Մատչելի հղումներ

Իսրայելը շարունակում է հարվածները Գազային՝ չնայած ռազմական գործողությունների «ինտենսիվ փուլի» հնարավոր ավարտի մասին հայտարարությանը


Իսրայելական բանակի ստորաբաժանումները Գազայում, հունվար, 2024թ.
Իսրայելական բանակի ստորաբաժանումները Գազայում, հունվար, 2024թ.

Իսրայելը երեքշաբթի հայտարարել է Գազայի հյուսիսային և հարավային հատվածներին հասցված նոր ավիահարվածների մասին։ Մեկ օր առաջ, սակայն, հրեական պետոթւյան պաշտպանության նախարարը տեղեկացրել էր, թե «Համասի» դեմ Իսրայելի ռազմական գործողությունների «ինտենսիվ փուլը» շուտով կավարտվի:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացմամբ, ավիահարվածները թիրախավորել են հյուսիսային՝ Շատի շրջանում ու հարավում՝ Խան Յունիսում տեղակայված զինյալներին։ Սպանվել են տասնյակ գրոհայիններ։ Այս ամենից զատ հայտնաբերել են հրթիռային մոտ 100 կայաններ:

Գիշերվա ընթացքում ավիահարված է հասցվել նաև Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերից մեկին, որը նախատեսված էր տանկային գրոհների դեմն առնելու համար։ Սա մտավախություն է առաջացրել, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել:

Այս ամենի ֆոնին՝ միջնորդական առաքելությամբ առանձնացող Կատարի վարչապետը Դավոսում հայտարարել, թե հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել «երկու պետությունների» տարբերակը՝ նկատի ունենալով իսրայելական ու պաղեստինյան պետությունների ստեղծումը ու գոյակցումը։ Կատարի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսել է նաև հակամարտության ընդլայնման վտանգից:

Շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի կարծիքով, Եմենում՝ հութիներին հասցվող հարվածները չեն լուծում խնդիրը, և հարկ է կենտրոնանալ Գազայում հակամարտության հիմնական պատճառի վերացման ուղղությամբ՝ ընդգծելով, թե այն ինչ կատարվում է այսօր, միայն նպաստում է լարվածության աճին:

Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում բացառեց կրակի դադարեցումը` նշելով, թե հրեական պետությունը չի կարող լիովին դադարեցնել ռազմական գործողությունները, քանզի այդ պարագայում «Համասը» չի համաձայնի ազատ արձակել մնացած պատանդներին:

Նախարարը շարունակել է, թե Գազայում իսրայելական ռազմուժի «ինտենսիվ մանևրների փուլը» շուտով կավարտվի՝ տեղեկացնելով նաև որ իսրայելական զինվորականները վերջերս ավարտել են ցամաքային ակտիվ գործողությունները պաղեստինյան հատվածի հյուսիսում:

Գալանտի այս խոսքերին նախորդել էր «Համասի» հայտարարությունը, թե իսրայելցի պատանդներից երկուսը մահացել են: Խմբավորումը երկուշաբթի տեսանյութ էր հրապարակել, ուր պատկերված էին երկու դիակներ՝ ենթադրաբար, իսրայելցի պատանդների: Կից հաղորդագրությամբ «Համասը» տեղեկացնում էր, որ պատանդները սպանվել են իսրայելցի զինվորականների կողմից:

Իսրայելի բանակի խոսնակ Դենիել Հագարին հերքել է խմբավորման պնդումները։

«Համասի» ենթակայության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության ներկայացմամբ, զոհված պաղեստինցիների թիվն անցել է 24 հազարը, վիրավորներինը՝ 60 հազարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի վերստին հանդես է եկել Գազայի հատվածում անհապաղ զինադադարի հաստատելու կոչով՝ ընդգծելով, թե այն անհրաժեշտություն է՝ պաղեստինցիներին օգնություն տրամադրելու, «Համասի» ձեռքում գտնվող պատանդների ազատ արձակմանը և ռազմական գործողությունների տարածումը Մերձավոր Արևելքում կանխելու համար:

Նոյեմբերի վերջին ձեռքբերված ժամանակավոր զինադադարի ընթացքում գրոհայիններն ազատ արձակեցին ավելի քան 100 պատանդի, Իսրայելը՝ 240 պաղեստինցի բանտարկյալների։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական խմբավորում:

Նյութի հիմքում «The Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի հրապարակումներն են

XS
SM
MD
LG