Երեքշաբթի Սենատի դեմոկրատները արգելափակեցին հանրապետականների ջանքերը՝ Կոնգրեսի զույգ պալատների հավանությանն արժանացնել Իսրայելին անհապաղ օգնություն տրամադրող օրինագիծը:
Նախագիծն անցած շաբաթ ստացել էր Ներկայացուցիչների տան հավանությունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են։ Այդ նախագծում, սակայն, որևէ օգնություն նախատեսված չէ Ուկրաինային։
Հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալն մտահոգված է. «Ժամանակն էական նշանակություն ունի, և շատ կարևոր է, որ Սենատը գեթ մեկ օր չհետաձգի այս կարևոր օգնության տրամադրումը Իսրայելին»:
Դեմոկրատներն արձագանքում են՝ կարևոր է Իսրայելին, բայց նաև Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, շարունակել մարդասիրական օգնությունը աշխարհի տարբեր հատվածներում, ամրապնդել երկրի սահմանային անվտանգությունը, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակազդել Չինաստանին:
Այս ամենը ներառված է 106 միլիարդ դոլար արժողությամբ նախագծում, որը նախագահ Բայդենն անցած ամիս ուղարկել էր Կոնգրես՝ հաստատման:
Դեմոկրատները քննադատեցին հանրապետականներին, թե վերջիններս շահարկում են մերձավորարևելյան ճգնաժամը՝ Իսրայելին տրամադրվող աջակցությունը պայմանավորելով ԱՄՆ հարկային ծառայության ֆինանսավորման կրճատմամբ:
Հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների տան հաստատված օրինագիծը նախատեսում է Իսրայելին տրամադրել 14,3 միլիարդ դոլար աջակցություն՝ նույնչափ կրճատելով հարկային ծառայության բյուջեն։
Կնգրեսի ստորին պալատում հանրապետականները գլխավորապես կողմ քվեարկեցին փաստաթղթին, դեմոկրատները՝ դեմ։
Սպիտակ տունն արձագանքել է, թե նախագահ Բայդենը պատրաստվում է վետո կիրառել այդ օրինագծի նկատմամբ:
Սենատում հույս ունեն իրենց օրինագիծը ներկայացնել արդեն այս շաբաթ: