Իսրայելի և «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ խորանում են հակասությունները Վաշինգտոնի ու Թել Ավիվի միջև՝ Գազայի ապագայի առնչությամբ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով, ռազմական գործողությունները կարող են շարունակվել մինչև 2025 թվական, իսկ դրանից հետո Պաղեստինի ինքնավարությունը և այնտեղ իշխող «Ֆաթհ» խմբավորումը չպետք է որևէ դերակատարություն ունենան Գազայում․ «Պաղեստինի ինքնավարության բարձրագույն ղեկավարությունը պարզապես հրաժարվում է դատապարտել [անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ տեղի ունեցած] հարձակումը։ Նրանցից ոմանք նույնիսկ բացահայտո գովաբանում են այն: Որպես Իսրայելի վարչապետ՝ թույլ չեմ տա, որ նրանք վերահսկեն Գազայի հատվածը»։
Այնինչ օվկիանոսից անդին՝ Վաշինգտոնում Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ բոլորովին այլ ծրագրեր են կապում:
Պաղեստինցի առաջնորդների խոսքով, ԱՄՆ-ն պետք է ճնշում բանեցնի Իսրայելի նկատմամբ՝ վերջ տալու ռազմական գործողություններին և հակամարտությանը լուծում գտնի երկու՝ հրեական ու պաղեստինյան պետությունների ստեղծման, գոյակցության սկզբունքի հիման վրա։
Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շտայեհը նշում է. «Մեզ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների աջակցությունը։ Վաշինգտոնը կարող է Իսրայելին ասել, որ դադարեցնի պատերազմը»։
Նախքան Գազայի հատվածում «Համասի» իշխանության գալը՝ 2005 թվականին Իսրայելն այնտեղ քանդեց 17 հրեական բնակավայրեր՝ վերջ տալով այդ տարածքում հրեական ներկայությանը: Պաղեստինցիները հույս ունեին, որ առաջին քայլն էր դեպի անկախ պետություն:
Երուսաղեմում գործող Հրեական ժողովրդական քաղաքականության ինստիտուտի կողմից անցկացված նոր հարցումը ցույց է տալիս, որ այսօր իսրայելցիների ընդամենը հինգ տոկոսն է պաշտպանում Գազայի վերաբերյալ ԱՄՆ գաղափարը։
Մեկ երրորդը ցանկանում է Գազայում տեսնել իսրայելալական մշտական վերահսկողություն, իսկ իսրայելցիների մեկ քառորդն անգամ ճիշտ է համարում այդ տարածքում հրեական բնակավայրերի վերականգնումը:
Վերջին տարբերակին ԱՄՆ-ն կտրականապես դեմ է։
«Այդ ուղղությամբ որևէ քայլ բացասական ազդեցություն կունենա Իսրայելի և Ամերիկայի հարաբերությունների վրա։ Անգամ վարչապետ [Նեթանյահուն] օրերս հայտարարեց, որ մտադիր չեն մնալ Գազայում»,- ասում է իսրայելցի պաշտոնաթող դիվանագետ Ջերեմի Իսախարոֆը։
Վերլուծաբանները, սակայն, դժվար են պատկերացնում, թե իսրայելցիներն ինչպես կգնան զիջումների՝ առանց անվտանգության երաշխիքների։
Հրեական ժողովրդական քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Շմուել Ռոսները նշում է․ «Իսրայելցիների համար, մեծ հաշվով, անվտանգությունը միակ բանն է, ինչի մասին մտածում են։ Բոլոր գաղափարները ապագա պաղեստինկյան պետության վերաբերյալ պետք է հետաձգել»։
Այս ամենի ֆոնին իրավիճակը պարզ չէ բուն Իսրայելում, քանի որ շատերի համոզմամբ՝ խաղաղության տանող որևէ դիվանագիտական գործընթաց կարող է նաև հանգեցնել Նեթանյահուի՝ ծայրահեղ աջ կոալիցիոն կառավարության փլուզմանը, կամ նույնը կարող է պատահել ռազմական գործողություններից հետո։ Իսրայելցիների մեծամասնությունը կողմ է նոր ընտրությունների անցկացմանը: