Մատչելի հղումներ

Բլինքենը հանդիպել է Իսրայելի առաջնորդներին՝ ընդգծելով, որ պաղեստինցիները պետք է կարողանան վերադառնալ իրենց տները


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում բանակցություններ է վարում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում բանակցություններ է վարում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Իսրայելը համաձայնել է թույլ տալ ՄԱԿ-ին՝ գնահատել իրավիճակը Գազայի հատվածի հյուսիսային մասում, որպեսզի հարավային շրջաններ տեղահանված պաղեստինցիները հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տներ։

Մինչ երեքշաբթի Իսրայելը շարունակում էր հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում բանակցություններ էր վարում հրեական պետության առաջնորդների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Բլինքենի խոսքով, պատերազմի պատճառով տեղահանված խաղաղ պաղեստինցիներին պետք է թույլ տրվի վերադառնալ հարազատ տներ:

«Քանի որ Գազայի հյուսիային հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների տեմպը նվազել է, և Իսրայելի պաշտպանության բանակը կրճատում է այնտեղ իր ուժերը, այսօր համաձայնության ենք եկել ՄԱԿ-ի կողմից գնահատող առաքելություն գործուղելու շուրջ: Այն կորոշի, թե ինչ պետք է արվի, որպեսզի տեղահանված պաղեստինցիները կարողանան վերադառնալ հյուսիս»։

Բլինքենի խոսքով, «Համասը» կարող է թակարդներ պատրաստած լինել Գազայի հյուսիսային հատվածում, և այդ առումով կան անվտանգության հետ կապված մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն, նախքան պաղեստինցիները կկարողանան ապահով կերպով տուն վերադառնալ:

Խան Յունիս տեղահանված պաղեստիցիները երեքշաբթի խնդրեցին Բլինքենին աջակցել իրենց՝ տուն վերադառնալու հարցում։

«Իմ խնդրանքն է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ մեզ տուն՝ հյուսիսային Գազա, վերադարձրեք։ Թեկուզ այնտեղ վրանում ապրենք․․․, ավելի լավ է, քան այստեղ: Քանի որ տառապում ենք։ Երեք ամիս է, ինչ այստեղ ենք: Ավելի լավ է վերադառնալ տուն»,- ասում է Էնաամ Իբրահիմ Հիջազին:

Բլինքենը փոխանցել է, թե իր մտահոգությունն է հայտնել իսրայելցի ղեկավարներին, թե Գազայում զոհվող խաղաղ բնակչության թիվը շարունակում է բարձր մնալ:

Հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները չի պարտադրում Իսրայելին գնալ հրադադարի, պետքարտուղարը արձագանքել է․

«Մեր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի: Բազմաթիվ մարդիկ են զոհվել, մյուսները՝ կրել տառապանքներ: Բայց կենսական է, որ Իսրայելը հասնի իր օրինական նպատակներին՝ երաշխավորել, որ հոկտեմբերի 7-ը չի կրկնվի»:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Խալեդ Էլգինդին կարծիք հայտնեց, թե Իսրայելի հայտարարած նպատակները չափազանց անորոշ են:

«Իսրայելն ամենևին էլ մոտ չէ իր նպատակին՝ այն պատճառով, որ չգիտենք, թե այն ինչ տեսք ունի: Իսկ «Համասը» դեռ հրթիռներ արձակելու կարողություն ունի, նրանք դեռ գետնի վրա պայքար են մղում։ Եվ [նման պայմաններում] ԱՄՆ վարչակազմի առջև հարց է ծագում՝ մարդկային կորուստները շատ մեծ չե՞ն»։

«Համասի» ղեկավարությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ավելի քան 23 հազար պաղեստինցի է սպանվել հոկտեմբերի 7-ից ի վեր։ Հիշեցնենք՝ այդ օրը «Համասը» գրոհեց հրեական պետությունը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1 200 մարդ:

ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG