Մատչելի հղումներ

Նավալնիի մահվան համար պատասխանատու է Ռուսաստանի ղեկավարությունը և անձամբ Պուտինը. Եվրախորհրդարան


Եվրախորհրդարանի լիագումար նիստ Ստրասբուրգում, 2024 թվականի փետրվարի 28
Եվրախորհրդարանի լիագումար նիստ Ստրասբուրգում, 2024 թվականի փետրվարի 28

Եվրամիության խորհրդարանում 506 կողմ, 9 դեմ ձայներով ընդունված բանաձևում նշված է, որ Ռուսաստանի նախագահը «պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Հիշեցնենք, բանտարկված ռուսաստանցի ընդդիմադիրը մահացել էր այս փետրվարի 16-ին՝ դեռևս չպարզված հանգամանքներում, և ԵՄ առաջնորդները մեղադրում են Ռուսաստանի նախագահին։

«Ռուսաստանի կառավարությունը և անձամբ Վլադիմիր Պուտինը են կրում քրեական և քաղաքական պատասխանատվություն՝ իրենց ամենահայտնի հակառակորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար»,- ասված է բանաձևում, որն ընդունվել է 506 ձայնով։

Եվրախորհրդարանում պատգամավորների ընդհանուր թիվը 705-ն է։ Բանաձևին դեմ է քվեարկել 9 պատգամավոր։

Պուտինը «պետք է պատասխանատվության ենթարկվի»՝ նշված է փաստաթղթում։

Օրենսդիրները նաև կոչ են արել «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» անցկացնել Նավալնիի մահվան հանգամանքների վերաբերյալ։

Եվրախորհրդարանը ԵՄ անդամ 27 երկրներին կոչ է արել ուժեղացնել ռուսաստանցի քաղբանտարկյալներին և Ռուսաստանում ժողովրդավարական ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը։

Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այս ուրբաթ Մոսկվայի եկեղեցիներից մեկում, հուղարկավորությունը՝ քաղաքի Բորիսովյան գերեզմանատանը։

Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան, չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է, թե մտավախություն ունի, որ արարողությունը կարող է ստվերվել անկարգությունների և ձերբակալությունների պատճառով:

Հինգշաբթի Նավալնիի կողմնակիցները հայտնել են, որ անհայտ անձիք խափանել են նրա մարմինը հուղարկավորության տանելու համար դիակառք վարձելու փորձերը:

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը «X» սոցհարթակում գրել է, որ անհայտ անձինք հեռախոսով սպառնալիքներ են հնչեցրել նման ծառայություն մատուցողների հասցեին, ինչի հետևանքով ոչ ոք չի համաձայնել տեղափոխել Ալեքսեյի դին։

Նավալնիի ընդդիմադիրի գործընկեր Իվան Ժդանովն կարծիք է հայտնել, որ Ալեքսեյ Նավալնիի թիմը, ամեն դեպքում, լուծում կգտնի։

Հիշեցնենք, Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր 2021 թվականի հունվարին, երբ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել էր Ռուսաստան: Նույն թվականին նա արժանացել էր Եվրամիության կողմից շնորհվող Սախարովի անվան մարդու իրավունքների բարձրագույն պարգևին։

Ռուսաստանյան իշխանությունների ներկայացմամբ, Նավալնին մահացել է «բնական պատճառներով», երբ գաղութում զբոսնելուց հետո կորցրել է գիտակցությունը:

Նավալնիի ընտանիքը, նրա կողմնակիցները և արևմտյան պաշտոնյաները համաձայն չեն։

XS
SM
MD
LG