնչացնել՝ որպես ահաբեկիչների: Այդ թվում՝ նման ոճրագործություն իրականացրած պետության պաշտոնյաներին»,- «Telegram»-յան իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Այնուհետև, ռուսաստանյան «НТВ» հեռուստաալիքը, որը պատկանում է «Газпром»-ին, հեռարձակեց արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ տեսանյութ, ուր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն իբր ընդունում է Կիևի մեղսակցությունն ահաբեկչությանը:
«НТВ»-ի հաղորդավարը հայտարարեց․ «Կիևյան ռեժիմի մասնակցությունը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հրապարակայնորեն և հեռուստատեսությամբ հաստատել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Звезда» հեռուստաալիքը և բազմաթիվ այլ՝ ռուսաստանյան լրատվամիջոցներ վերահեռարձակեցին այդ տեսանյութը՝ կրկնելով Կրեմլի պնդումը, թե Ուկրաինան ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Ահաբեկչության հաջորդ օրը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու կասկածյալների ձերբակալության մասին։ Ռուսաստանյան անվտանգության մարմնի պնդմամբ, չորսը փորձել են մեքենայով հատել ռուս-ուկրաինական սահմանը և «կապեր ունեին» Ուկրաինայում։
Լատվիայում գործող ռուսական «Meduza» պարբերականը նույն օրը հայտնեց, թե Կրեմլը «հրահանգել է պետական և կառավարությանը հավատարիմ լրատվամիջոցներին ընդգծել «ուկրաինական հետքը» «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին հրապարակումներում»։
«Sputnik»-ն ու «RT»-ին ներառող պետական՝ «Россия сегодня» մեդիա-կառույցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նույն օրը ուղղակի մեղադրեց Ուկրաինային ահաբեկչության մեջ։ «Այո՛: Սա «Իսլամական պետության» ձեռքի գործը չէ։ Սրանք խախոլներ են»,- գրել է Սիմոնյանը՝ ուկրաինացիներին ծաղրող բառ օգտագործելով:
Շաբաթ երեկոյան՝ հարձակումից հետո առաջին անգամ ռուսաստանցիներին դիմեց Պուտինը՝ տեղեկացնելով, որ կասկածյալները ձերբակալվել են և որ նրանք շարժվում էին դեպի Ուկրաինա, ուր, ըստ Կրեմլի ղեկավարի, նրանց համար «պատուհան» էր պատրաստվել՝ Ռուսաստանի պետական սահմանը հատելու համար։
Պուտինին հետևեցին ռուսաստանցի այլ պաշտոնյաներ։
Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան այնպես էր խոսում «ուկրաինական հետքի» մասին կարծես այն ապացուցված է։ «Իհարկե, ուկրաինական հետք կա։ Այսօրվա բոլոր իրադարձությունները կապված են Ուկրաինայի հետ»,- «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է Չեպան։
Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, դարձյալ, նույն՝ շաբաթ օրը հայտարարեց, թե «Ուկրաինան ու նրա հովանավորները» Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությամբ «շահագրգռված կողմերն» են։
Ռուս ազգայնական Ալեքսանդր Դուգինը «մեղավորների» ցանկում ավելացրեց Իսրայելը։
«Ոչ մի վարկած չպետք է նախապես մերժվի: Օրինակ, [կարող է լինել] սիոնիստական վրեժխնդրություն՝ Գազայի հարցում ռուսաստանյան դիրքորոշման համար, և [կարող է լինել] «Մոսադի» հետքը, որն, ըստ էության, սերտ կապեր ունի «Իսլամական պետության» հետ»,- «Telegram»-յան ալիքում այս երկուշաբթի գրել էր Դուգինը։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախագահ և Պետդումայի կոմունիստական խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը տեղի ունեցածի համար մեղադրեց «անգլո-սաքսոններին, ՆԱՏՕ-ի անդամներին»։
Վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը՝ երկուշաբթի, Զյուգանովը հայտարարեց, որ մերձմոսկովյան սպանդի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան. «Ոչ մի «Իսլամական պետություն»... ։ Դա կատարյալ անհեթեթություն է։ Չնայած «Իսլամական պետությունը» և մնացած ամեն ինչը [ԱՄՆ] ԿՀՎ-ի և [բրիտանական] MI6-ի ստեղծածն են։ Այն, ինչ տեսանք այս անգամ, նրանց ձեռքի գործն էր»:
Երեքշաբթի իր խոսքն ասաց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Ուկրաինային մեղադրելով ահաբեկչության մեջ, թե «շատ բան [է վկայում այդ մասին]»։
Նույն երեքշաբթի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարեց, թե «Crocus City Hall»-ում ահաբեկչության կազմակերպիչները դեռ չեն հայտնաբերվել՝ հնչեցնելով, սակայն, նույն անհիմն մեղադրանքները, ինչ ռուսական հատուկ ծառայությունների մյուս ղեկավարները. ««Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն անհրաժեշտ էր արևմտյան հետախուզական ծառայություններին և Ուկրաինային, որպեսզի ցնցումներ առաջացնեն Ռուսաստանում և խուճապ սերմանեն ռուսաստանյան հասարակությունում»:
Ռուսաստանի իշխանությունները երեքշաբթի հայտարարեցին ահաբեկչական գործողության կազամկերպման ու իրականացման մեջ կասկածվող 11 հոգու ձերբակալության մասին։
Ձերբակալությունից կարճ ժամանակ անց ռուսաստանյան իշխանամետ «Telegram»-յան ալիքները սկսեցին տեսանյութեր և լուսանկարներ տարածել, թե ինչպես են ձերբակալվածներին խոշտանգում։ Տեսանյութերից մեկում պատկերված էր, թե ինչպես են ձերբակալվածի ականջի մի կտորը կտրում և մտցնում նրա բերանը։ Մեկ այլ տեսանյութում երևում էր, թե ինչպես են ձերբակալվածին հոսանքահարում։
Դատարանի դահլիճից արված լուսանկարներն ու տեսանյութերը պարզորոշ վկայում են, որ ձերբակալվածները խոշտանգումների են ենթարկվել․ բոլորի դեմքերին կապտուկներ էին ու ֆիզիկական բռնության այլ հետքեր։
Արձագանքելով Մոսկվայից հնչող մեղադրանքներին՝ Ուկրաինան հերքել է իր առնչությունը մերձմոսկովյան ահաբեկչությանը՝ իր հերթին Կրեմլին մեղադրելով նման կերպ սադրանք կազմակերպելու մեջ։
Տեղի ունեցածից մոտ երկու շաբաթ առաջ՝ մարտի 7-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր, թե առկա է վտանգ, որ «ծայրահեղական ծրագրեր կան՝ հարձակում գործել Մոսկվայում մարդկանց մեծաքանակ հավաքների, այդ թվում՝ համերգների ժամանակ»։
Ահաբկեչությունից երեք օր առաջ՝ մարտի 19-ին, Պուտինը, երկրի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար կազմի նիստում մերժեց լուրջ ընդունել ԱՄՆ նախազգուշացումը՝ այն անվանելով «բացահայտ շանտաժ և մեր հասարակությանը վախեցնելու ու ապակայունացնելու մտադրություն»:
Միացյալ Նահանգների պաշտոնյաների խոսքով, հարձակումից առաջ ամերիկյան կողմը ռուսական հետախուզությանը փոխանցել էր տեղեկատվություն, ըստ որի Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում գործող «Իսլամական պետության» մասնաճյուղը՝ «Իսլամական պետություն - Խորասանը» հարձակում է ծրագրում Մոսկվայում: