Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ՝ քննարկելու Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը, որին դեմ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Դելավեեր նահանգից Սպիտակ տուն վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում նախագահը նշել է, որ հանրապետականները մեծ սխալ են թույլ տվել՝ դեմ արտահայտվելով Ուկրաինային տրամադրվող օգնությանը։
Հիշեցնենք, որ Ջոնսոնը պնդում է Բայդենի հետ հանդիպման անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ նա ասաց, որ անմիջական պլաններ չունի Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար 95 միլիարդ դոլարի միջազգային օգնության փաթեթը ներկայացնելու Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Սենատի կողմից ընդունված և Ներկայացուցիչների պալատի քննարկմանն ուղարկված օրինագիծը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին և 4,83 միլիարդ դոլար՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, այդ թվում՝ Թայվանին՝ ԱՄՆ գործընկերներին աջակցելու և ագրեսիան զսպելու համար։
Բացի այդ, ծրագիրը նախատեսում է 9,15 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի և աշխարհի այլ հակամարտությունների գոտիների խաղաղ բնակիչներին: