Ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ներխուժելով Ուկրաինա` Պուտինը կարծում էր, որ հեշտությամբ կարող է հպատակեցնել ազատ մարդկանց, սակայն նա ձախողել է։
«Ուկրաինան դեռ ազատ է, և Ուկրաինայի ժողովուրդը մնում է անսասան ու անկոտրում` Պուտինի ներխուժման դեմ: Սա` նրանց արիության, բայց նաև մեր շնորհիվ է։ Միացյալ Նահանգները ձևավորել է ավելի քան 50 երկրներից բաղկացած կոալիցիա՝ Ուկրաինային աջակցելու համար: Մենք միավորեցինք և ընդլայնեցինք ՆԱՏՕ-ն, և չենք կարող նահանջել»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ Նախագահի ներկայացմամբ, նոր փաթեթը պարունակում է ավելի քան 500 նոր կետեր, որոնք ներկայացնելու է Մեծ յոթնյակի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարներին։
Անդրադառնալով Ալեքսեյ Նավալնիի մահվանը` տեղի ունեցածի համար Ջո Բայդենը մեղադրել է Ռուսաստանի նախագահին։
Խոսելով Յուլիա Նավալնայայի և նրա դստեր հետ հանդիպման մասին` ԱՄՆ նախագահը չի թաքցրել իր հիացմունքը` Յուլիային կոչելով «խիզախ կին». «Նրանց վստահեցրել եմ, որ [Ալեքսեյի] ժառանգությունը կապրի, և Միացյալ Նահանգները կերաշխավորի, որ Պուտինը թանկ գին վճարի Ռուսաստանի ձեռնարկած ագրեսիայի և երկրում իր բռնաճնշումների համար»։
Ջո Բայդենը վերստին դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների տանը` հավանություն տալ Ուկրաինայի համար նախատեսված աջակցության փաթեթին, որի օգտին արդեն իսկ քվեարկել են Սենատում։