Հիմնադրումից 75 տարի անց էլ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է հանդիսանալ եվրոպական անվտանգության ապահովման գործում ԱՄՆ ներգրավվածության ամենից ազդեցիկ հարթակը:
Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնադրված ՆԱՏՕ-ն ի սկզբանե բաղկացած էր Միացյալ Նահանգներից ու եվրոպական 11 երկրներից։ Դաշինքի անդամները պարտավորվեցին օգնել միմյանց, եթե որևէ մեկը հարձակման ենթարկվի:
«Այսօր աշխարհում մարդկանց ցանկությունն է ապրել ազատության և խաղաղության մեջ, որն ակնհայտ է և անբեկանելի»,- հայտարարել էր այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը:
Սակայն այսօր ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը տարբեր մոտեցումներ ունեն, թե ինչ դիրքորոշումներ պետք է որդեգրի Միացյալ Նահագները՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի, այդ ագրեսիային ՆԱՏՕ-ի արձագանքի և Եվրոպայի անվտանգության ապահովման գործում:
Իր նախագահության ժամանակ, Դոնալդ Թրամփը շարունակ ընդգծում էր, թե ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները բավականաչափ չեն վճարում ալյանսի բյուջե:
«Ամենաքիչն օգտվում է Միացյալ Նահանգները: Ամենից քիչն ենք շահում: Օգնում ենք Եվրոպային: Եվրոպան միավորվում է, և նրանք հանդես են գալիս ընդհանուր թշնամու դեմ: Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այն թշնամի է, բայց կան այլ հակառակորդներ»,- ասում էր Թրամփը։
Հինգ տարի անց՝ Հարավային Կարոլինայում անցկացվող նախընտրական հանրահավաքում Թրամփը հայտարարեց, թե ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ կոշտ դիրքորոշումն արդարացված է:
«ՆԱՏՕ-ն վատ վիճակում էր մինչ իմ հանդես գալը: Ասացի՝ բոլորը պետք է վճարեն: Ասացին՝ լավ, իսկ եթե չվճարենք, կրկին կպաշտպանե՞ք մեզ։ Ասացի՝ ո՛չ։ Չհավատացին լսածին, սակայն երբեք չեք տեսել, որ [ՆԱՏՕ-ի անդամ-երկրները] այսչափ շատ գումարներ տրամադրեն [պաշտպանության համար]»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց հետո, հայտնի է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվել է։ Դաշինքին միացել են Ֆինլադնիան ու Շվեդիան:
Բայդենի դիրքորոշումն այլ է․ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով, Ռուսաստանի ագրեսիային միասնաբար դիմակայելը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի կարևորությունը:
«Նախքան [ուկրաինական] պատերազմի բռնկումը ասացի Պուտինին, եթե ներխուժի Ուկրաինա, ՆԱՏՕ-ն ոչ միայն կուժեղանա, այլ ավելի միասնական կդառնա: Աշխարհի ժողովրդավարությունները ոտքի կկանգնեն, կհակազդեն նրա ագրեսիային ու կպաշտպանեն միջազգային իրավունքի վրա հիմնված կարգը: Դա հենց այն, ինչ այսօր տեսնում ենք»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփն կարևորում էր Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները։ Այս քարոզարշավի ժամանակ հանրապետականների թեկնածուն հիշատակեց ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մեկի ղեկավարին․ «Մեծ երկրի նախագահներից մեկը վեր կացավ և հարցրեց՝ եթե չվճարենք ու Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվենք, կպաշտպանե՞ք մեզ: Ասացի՝ չե՞ք վճարելու, խուսափու՞մ եք վճարելու։ Նա ասաց՝ այո, ընդունենք, որ այդպես է։ [Ասացի]՝ ո՛չ, չե՛մ պաշտպանի ձեզ»,- հայտարարել է Թրամփը:
Արձագանքելով՝ նախագահ Բայդենը ընդգծել է, թե եվրոպական անվտանգության նկատմամբ նման մոտեցումը վտանգավոր է Ամերիկայի համար․ «Նախկին նախագահը՝ [Դոնալդ Թրամփը], Պուտինին ասում է՝ արա, ինչ ուզում ես: [ԱՄՆ] նախկին նախագահն, իրականում, խոնարհվել է ռուս առաջնորդի առաջ: Կարծում եմ, սա զայրացուցիչ է: Վտանգավոր է և անընդունելի»,- հայտարարել է Բայդենը:
Սակայն ժամանակ անց՝ բրիտանական պահպանողական GB News հեռուստաալիքի հետ զրույցում Թրամփը հարկ համարեց նշել, թե կաջակցի ՆԱՏՕ-ին, եթե բոլոր անդամ-երկները դաշինքի բյուջե վճարեն իրենց բաժինները։ Պատասխանելով լրագրողի հարցին, եթե ՆԱՏՕ անդամները կատարեն իրենց պարտավորություններն, ինչպես կվարվի Վաշինգտոնը, Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն «հարյուր տոկոսով» կաջակցի ՆԱՏՕ-ին:
Նախագահ Ջո Բայդենի համոզմամբ, այսօր ՆԱՏՕ-ն անհամեմատ ավելի ուժեղ և միասնական է, քան երբևէ, և սա դարձել է նրա կարևոր դրույթներից մեկը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ արտաքին քաղաքական հարցեր արծարծելիս: