Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում սովի դեմ պայքարում 


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ելույթ է ունենում Սննդի անվտանգության գլոբալ գագաթնաժողովի բացման ժամանակ Լոնդոնում, Բրիտանիա, 2023 թվականի նոյեմբերի 20:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ելույթ է ունենում Սննդի անվտանգության գլոբալ գագաթնաժողովի բացման ժամանակ Լոնդոնում, Բրիտանիա, 2023 թվականի նոյեմբերի 20:

Պարենային անվտանգության տեսանկյունից Սոմալին, թերևս, ամենից խոցելի երկրների շարքում է։ Օրինակ, վերջերս այնտեղ շուրջ 113 հազար մարդ ստիպված լքել է հարազատ տները՝ հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով։ Մինչ այդ՝ մեկ տարի առաջ երկիրը բախվեց նախորդ 40 տարվա ընթացքում աննախադեպ երաշտի:

Սոմալիի նախագահը երկուշաբթի Լոնդոնում էր՝ սննդի անվտանգությանը վերաբերող համաշխարհային գագաթնաժողովին: Հյուրընկալ կողմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ընդգծեց, որ այս ուղղությամբ նորարարության խթանումը, ֆինանսների ու գործընկերների ներգրավումը՝ կարող է լուծումներ առաջարկել պարենային ճգնաժամին։

«Դիմացկուն բրնձի, ցորենի և այլ մշակաբույսերի վերաբերյալ հետազոտությունները կօգնեն միլիոնավոր մարդկանց ամենաաղքատ երկրներում»,- հայտարարել է Սունակը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի խոսքով, այսօր աշխարհում պարենային ճգանաժամի հիմնական պատճառներն են կլիմայի փոփոխությունը, հակամարտությունները, հատկապես՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, «Covid-19»-ի հետևանքները:

Արդյո՞ք իրատեսական է, որ տեխնոլոգիական առաջընթացը լուծումներ առաջարկի սովի դեմ պայքարում, Լոնդոնում գործող Արտասահմանյան երկրների զարգացման ինստիտուտի վերլուծաբան Սթիվ Ուիգինսը նշում է. «Աշխարհում սովի պատճառները աղքատությունն ու մարդկանց համար խոցելի իրավիճակներն են: Իհարկե, կան տեխնոլոգիական առաջընթացներ, որոնք փոքր-ինչ դյուրացնում են սովի դեմ պայքարը»:

Վերլուծաբանն օրինակ բերեց՝ Մալիում արևային էներգիայի կիրառումը ոռոգման համակարգում․ «Փաստորեն, դաշտեր ոռոգելը գնալով ավելի դյուրին է դառնում՝ առանց դիզվառելիքի վրա գումար ծախսելու»:

Քննադատները, սակայն, մատնանշում են՝ սովի դեմ պայքարելու գործում բացառապես տեխնոլոգիաների ուղղությամբ ջանքերի ներդրումը, կարող է անտեսել պարենային ճգնաժամերի գլխավոր պատճառների համար լուծումներ գտնելը։

Բրիտանական մեկ այլ հետազոտական կենտրոնի՝ Զարգացման հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Նիկ Նիսբեթը նշում է․ «Տեխնոլոգիական լուծումները հակված են կենտրոնանալ մատակարարման վրա՝ ստեղծել նոր լուծումներ հատկապես մատակարարման շղթաների համար և այլն: Բայց այն, ինչ իրականում պետք է անենք, սովի պատճառ հանդիսացող աղքատության դեմն առնելն է։ Ամենապարզ բանը, որ կարելի է անել, իրականում, մարդկանց սնունդ, կամ գումար տալն է, որ իրենք մթերք գնեն»:

Լոնդոնյան գագաթնաժողովն անցավ պաղեստինամետ ցուցարարների ակցիայի ներքո, որի մասնակիցները ցանկանում էին ուշադրություն հրավիրել Գազայի հատվածում խորացող մարդասիրական ճգնաժամի վրա: ՄԱԿ-ի ներկայացմամբ, պաղեստինյան այդ շրջանում սննդի և խմելու ջրի պաշարները սպառման եզրին են, քանի որ Իսրայելը շարունակում է սահմանափակել օգնության առաքումը Գազա։

XS
SM
MD
LG