Վրաստանի դատախազության տվյալներով՝ ընթացակարգն իրականացվել է Վրաստանի գլխավոր դատախազության և ԱՄՆ Պետդեպարտամենտի միջև ստորագրված հանձնման անհատական համաձայնագրի հիման վրա։
«Հանձնված անձը հետախուզվում էր ԱՄՆ իրավասու մարմինների կողմից՝ 2017-2021 թվականներին Տեխաս նահանգում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և ընտանիքի անդամի վրա հարձակվելու համար, 2020-2021 թվականներին նահանգում կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելո, ինչպես նաև Լուիզիանայում այլ հանցագործությունների համար»,- ասված է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ հունիսի 27-ին Միացյալ Նահանգները հետախուզում է հայտարարել Էմերոն Ստենդ-Հարթիի նկատմամբ, սակայն նա երկու ամիս առաջ լքել է ԱՄՆ-ը։ Հատկանշական է, որ Տեխաս նահանգում նրան մեղադրանք է առաջադրվել չորս մեղադրանքով, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ (մինչև 14 տարեկան) սեռական ոտնձգությունների և զենքի կիրառման մեջ։ Միևնույն ժամանակ Լուիզիանայում նրան ևս յոթ մեղադրանք է սպառնում կեղծ փաստաթղթեր տրամադրելու և գումար գողանալու համար։
Մինչ միջազգային հետախուզման մեջ հայտնվելը, ամերիկացին անցյալ տարվա ապրիլին ժամանել է Վրաստան և բնակություն հաստատել Թբիլիսիում վարձակալած բնակարանում։ 2023 թվականի նոյեմբերի սկզբին Թբիլիսիի մարզադահլիճներից մեկում մարզվելու ժամանակ նրան ձերբակալել էին վրացի իրավապահները։
Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը թույլատրելի է ճանաչել այս անձի արտահանձնումն ԱՄՆ։ Արդյունքում՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը, և հետախուզման մեջ գտնվող քաղաքացին արտաքսվել է ԱՄՆ։
«Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ՝ հետախուզման մեջ գտնվող անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Վրաստանի դատախազության հաղորդագրության մեջ։