Մատչելի հղումներ

Փորձագետները «բացահայտ սուտ» են որակում մերձմոսկովյան ահաբեկչությունում «ուկրաինական հետքի» մասին Կրեմլի հայտարարությունները


Crocus City Hall
Crocus City Hall

Ահաբեկչության դեմ պայքարի գծով մասնագետները հայտարարում են, թե Կրեմլի նպատակն է Crocus City Hall համերգասրահում տեղի ուենցած ողբերգության պատասխանատվությունն անհիմն կերպով բարդել Ուկրաինայի ու Արևմուտքի վրա։

Հայտնի է, որ Մոսկվան տեղեկատվական գրոհ է նախաձեռնել Կիևի ուղղությամբ։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք միաձայն մեղադրում են Ուկրաինային՝ մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը մասնակից լինելու մեջ։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաջորդաբար խոսում էին այն մասին, որ հարձակման հետևում կանգնած են Կիևն ու Արևմուտքը։

Ընդ որում, պաշտոնյաների հայտարարություններում ակնհայտ անհամապատասխանություն և հակասություններ կային։ Մասնավորապես, Բորտնիկովի, Պատրուշևի և Վոլոդինի պնդումներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին փոխանցեց, թե «մինչ հետաքննության ավարտը [Ռուսաստանի] իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ հայտարարություններ անել Crocus City Hall-ում ահաբեկչական գործողության հետ որևէ մեկի, այդ թվում՝ Ուկրաինայի առնչության մասին»։

Էլ ավելի ուշագրավ էին Բորտնիկովի խոսքերը, ով մի կողմից հրապարակավ խոստովանեց, որ ԱՄՆ-ն Մոսկվային տեղեկացրել էր մարդկանց կուտակման վայրերում ահաբեկչական գործողությունների հնարավորության մասին, իսկ մյուս կողմից՝ մեղադրեց Միացյալ Նահանգներին, թե Վաշինգտոնը կարող է կանգնած լինել Crocus City Hall-ում մարդկանց վրա հարձակման հետևում։

Ընդգծենք՝ ռուսաստանցի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները իրենց խոսքերն ապացուցող որևէ փաստ չեն ներկայացրել՝ սոսկ աղոտ կերպով ակնարկելով, որ ահաբեկիչների հետ Ուկրաինայի կապի մասին «շատ բան է վկայում» (այդ մասին ասել է Պատրուշևը), կամ որ «մեր տրամադրության տակ եղած փաստերն են խոսում այդ մասին» (Բորտնիկովի խոսքերն են), և որ «Ուկրաինայի արյունալի ռեժիմը, Վաշինգտոնն ու Բրյուսելը» փորձում են «պառակտում ու թշնամանք սերմանել նաև ազգամիջյան հողի վրա» (սա էլ Վոլոդինի համոզմունքն է)։

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած մի քանի անանուն աղբյուրներ, հայտնել է, որ, իրականում, Ռուսաստանի իշխանությունները գրեթե չեն հավատում, որ հարձակման հետևում կանգնած է Ուկրաինան, սակայն բոլորին պարզ է, որ Պուտինը «մտադիր է օգտագործել ողբերգությունը՝ փորձելով ռուսներին համախմբել Ուկրաինայի դեմ պատերազմում»։

Իրոք, հենց Վլադիմիր Պուտինը սկիզբ դրեց Կիևին մեղադրող հայտարարություններին՝ մերձմոսկովյան ահաբեկչությունը բավականին խճճված կերպով կապելով Ուկրաինայի հետ։ Կրեմլի ղեկավարը որոշեց հերթական անգամ օգտագործել «կիևյան ռեժիմ», «նացիստներ» բառերը։

Հետևելով իր ղեկավարի օրինակին՝ նույն դիրքորոշումն է բռնել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ Մոսկվային անհրաժեշտ չէ արևմտյան, մասնավորապես՝ «Ինտերպոլի» օգնությունը ահաբեկչությունը հետաքննելու հարցում

«Այդպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտների դրսևորում է լինելու և, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի Արևմուտքի տեսանկյունից հարմար վարկածն առաջ մղելու, թե դա արել է «Իսլամական պետությունը», իսկ Ուկրաինան կապ չունի..., մեզ նման օգնություն հազիվ թե անհրաժեշտ լինի, ինքներս կլուծենք հարցը»,- մարտի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը։

«Մոսկվայում հասկանում են, որ իրենց լուրջ չեն ընդունում»

Ինչևէ, այս ամենի ֆոնին՝ ահաբեկչության հարցերով արևմտյան փորձագետների կարծիքով, Crocus City Hall-ում տեղի ունեցածը ռուսական հատուկ ծառայությունների լրջագույն ձախողումն է, որից նրանք ցանկանում են շեղել հանրության ուշադրությունը՝ ապատեղեկացնելով Ռուսաստանի քաղաքացիներին։

Militant Wire առցանց հարթակի համահիմնադիր Լուկաս Վեբերը, ում ուշադրության կենտրոնում աշխարհում զինված խմբերի գործունեությունն է, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է, որ որևէ հիմնավորում չկա, թե մերձմոսկովյան ահաբեկչության հետ առնչություն ունեն Ուկրաինան կամ արևմտյան որևէ երկիր։

«Հարձակումը Ուկրաինայի հետ կապելու փորձը՝ առանց ապացույցների, նշանակում է, որ ահաբեկչական գործողությունը պարզապես օգտագործվում է Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական գործողություններն արդարացնելու համար։ Կարծում եմ, որ [պուտինյան վարչակազմի] այդ ուղերձը ավելի շատ ուղղված է Ռուսաստանի բնակչությանը և Արևմուտքում Կրեմլի կողմնակիցներին՝ ծայրահեղ ձախերին, ծայրահեղ աջերին և այլն։ Կրեմլում, հավանաբար, հասկանում են, որ Արևմուտքում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդիկ, ինչպես նաև լրատվական հանրությունը նման բաների չեն հավատա»,- ասում է Վեբերը։

Ահաբեկչական գծով մեկ այլ հայտնի վերլուծաբան, Միդլբերի ինստիտուտի ահաբեկչության հարցերով կենտրոնի տնօրեն Ջեյսոն Բլազակիսը պարզապես վրդովված էր Մոսկվայի հայտարարություններից։

«Ռուսական ապատեղեկատվական արշավի նպատակն է համոզել ռուսաստանցիներին, որ իբր Ուկրաինան որևէ կերպ ներգրավված է մահաբեր այդ հարձակման մեջ։ Բացահայտ սուտ է։ Պուտինը և իր հատուկ ծառայությունները, ցավոք, շատ ապաշնորհ են, երբ խոսքը վերաբերում է ռուս ժողովրդի իրական պաշտպանությանը»,- ասաց նա «Ամերիկայի ձայնին»։

Բլազակիսը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը կոչ էր անում առաջին հերթին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում՝ բնավ չհիշատակելով զինված իսլամիստների վտանգի մասին։

«Կարծում եմ, Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմի ուղղությամբ ուշադրության կենտրոնացումը պատճառ հանդիսացավ, որ ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից սպրդի Ռուսաստանի համար իրական սպառնալիքը՝ «Իսլամական պետություն-Խորասանը», որը, ինչպես տեսանք, իրականացրեց այդ սարսափելի հարձակումը։ Քանի որ հատուկ ծառայությունները զբաղված են Պուտինի քաղաքական ցանկությունները կատարելով, Ուկրաինան գրավելու նրա ցանկությունը կյանքի կոչելով, գրեթե 150 անմեղ ռուսաստանցիներ զոհվեցին ահաբեկչական այդ կազմակերպության ձեռքով։ Ընդ որում, «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն ուղղակիորեն հարվածեց Պուտինի հեղինակությանը, թե որքանով է նա ունակ կառավարել և վերահսկել ռուսական պետությունը»,- ասում է Ջեյսոն Բլազակիսը։

«Ռուսներին բարձրաձայն և հստակ կերպով նախազգուշացնում էին»

Ջեյսոն Բլազակիսը ուշադրություն է հրավիրում, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն և հրապարակավ նախազգուշացրել է Ռուսաստանում սպասվող «անխուսափելի» ահաբեկչական հարձակումների մասին։

«Անկեղծ ասած, Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձախողումը պայմանավորված է նաև նրանով, որ երբ նրանք տեղեկություններ ստացան, մասնավորապես, Միացյալ Նահանգներից, Պուտինը անտեսեց այդ և նույնիսկ անվանեց «քաղաքական շանտաժ»։ Հայտնի է, որ անգամ իր հակառակորդների հետ ԱՄՆ-ն տեղեկություններ է կիսում այն հանցագործների մասին, որոնք փորձում են ահաբեկչական հարձակումներ իրականացնել»,- ասում է Բլազակիսը։

«Տեղեկություններ ենք տրամադրել նույնիսկ Իրանին։ Չնայած լուրջ քաղաքական տարաձայնություններին, Միացյալ Նահանգներում կարծում են, որ պարտավոր են նախազգուշացնել այլ կառավարությունների, երբ ահաբեկչական հարձակում է ծրագրվում։ «Իսլամական պետությունը» վաղուց էր ծրագրում գրոհել Ռուսաստանը, սակայն Մոսկվան անտեսեց բոլոր նախազգուշացումները»,-շարունակում է փորձագետը։

Իր հերթին՝ Լուկաս Վեբերը հիշեցնում է, որ «Իսլմական պետություն - Խորասանը» վերջերս սկսել էր ընդլայնել իր գործունեությունը, ինչը գրավել է մասնագետների ուշադրությունը։

«Այս հարձակումը անակնկալ չէ նրանց համար, ովքեր հետևում են զարգացումներին, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում ծավալվող և արագացող իրադարձությունները։ Դեկտեմբերից ի վեր Եվրոպայում «Իսլամական պետություն -Խորասանի» հետ կապված ահաբեկչության առնվազն երկու փորձ է եղել։ Դավադրություն է բացահայտվել նաև Ղրղզստանում, իսկ տաջիկական իրավապահ մարմինների ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «Իսլամական պետություն -Խորասանն» առնչություն է ունեցել երկրում ավտոմեքենայի պայթյունի հետ, որի թիրախը տեղի քաղաքական գործիչներից մեկն էր։ Բացի այդ, ըստ ամենայնի, խափանվել է Մոսկվայի մարզում՝ սինագոգի դեմ ահաբեկչական գործողության նրանց ծրագիրը։ Մինչ այս հարձակումը «Իսլամական պետություն - Խորասանը» ակտիվ գործունեություն էր ծավալում Թուրքիայում և այլ երկրներում։ Տեսնում ենք նրանց միջազգային հավակնությունների, մտադրությունների և արտերկրում գործողություններ իրականացնելու հնարավորությունների աճ՝ դատելով նրանց ծրագրերից, որոնք խափանվել են Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և այլուր»,- ասում է Վեբերը։

«Ռուսական վերնախավը փորձում է թաքցնել Պուտինի անձնական ձախողումը»

Militant Wire հարթակի համահիմնադրի կարծիքով, ակնհայտ է, որ «Իսլամական պետություն -Խորասանի» հարձակումը Կրեմլում շատերին նյարդայնացրել է։

«Այս հարձակումը շփոթեցրել է Կրեմլին և նրա համար ավելացրել խնդիրներ։ Մոսկվան առանց այդ էլ լիարժեք պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ և բախվելով բազմաթիվ խնդիրների։ Բացի այդ, ներկայում նրանց սահմաններին իսպառ բացակայում է անվտանգությունը՝ ուկրաինամետ կազմավորումների գրոհների արդյունքում․․․ այն, ինչ անում է «Ռուսական կամավորական կորպուսը»։ Սակայն Միացյալ Նահանգները նրանց շատ հստակ զգուշացրել էր՝ տրամադրելով մանրամասներ, ուր ասված էր մարդկանց զանգվածային կուտակման վայրերի մասին։ Մինչդեռ, ակնհայտ շփոթմունք ու նյարդային արձագանք ենք տեսնում ռուսաստանցի բարձրագույն պաշտոնյաների մոտ»,- ասում է Լուկաս Վեբերը։

Ջեյսոն Բլազակիսը նույնպես նկատել է վրդովմունք ու վախ ռուսաստանցի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարություններում, քանի որ Պուտինը պարզապես կարող է իր զայրույթը թափել նրանց վրա.

«Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նույնիսկ վերջերս խոսեց այն մասին, թե ԱՄՆ-ն ինչ-որ կերպ վերահսկում է «Իսլամական պետություն - Խորասանը» և այն օգտագործում է որպես զենք Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի տարածքում «Իսլամական պետության» հարձակման համար Միացյալ Նահանգներին և Ուկրաինային մեղադրող ապատեղեկատվական արշավը իրականացվում է այն պատճառով, որ նրանք չեն կարող ռուս ժողովրդին բացատրել, թե ով է այդ անփութության մեղավորը։ Իսկ Պուտինը չի կարող անփութություն ցուցաբերել, քանի որ այն կվկայի նրա թուլության մասին։ Սա է պատճառը, որ ռուսական վերնախավը լծվել է ստի տարածման արշավին՝ փորձելով թաքցնել անձամբ Պուտինի ձախողումը»,- ասում է Բլազակիսը։

XS
SM
MD
LG