Մատչելի հղումներ

Հարյուր տարեկանում մահացել է Հենրի Քիսինջերը՝ հակասական և ազդեցիկ ամերիկացի դիվանագետը


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժպտում է մրցանակ ստանալուց հետո Պենտագոնում իր դիվանագիտական կարիերան հարգելու արարողության ժամանակ 2016 թվականի մայիսի 9-ին Վաշինգտոնում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ժպտում է մրցանակ ստանալուց հետո Պենտագոնում իր դիվանագիտական կարիերան հարգելու արարողության ժամանակ 2016 թվականի մայիսի 9-ին Վաշինգտոնում:

Հենրի Քիսինջերը՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականն ու պետքարտուղարը, ում գործունեությունն ու ազդեցությունը դուրս եկան իր երբեմնի ղեկավարի՝ Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնավարման ժամկետից, մահացել է 100 տարեկանում՝ Քոնեքթիքուտի իր տանը:

Հենրի Քիսինջերը ծնվել է 1923 թվականի մայիսի 27-ին Գերմանիայի Ֆուերտ քաղաքում։ Լինելով հրեա՝ նա ու ընտանիքը 1938 թվականին հեռացան նացիստական երկրից՝ տեղափոխվելով Միացյալ Նահանգներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան զինուժի կազմում էր, այնուհետև՝ սովորել է Հարվարդի համալսարանում։

1969 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնը Քիսինջերին նշանակեց Ազգային անվտանգության գծով խորհրդական: Հետագայում՝ Հենրի Քիսինջերը զբաղեցրեց պետքարտուղարի պաշտոնը՝ դառնալով առաջինը, ով երկու պաշտոններին էր միաժամանակ։

ԱՄՆ արտաքին քաղաքականությունում Քիսինջերին է պատկանում «realpolitik» մոտեցումը՝ գործողությունների հիմքում դնել գործնական կարևորությունը, ոչ թե՝ հարցի բարոյական կողմը:

«Նրա քննադատները պնդում են, որ դաժան էր ու կոպիտ: Ոմանք ասում են, և այդ մոտեցումը կարող է հիմնավորված լինել ամերիկյան ցանկացած առաջնորդի պարագայում, որ նրան պետք է վերաբերվել որպես ռազմական հանցագործի՝ Կամբոջայի, Լաոսի և 70-ականների սկզբին Բանգլադեշի նկատմամբ Վաշինգհտոնի վարած քաղաքականության համար: Բայց իրականությունն այն է, որ նա իր ազդեցությունը թողեց դիվանագիտության վրա այնպիսի ձևերով, որոնք արտասովոր էին»,- ասում է Ահարոն Դեյվիդ Միլերը, ով ներկայացնում էր Վաշինգտոնը հանրապետական և դեմոկրատ մի շարք վարչակազմերի, բայց ոչ Քիսինջերի օրոք:

Անգամ ԱՄՆ Կոնգրեսի համար Քիսինջերն այդպես էլ փակ պահեց ամերիկյան ուժերի կողմից Կամբոջայի և Լաոսի 1969 թվականի ռմբակոծությունները, որոնք թեժացրեցին Վիետնամի պատերազմը: Բայց նույնն Քիսինջերն էր, ով տասնյակ անգամ հանդիպեց Վիետնամի ներկայացուցիչ Լե Դուկ Տխոյի հետ՝ բանակցելու պատերազմի ավարտի շուրջ։ 1973 թվականին երկուսն էլ արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակին: Լե Դուկ Տխոն հրաժարվեց ընդունել այն:

Քիսինջերն էր, որ Սառը պատերազմի տարիներին հարթեց ամերիկա-չինական հարաբերությունները՝ 1972-ին կապ հաստատելով կոմնունիստական Պեկինի հետ, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնը այցելեց Չինաստան ու հանդիպեց նախագահ Մաո Ցզեդունին՝ ԱՄՆ նախագահների կողմից Պեկին կատարած առաջին այցն էր։

Սա համարվում է Քիսինջերի մեծագույն դիվանագիտական հաղթանակներից մեկը, սակայն Մասաչուսեթսի Լոուելի համալսարանի ներկայացուցիչ Ջարոդ Հեյսը այլ կարծիքի է․

«Նա փոխեց դիվանագիտության հայեցակարգը՝ իր մաքոքային դիվանագիտության միջոցով՝ այն դարձնելով հեղինակավոր, հետաքրքիր: Սակայն այն ամրապնդեց նրա անձնական վարկանիշը, որի արդյունքն ամենևին էլ չի ծառայել Միացյալ Նահանգներին ինչպես հարկն է»։

Հենրի Քիսինջերը վեր է մրցակցությունից՝ վստահ է պատմության պրոֆեսոր Մայքլ Քիմաժը՝ միաժամանակ կասկած հայտնեով, որ նրա «realpolitik»-ը գործում էր բացառապես շահերի վրա՝ անտեսելով ԱՄՆ դավանած արժեքները։

«Ինքն էլ էր քաջատեղյակ, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունում գերիշխում է ազատական ինտերնացիոնալիզմը, կամ վիլսոնիզմը՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով, ով ստեղծեց Ազգերի լիգան և կռվեց Առաջին համաշխարհային պատերազմում՝ «Աշխարհն անվտանգ դարձրեք ժողովրդավարության համար» նշանաբանով։ Սա է, իսկապես, ամերիկյան արտաքին քաղաքականությունում գերիշխողը, և Քիսինջերը, որոշակի իամստով, սրա հակառակորդն էր: Չեմ կարծում, թե նա հաղթանակած դուրս եկավ»։

Էլ ավելի սուր հակասությունների տեղիք տվեցին Քիսինջերի խոսքերը 2022 թվականին, թե Ուկրաինան պետք է պատրաստ լինի տարածքային զիջումների՝ Ռուսաստանի ագրեսիան վերջ տալու համար:

XS
SM
MD
LG