Երեքշաբթի Ուկրաինան հայտարարել է, որ երկրի արտգործնախարարը մտադիր է բոյկոտել Հյուսիսային Մակեդոնիայում այս շաբաթ կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, քանի որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր առաջին անգամ մասնակցելու է գագաթաժողովին:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ կմասնակցի հանդիպմանը, եթե Բուլղարիան բացի իր օդային տարածքն իր համար։ Նրա խոսքերով, որոշ արևմտյան երկրների ներկայացուցիչներ խնդրել են հանդիպել իր հետ։
Հիշեցնենք, որ Բուլղարիայի օդային տարածքը փակ է ռուսական ինքնաթիռների համար այն բանից հետո, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման։
«Ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը»,- Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։
ԵԱՀԿ 57 երկրների նախարարների հանդիպումը տեղի կունենա Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
Իր հայտարարության մեջ Նիկոլենկոն նշել է, որ Ռուսաստանը չարաշահել է կազմակերպությունում գործող կոնսենսուսի կանոնները՝ դիմելով շանտաժի և բացահայտ սպառնալիքների։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան արդեն 500 օր է ինչ կալանքի տակ է պահում ԵԱՀԿ ուկրաինացի երեք ներկայացուցիչների։
«Նման պայմաններում ռուսական պատվիրակության ներկայությունը նախարարների հանդիպմանը... Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր առաջին անգամ միայն կխորացնի այն ճգնաժամը, որի մեջ Ռուսաստանը մղել է ԵԱՀԿ-ին»,- ընդգծել է Նիկոլենկոն։