Դիտորդները չեն բացառում, որ «Համասի» ձեռքում գտնվող 132 իսրայելցի պատանդների ազատ արձակումը կարող է մոտեցնել Գազայում ռազմական գործողությունների ավարտը՝ շրջանը փաստացի թողնելով «Համասի» վորահսկողության ներքո։
Իսրայելի կառավարությունում, սակայն, կտրականապես դեմ են նման տարբերակին։
«Չենք ավարտել այս պատերազմը՝ առանց մեր բոլոր նպատակներին հասնելու, ինչը նշանակում է վերացնել «Համասը», վերադարձնել բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազան այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար: Դուրս չենք բերի Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից, և չենք ազատի հազարավոր ահաբեկիչների: Այս կետերից ոչ մեկը իրականություն չի դառնա։ Փոխարենը իրականություն կդառնա մեր հաղթանակը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ մեծանում է այն իսրայելցիների թիվը, որոնք գտնում են, թե պատանադներին ազատ արձակելու նպատակով՝ հարկ է գործարքի գնալ «Համասի» հետ:
«Կարծում ենք, անհրաժեշտ է փոխել կամ վերանայել ներկայիս ծրագիրը, և գործարքի օգնությամբ ազատել պատանդներին: Եթե վարչապետը որդի ունենար Գազայում, միգուցե, այլ կերպ մտածեր»,- ասում է իսրայելցի պատանդի հայր Ռուբի Հենը:
Զուգհեռաբար՝ նախազգուշացնում են Նեթանյահուի գլխավորած կառավարության աջակողմյան ուժերը, թե կլքեն կոալիցիան, եթե վարչապետը դադարեցնի ռազմական գործողությունները «Համասի» դեմ:
Իսրայելցի դիտորդների խոսքով, հրեական պետության ամենաերկար պաշտոնավարած վարչապետի՝ Նեթանյահուի համար իրավիճակը դյուրին չէ: Շատերը սպասում են, որ Իսրայելում նոր ընտրություններ կանցկացվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, կամ, անգամ, դրանցից առաջ, եթե հակամարտությունը երկարի:
«Նեթանյահուն լուրջ ճնշումների ներքո է՝ ընտրությունների անցկացման ժամանակը հստակեցնելու համար: Ինչպես գիտեք, Մերձավոր Արևելքում չկա ավելի մշտական բան, քան ժամանակավոր համաձայնություններն են՝ քաղաքական դաշտում, դիվանագիտության մեջ»,- ասում է Երուսաղեմի հանրային կապերի կենտրոնի ներկայացուցիչ Դեն Դիքերը:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների միայն 15% է ցանկանում, որ ռազմական գործողություններից հետո, Նեթանյահուն շարունակի պաշտոնավարել։ Այնինչ շատերի խոսքով, կորցրել են հավատը նրա գլխավորած կառավարության նկատմամբ՝ անվտանգության ապահովման գործում աղետաբեր ձախողումներից հետո:
«Հավանականությունը, որ Նեթանյահուն ինչ-որ կերպ կարող է հաղթանակ կորզել ընտրությունների արդյունքում, խիստ սահմանափակ է»,- նշում է Շալոմ Հարթմանի ինստիտուտի ներկայացուցիչ Ամոց Ասա-Էլը:
Իսրայելի ղեկավարը տակավին հրաժարվում է ընդունել, որ իր գլխավորած կառավարությունը ևս մեղքի բաժին ունի անցած տարվա հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածի առնչությամբ, այնինչ բազմաթիվ են իսրայելցիները, որ նախևառաջ հենց նրան են մեղադրում «Համասի» հարձակման համար: