Մատչելի հղումներ

Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որով կճանաչեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հույս ունենք, որ նրանք կստորագրեն այդ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչող տևական խաղաղության համաձայնագիր՝ որքան շուտ, այնքան լավ», - ասել է Միլլերը։

Նա նշել է, որ կողմերը վերջին տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել այդ հարցում։

«Մենք նրանց խրախուսում ենք պահպանել այդ թափը՝ հիմնվելով նախկին բանակցությունների վրա, և համաձայնագիր կնքել», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցին՝ Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքը։

XS
SM
MD
LG