Մատչելի հղումներ

Ի՞նչ հետևանքներ կունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները Հարավային Կովկասում


Այս տարվա աշխարհի ուշադրությունն աստիճանաբար կենտրոնանալու է Միացյալ Նահանգների ուղղությամբ, ուր նոյեմբերին նախագահական ընտրություններ են։ Գաղտնիք չէ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ ընտրությունների արդյունքները միջազգային հարաբերությունների համար։ Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ։

Հարավային Կովկասում, հատկապես` անվտանգությանը վերաբերող հարցերում ԱՄՆ աննախադեպ ներգրավվածության, և հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին` Հայաստանի համար այլևս նոր նշանակություն են ստանում Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, որովհետև դրանց արդյունքը կարող է ուղղակի ազդեցություն թողնել Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության վրա` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանում գործող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

«Թե ինչպիսին պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ․․․ դա բախումն էր իզոլյացիոնիզմի և միջազգային հարցերում գլոբալ ներգրավվածության միջև, և, այո՛, եղել են ժամանակներ, երբ իզոլյացիոնիզմը հաղթել է, բայց հաղթել է ժամանակավորապես, հաղթել է տակտիկապես, որովհետև չի կարող Միացյալ Նահանգների նման պետությունը ներգրավված չլինել գլոբալ մասշտաբով, միջազգային գործերին»,- ասում է Մեհրաբյանը:

Հաշված ամիսներ են մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին, և գաղտնիք չէ, որ արտաքին ու անվտանգության քաղաքականությանը վերաբերող հարցերը տարակարծությունների գլխավոր պատճառներից են։ Անգամ ամերիկյան շատ փորձագետներ հավանական են համարում, որ անկախ ընտրությունների ելքից, անկախ այն հանգամանքից` արդյո՞ք Բայդենը կմնա Սպիտակ տանը, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հատկապես թեժ տարածաշրջաններում կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Նախորդ տարիներն աչքի ընկան ոչ միայն քաղաքական ուղղությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ, այլև կողմերը սկսեցին խոսել անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման մասին։

Դեռ անցած տարվա հուլիսին Վաշինգտոնում բարձրաստիճան հանդիպումներից հետո, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց, թե Հայաստանը ձգտում է ընդլայնել ԱՄՆ հետ համագործակցությունը անվտանգային ոլորտում։

«Բնականաբար, գոյություն ունեցող հարթակները օգտագործելով՝ մեր անվտանգային ոլորտում համագործակցության ընդլայնումը լավագույն տարբերակներից մեկն է, բայց մենք մտածում ենք նաև քննարկելու նոր տարբերակներ։ Այսինքն, ինչպես կարող ենք նոր համագործակցության դռներ բացել Միացյալ Նահանգների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցության համար»,- անցած տարվա հուլիսի 12-ին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նույն ամսում Վաշինգտոնում գտնվող Հայաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հանդիպեց ԱՄՆ իր գործերոջը` զինված ուժերի միավորված շտաբների պետերի ղելավար Մարկ Միլլիին։ Իսկ սեպտեմբերին Հայաստանում անցկացված հայ-ամերիկյան` «Արծիվ գործընկեր» զորավարժություններն արժանացան Կրեմլի սուր արձագանքին։

Հաշվի առնելով Երևանի հանրահայտ որոշումը` իր արտաքին ու անվտանգային քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի մասին, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ սկիզբ առած ռազմա-տեխնիկական համագործակցությունը` կարելի է ենթադրել, թե որքան լուրջ են տրամադրված Հայաստանի իշխանությունները
այս ուղղությամբ հարաբերություններ խորացնել ԱՄՆ հետ։

«Մենք պետք է շարժվենք հայ-ամերիկյան ներկա հարաբերությունների մակարդակը ավելի բարձրացնելու ճանապարհով, որը օգնելու է Հայաստանին ավելի արդյունավետ պաշտպանել մեր անվտանգային և ինքնիշխան շահերը»,- այս հունվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։

Աշխուժություն է նաև հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում։ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի թարմ տվալների համաձայն, 2023 թվականի հունվարի-նոյեմբերին` 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև առևտուրը զգալի` 61,1% աճ է ապրել և անցել 627 միլիոն դոլարը։ Ընդ որում, այս ցուցանիշով Միացյալ Նահանգները դարձել է Հայաստանի չորրորդ խոշորագույն գործընկեր-երկիրը` Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից հետո։

«Միացյալ Նահանգների ներգրավածությունը մեր տարածաշրջանում բերեց նրան, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առնվազն քաղաքական երկխոսության մակարդակի առումով ընդլայնվեցին, բայց այդ ամենը դեռ ինստիտուցիոնալիզացված չէ, կարծեք թե։ Բայց ոնց որ թե՝ բոլոր նախադրյալները ստեղծված են՝ դա ինստիտուցիոնալ դարձնելու համար»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Ռուբեն Մեհրաբյանը։

Ակնհայտ է, որ Երևանն ու Վաշինգտոնը ամրագրել են ընդհանրությունները թե՛ շահերում, թե՛ նպատակներում, թե՛ արժեքներում, սակայն այդ ընդհանարությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր՝ նաև երկկողմ համագործակցության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար, բայց, միաժամանակ, ակնհայտ է նաև, որ գործադրվող ջանքերը բավարար չեն՝ եզրափակեց վերլուծաբանը:

XS
SM
MD
LG