Մատչելի հղումներ

Սկոպյեում կայացել է Բլինքեն-Միրզոյան հանդիպումը 


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, 11/29/23, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, 11/29/23, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ

Բացի այդ, ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաև այլ երկրների ու կառույցների բարձարստիճան դիվանագետների հետ  

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, նոյեմբերի 29-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ըստ հայկական կողմի տեղեկության՝ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Ամերիկյան կողմը այս պահի դրությամբ հանդիպման մասին որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումներին։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ՝ հայտնի սկզբունքներին համապատասխան: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման հարցում արձանագրել էական առաջընթաց:

Արարատ Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ, բացի ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից, այս օրերին, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի, Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերի, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի, Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի, Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:

XS
SM
MD
LG