Տասներեք տարի Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանում ուսուցիչ աշխատած Քրիստինե Օհանյանը դժվարանում է նկարագրել, թե ինչ է կատարվում իր հետ․ մի կողմից, սեպտեմբերյան ողբերգությունն է՝ Լեռնային Ղարաբաղը, հարազատ տունը, դպրոցը, աշակերտների ու գործընկերների հետ կապը կորցնելը, բայց մյուս կողմից չի թաքցնում՝ ուրախ է, որովհետև վերադարձել է հարազատ միջավայր՝ կրթական հաստատություն, և այժմ դասավանդում է Հրազդանի թիվ 2 դպրոցում։
«Ջերմ ընդունեցին՝ կոլեկտիվը․․․, բարեհամբյուր՝ բոլորը, և աջակցեցին, օգնության ձեռք մենեցին՝ ինչ գրականություն, որ պակաս էր։ Հարցրեցի՝ իրենց դրվածքը։ Մեր մասնախմբի նախագահը բոլորը բացատրեց, և, էսպես, օգնում են, երբ որ խնդիրներ են լինում։ Հաճելի է աշխատել։ Էսպես՝ կարոտած մտել եմ դասարան»,- ասում է Քրիստինե Օհանյանը:
Օհանյանի խոսքով, հայաստանյան կրթական համակարգում ինտեգրվելու առումով խնդիրներ առանձնապես չի ունցեել․ ըստ էության, նույն կրթական ծրագիրն է։ Փոքր-ինչ տարբերվում են երեխաները․ ասաց՝ կարծես, այստեղ ավելի ազատ են մտածում։
«Երբ եկել եմ աշխատանքի դիմելու՝ հարցրել եմ, ասել եմ՝ Ասկերանից կա՞ն․․․ շատ կարոտած․․․ թեկուզ և ոչ իմ դասարանից։ Կարդաց տնօրենը, ասաց՝ չէ, չկա։ Փաստորեն, չկար Ասկերանից։ Ասկերանի շրջանից կային, բայց մեր դպրոցից չկային աշակերտներ։ Տնօրենն ասաց [Լեռնային Ղարաբաղից] 80 աշակերտ եկել է»,- նշում է Քրիստինե Օհանյանը:
Այս սեպտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով՝ կառավարության տվյալներով Հայաստան տեղահանվեցին մոտ 100 հազար հայեր, որոնց թվում՝ 1 500 ուսուցիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 16 900 երեխաներն արդեն իսկ ուսանում են հայաստանյան հանրակրթական հաստատություններում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից տեղափոխված աշակերտների մասով կարող են ծագել խնդիրներ, որովհետև նախորդ մեկ տարում այնտեղ պատշաճ կրթական գործըթնաց չի անցկացվել՝ շրջափակման, շարունակական լարավածության պատճառով։ Եղել են սննդի ու հոգեբանական խնդիրներ, ինչի հետանքով երեխաները հետ են մնացել կրթական ծրագրից։
Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղում գործում էին Երևանի ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղն ու ռուսական դպրոցներ, և այդ կրթարանների սաներն իրենց ուսումը Հայաստանում շարունակելու համար պետք է ամեն օր գան Երևան, ինչը նույնպես խնդիր է նրանց համար։
«Հայաստանը ուսուցիչների կարիք ուներ․ արդեն նախարարությունը հրապարակեց, որ դպրոցներում կա շուրջ 1750 թափուր տեղ, որոնցից 1450-ը ուսուցիչների տեղեր են, և նաև 1500 ուսուցիչ էլ եկել է Հայաստան։ Այսինքն, այստեղ հնարավոր է անգամ բոլորին ապահովել աշխատանքով, բայց նորից նույն խնդիրն է լինելու՝ բնակության վայրի հետ կապված»,- Սերոբ Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև հիշեցրեց` 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այս տարի Հայաստանը ներդրել է նոր չափանիշներ, նոր դասագրքեր, որոնց Լեռնայից Ղարաբաղից եկած ուսուցիչները տեղյակ են ընդհանուր գծերով։ Ուստի, իրենց հետ պետք է հատուկ աշխատանք տանել։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ընդգծեց` Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների մասով նախարարությունը արագ կարգով արձագանքել է՝ ի մի են բերվել, թե Հայաստանի հանրակրթական հաստատություններում ազատ ինչ հաստիքներ կան, մտցվել է պարզեցված կարգ, որի միջոցով Հայաստան տեղափոխված ուսուցիչները կարող են տեղեկանալ թափուր աշխատատեղերի, աշխատավարձի մասին, դիմել՝ աշխատանքի ընդունվելու համար։
Սվաջյանի խոսքով, դիմել են 140-ը, արդեն իսկ աշխատանքի են անցել 90 ուսուցիչ։ Թե ինչու են թվերը այդքան փոքր, փոխնախարարը կարծիք հայտնեց, որ հնարավոր պատճառները մի քանիսն են՝ ծրագիրը չի գործում Երևանում, շատ ուսուցիչներ, շրջանցելով նախարարությունը, ուղղակի դիմել են հատկապես մայրաքաղաքային դպրոցներ՝ անցնելու աշխատանքի։
«Հիմա՝ էս պահին, կարծում եմ, շատ մարդիկ տեղաշարժման մեջ են, որովհետև իրենք հիմա պետության աջակցությամբ նաև որոշակի գումար են ստացել, որը նաև իրենց կօգնի ավելի հստակ կողմնորոշվել, թե որտեղ է իրենց հարմար կեցությունը հաստատելու համար։ Ենթադրում ենք, որ մարզեր տեղաշարժը էս փուլում կարող է շատանալ, որովհետև մարդիկ հաճախ որոշում են որտեղ ապրել՝է նաև հիմնվելով նրա վրա, թե որտեղ աշխատանք կա»,- նշում է Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարի խոսքով, Լեռնային Ղարաբաղից եկած ուսուցիչները աշխատավարձից զատ, կստանան 30% հավելավճար։ Բացի այդ, կառավարությունը նրանց կվճարի ևս 50 հազար դրամ, եթե դասավանդեն՝ սահմանամերձ՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի դպրոցներում։