Մատչելի հղումներ

ԱՄՆ ներքաղաքական պայքարում Ռուսաստանը հայտնվել է կենտրոնական տեղում 


Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը
Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը՝ ամերիկյան ներքաղաքական քննարկումներում Կրեմլի հետ հարաբերությունների հարցը տեափոխել է կենտրոն։ Իրավիճակը լրացուցիչ ճնշում է ստեղծել ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների համար՝ Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու հարցում: 

Որքան մոտենում է այս տարվա նոյեմբերը՝ ԱՄՆ ներքաղաքական դաշտում սրվում է պայքարը, թեժանում են քննարկումները, և այս ամենի ֆոնին՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կասկածելի մահը՝ անազատության մեջ, սրություն է հաղորդել ԱՄՆ ներքին քաղաքականությանը՝ կարծես խորացնելով անջրպետը նախագահ Ջո Բայդենի և Սպիտակ տան համար պայքարում նրա գլխավոր մրցակից՝ Դոնալդ Թրամփի միջև:

Նավալնիի մահվան առնչությամբ Բայդենը չի վարանել մեղադրել Կրեմլին և սպառնալ կոշտ պատժամիջոցներով․ «Պատասխանատվությունը կրում է Պուտինը։ Անկախ նրանից՝ նա հրամայե՞լ է [այդ անել], թե՞ ոչ, նա՛ է պատասխանատու այն ամենի համար, ուր հայտնվել էր [Նավալնին]: Եվ սա ի ցույց է դնում Պուտինի ով լինելը: Սա չի կարելի հանդուրժել։ [Պուտինը] պետք է պատասխան տա»,- հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ ներքաղաքական պայքարում Ռուսաստանը հայտնվել է կենտրոնական տեղում
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Կրեմլը արձագանքել է, թե մեղադրանքը «անհիմն է»։ Միևնույն ժամանակ, ռուսական իշխանությունները մերժել են Նավալնիի մոր խնդրանքը՝ իրեն տրամադրել Ալեքսեյի դին։

Թրամփն ու Հանրապետական կուսակցությունն այլ դիրքորոշում են որդեգրել։ Սպիտակ տան նախկին ղեկավարը իրեն նմանեցրել է Նավալնիին՝ ներկայանալով որպես «քաղաքական հետապնդման զոհ»․ «Սարսափելի է, բայց այդ տեղի է ունենում նաև մեր երկրում: Շատ առումներով վերածվում ենք կոմունիստական երկրի։ Ես առաջատար թեկնածուն եմ, և չորս մեղադրանք է ներկայացվել իմ դեմ, իմ դեմ բացված է ութ կամ ինը դատավարություն՝ բոլորն այն պատճառով, որ քաղաքականության մեջ եմ»:

Դոնալդ Թրամփը խուսափել է նաև հստակ դիրքորոշում հայտնել ուկրաինական հարցում՝ սոսկ նշելով, որ եթե եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ, Պուտինը չէր ներխուժի Ուկրաինա:

Հիշեցնենք՝ ուկրաինական ռազմաճակատներում վերստին լարված է․ ռուսական զորքերի որոշակի առաջխաղացման ֆոնին՝ Սպիտակ տունը հիշեցրել է Կոնգրեսին՝ Կիևին անհապաղ աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։

Որոշ հանրապետականներ այլևս կողմ են արտահայտվում 95 միլիարդ դոլար պարունակող աջակցության փաթեթին, որի մեծ մասը Ուկրաինայի համար է։

Հանրապետական կոնգրեսական Բրայան Ֆիցպատրիկ․ «Եվրոպայի և Միացյալ Նահանգների դանդաղ արձագանքը, իհարկե, վնասում է Ուկրաինային: Չենք կարող սա հանդուրժել»:

Ջոն Հոփկինսի համալսարանի ավագ գիտաշխատող Փիթեր Պոմերանցևն ասում է․ «Այս պատերազմն Ամերիկայի մասին է՝ արդյո՞ք կշարունակի լինել մի տերություն, որը պահում է խոստումները, հարգում է իր դաշինքները և ի վիճակի է գործել: Թե՞ Ամերիկան ավարտել է իր կարիերան։ Խոսքն այլևս Ռուսաստանի, կամ Ուկրաինայի մասին չէ»:

Թեև Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին հարևաններ չես անվանի, սակայն ամերիկյան ընտրություններին մոտենալուն պես՝ երկու երկրների ազդեցությունները միմյանց վրա, կարծես, էապես աճում է։

XS
SM
MD
LG